Ծափահարեք ձեր ուսուցիչներին.ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին


Ծափահարեք ձեր ուսուցիչներին.ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին

  • 24-05-2019 18:59:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի  Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական  ուղերձով.
 
  «Վստահ եմ, որ այս օրը շատերդ եք հիշելու, որովհետև  ավարտվում է ձեր կյանքի պատանեկության փուլը և սկսվում է մեկ այլ կարևոր փուլ: Ուզում եմ բոլորին հաջողություն  մաղթել և վստահություն հայտնել, որ դպրոցն ավարտելուց հետո կրթություն և նոր գիտելիքներ ստանալու ձեր ցանկությունը չի ավարտվի: Հատկապես արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ  աշխարհն ու տարածությունը փոքրացել են, ժամանակը` արագացել, կրթությունն ու գիտելիքն արագ հնանում են: Ուստի, դուք պետք է պատրաստակամ լինեք ձեր գիտելիքներն անընդհատ նորացնելու, վերափոխելու և վերափոխվելու»,- շրջանավարտներին ուղղված խոսքում ասել է ԿԳ նախարարը:
 
Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ դպրոցի ընտրությունը պատահական չէ. Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրենն անցյալ տարի ճանաչվել էր հանրապետության լավագույն տնօրեն,  ուստի,  հետաքրքիր էր տեսնել  աշակերտական և մանկավարժական թիմերին, որոնք աջակցել են նրան հասնել նման արդյունքի.
 
«Վստահաբար կարող եմ ասել, որ առանց հզոր թիմի որևէ հաջողության հասնել հնարավոր չէ: Ծափահարե՛ք ձեր ուսուցիչներին ձեր հաջողությունների համար, սիրելի շրջանավարտներ, որովհետև նրանք այդ կարևոր գործում իրենց մասնաբաժինն ունեն»,-  ընդգծել է նախարարը:
 
Բացի այդ՝ Արայիկ Հարությունյանը դպրոց էր եկել լավ լուրով.  վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Նախարարը հույս է հայտնել, որ շենքային պայմանների բարելավումից հետո կրթական ձեռքբերումներն ու արդյունքները կկրկնպատակվեն:   
 
Նշենք, որ Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցն ունի 280 աշակերտ, որոնցից 50-ը` շրջանավարտ: «Վերջին դաս» միջոցառման ժամանակ տնօրեն Գայանե Սաֆարյանը հանրապետական առարկայական օլիմպիադաներում և ուսումնական գործընթացում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտներին հանձնել է պատվոգրեր:
 
Շրջանավարտներին շնորհավորել է նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play