Փաշինյանը գնում է կտրուկ քայլերի․ ինչ վտանգ է նա զգացել. «Օրվա թեման» (Տեսանյութ)


Փաշինյանը գնում է կտրուկ քայլերի․ ինչ վտանգ է նա զգացել. «Օրվա թեման» (Տեսանյութ)

  • 25-05-2019 13:44:39   | Հայաստան  |  Օրվա թեման



 
Վերահաստատելով այն կարծիքը, որ Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց. «Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»:
 
Հայտարարվեց նաև վեթինգ իրականացնելու և անցումային արդարադատությունը կյանքի կոչելու անհրաժեշտության մասին: 
 
Անմիջապես հարց ծագեց՝ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այսքան հապճեպ՝ միևնույն ժամանակ այսքան ուշացած: 
 
Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ դատական համակարգը բարեփոխելու իշխանությունների քայլը ուշացած էր. 
 
«Ես չգիտեմ, թե ինչու նրանք դա չարեցին, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում փորձեց մեկնաբանություն տալ՝ ասելով, որ հույս է ունեցել, թե նրանք կինքնամաքրվեն, կարծում եմ դա բավականին միամիտ տեսակետ է: ՀՀ-ն երբեք չի ունեցել արդարադատություն, կարող է կան ազնիվ դատավորներ, բայց վերջին տարիներին մարդիկ դատավոր են դարձել ոչ թե իրենց մասնագիտական որականերից ելնելով, այլ իշխանությունների հետ ունեցած կապերի պատճառով: Այս կարգի դատավորները չէին էլ կարող ապահովել անկախ դատարանների գոյություն և ծառայել արդարադատությանը»: 
 
Վ. Հարությունյանի խոսքերով՝ Ռ. Քոչարյանի հետ կապված դատական գործընթացն առիթ հանդիսացավ, որպեսզի իշխանությունները հասկանան, որ այս ոլորտում այլևս հապաղելու ժամանակ և հնարավորություն չունեն:  
 
«Դատարաններն ու դատավորները կառուցված ու նշանակված են հին իշխանության կամքով, նրանց պատկերացումներով, նրանց ընտրած մարդիկ են: Եվ այդ մարդիկ այս մեկ տարվա ընթացքում փոխվելու որևէ փորձ չարեցին, այլև ցուցադրաբար շարունակում են ծառայել արդեն գոյություն չունեցող իշխանություններին, առանձին անհատների, ու դա երևում է նրանց կայացրած վճիռներից: 
Կարծում եմ, որ իշխանությունները վերջապես հասկացան, որ սա վտանգ է ոչ թե իրենց համար, այլ սա վտանգ է ՀՀ-ի գլխին կախված»,- նշեց նա: 
 
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ դատաիրավական համակարգում ավելի վաղ բարեփոխումների չգնալու միակ պատճառն այն էր, որ գործող իշխանությունները չունեին կոնկրետ մշակված հայեցակարգ. 
 
«Ձեռքը բռնել էր իշխանությունների չիմացությունը, որովհետև եթե դու հայտարարում ես դատաիրավական համակարգի բարեփոխում պետք է կատարես, առաջին հերթին դու պետք է իմանաս այդ հայեցակարգը որն է. Դատաիրավական բարեփոխումները դա միայն դատավորների փոփոխություն չէ, որովհետև մենք տեսնում ենք վարչապետի հայտնի ելույթում ինքը հիմնական շեշտը դրել էր դատավորների լյուստրացիայի, զտման գործընթացին, այսինքն՝ պողոսյան դատավորը գնում է, գալիս է պետրոսյանը, կմախքը մնում է նույնը, իսկ դա բարեփոխում չէ»,- նկատեց նա:
 
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ խնդիրը տեսնում է իշխանությունների համակարգային մտածելակերպ չունենալու մեջ.
 
«Ընդհանուր առմամբ ես կարծում եմ՝ ամենագլխավոր թերությունն այսօրվա մեր գործող իշխանության այն է, որ չկա համակարգային մոտեցում, կա ֆլեշմոբային մտածելակերպ, այսինքն՝ պրորեակտիվ վարքագիծ կա իշխանության մոտ: Երևի թե դա պայմանավորված է նրանով, որ շատ շատերը, ովքեր որ այսօր իշխանության կազմում են, գոնե մի մասը քաղակտիվիստների մոտ գործելակերպը հենց այդպիսին է, որտեղ սիստեմա չկա, կա խնդիր էս պահին լուծել, սա փակել, սրա դեմ պիկետ անել: Համակարգային մտածելակերպի բացակայությունը կա բոլոր ոլորտներում»:  
 
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ՝ շատ կարևոր է, որ իշխանությունը վերջապես սթափվեցին և այն կարեւոր քայլերը, որ պետք է մեկ տարի առաջ ձեռնարկեին, անմիջապես հեղափոխությունից հետո, այդ թվում դատական համակարգը և իրավապահ մարմինները մաքրելու գործընթացը, այլ ոչ թե օգտագործելու եղածը: 
 
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ընդգծեց, որ հեղափոխությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում արվել է այն, ինչ հնարավոր էր անել: 
 
«Քաղաքական իմաստով մենք տեսնում ենք, որ այս գործընթացում դատավորական կորպուսի կողմից հստակ քաղաքական դեմարշ կա այստեղ: Իհարկե, Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, որն այլ կերպ, քան լկտիություն հնարավոր չէ բնորոշել, խթան հանդիսացավ այս գործընթացների հետ կապված, այստեղ պատճառահետևանքային կապն ուղղակիրորեն տեսնելը կարծում եմ, նույնպես սխալ կլինի, որովհետև խնդիրն ըստ էության շատ ավելի խորքային է»: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Օրվա թեման