Միջքաղաքային տրանսպորտային երթուղում էլեկտրոնային տոմսային համակարգ կներդրվի. ՖՈՏՈՇԱՐՔ


Միջքաղաքային տրանսպորտային երթուղում էլեկտրոնային տոմսային համակարգ կներդրվի. ՖՈՏՈՇԱՐՔ

  • 25-05-2019 11:27:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայաստանում շուտով ներդրվելու է միջքաղաքայաին երթուղային միասնական նոր  համակարգ: Ե՞րբ կկարողանանք, ի վերջո, երթեւեկել նորմալ գործող, հարմարավետ տրանսպորտով եւ ինչպիսի՞ն կլինի միասնական երթուղային ցանցը: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում կազմակերպված հերթական մասնագիտական քննարկումը տրանսպորտային հիմնախնդիրներին էր վերաբերում:
 
Տարիներ շարունակ տրանսպորտը կարեւորագույն խնդիր է համարվել: Մասնագետները քննարկել են, վերլուծել տրանսպորտի թեման, քաղաքական գործիչները՝ ընդգրկել  նախընտրական ելույթներում, հնչել են առաջարկներ, գրվել ծրագրեր, բայց այսօր էլ շարունակում ենք երթեւեկել, մեղմ ասած, ոչ այնքան հարմարավետ պայմաններով: Մինչեւ ե՞րբ…
 
<<Այսօր սկզբունքային խնդիր է դրվել երկրում ստեղծել նոր, ժամանակակից լուծումներով երթուղային համակարգ: Հաշվի առնել նաեւ IT ընկերությունների առաջարկները: Նախկին համակարգից միասնական համակարգը կտարբերվի եւ թվայնացմամբ, եւ էլեկտրոնային տոմսերի ներդրմամբ: Այսօր մենք տեղեկատվության հավաքագրման փուլում ենք: Ուսումնասիրում ենք ուղեփոխադրահոսքը, տրանսպորտային միջոցները, որից հետո կլինեն մրցույթներ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները եւ սկսել երթուղիների սպասարկումը>>,- պատմում է Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը: 
 
Միջքաղաքային նոր տրանսպորտային համակարգը կհամապատասխանի միջազգային չափանիշներին: Կներդրվի տոմսերի  միասնական էլեկտրոնային համակարգ: Պարտադիր կլինի նաեւ տեղորոշման սարքերի առկայությունը՝ ՋՓՍ կամ այլ համակարգերի միջոցով հնարավոր  կլինի տեսնել, թե որ մեքենան ե՞րբ է շարժվում, որտեղի՞ց եւ ի՞նչ արագությամբ: Փոփոխություն կլինի նաեւ երթուղիների մեջ: Այսօր շատ համայնքներից ուղիղ գիծ կա դեպի մայրաքաղաք, որը նոր ցանցում կբացառվի: Երթուղիները կկառուցվեն հետեւյալ  սկզբունքով: Մարզի համայնքներից դեպի շրջկենտրոն կամ դեպի խոշոր քաղաք կգործեն փոքր տրանսպորտային միջոցներ, որտեղից էլ ավելի մեծ ու հարմարավետ տրանսպորտային միջոցով  կուղեւորվեն դեպի մայրաքաղաք:
 
<< Համակարգը  իր մեջ կներառի  նաեւ հնարավորություն պոտենցիալ ներդրողների համար, նրանք կարող են ներդրման մասին որոշակի հաշվարկներ անել: Նախատեսվում է, որ փոփոխություններ կարվեն նաեւ մրցույթային կարգում եւ կներկայացվեն կառավարության քննարկմանը>>,- նշում է Արման Կարապետյանը:
 
Երևան-Վանաձոր կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար Վահե Փայտյանը նկատում է՝ իրենք արդեն մեկ տարի է սպասում են այդ մրցույթին: Ուսումնասիրություններ են արել Լոռվա մարզի 107 գյուղում եւ ութ քաղաքներում: Ճշտել է չվացուցակները, տոմսի արժեքները, բնակչության տարբեր շերտերի թիվը, մեքենաների մոդելները, ճանապարհները  եւ այլն: 
<<Մենք էլ ենք եկել այն եզրահանգման, որ պետք է շրջակա գյուղերից ուղեփոխադրում իրականացվի դեպի շրջկենտրոն, այնուհետեւ ուրիշ փոխադրամիջոցով մարդիկ  հասնեն Երեւան:  Շեշտը պետք է դնել տարածքային զարգացման վրա: Օրինակ, Սպիտակ քաղաքը մեռյալ քաղաք է դարձել, հետաքրքրություն չկա այդ քաղաքում, գալիս կողքով անցնում, գնում են Վանաձոր: Մենք պատրաստ ենք ծրագիրը իրագործել, ավտոմեքենաները առնել, ներդրումը անել եւ սկսել գործը, բայց դեռ նախարարությունից  արձագանք չկա: Ունենք նաեւ Վանաձորի ավտոկայանի  բարելավման մասին ծրագրեր: Չվերթների, տոմսերի վերաբերյալ>>,- ասում է Վահե Փայտյանը:
 
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության անդամ Վարդգես Պապյանը հետաքրքրվում է՝ իսկ արդյո՞ք շրջակա համայնքներում ապրող մարդը  հնարավորություն կունենա չհասնել շրջկենտրոն, այլ էլեկտրոնային համակարգում նշել իր տեղը եւ ավտոբուս նստել իրեն հարմար կանգառից: Արման Կարապետյանը վստահեցնում է՝ բոլոր նրբությունները հաշվի են առնելու՝ ուսումնասիրվում են գծերը, որպեսզի, մայրաքաղաքին ավելի մոտ գտնվող գյուղերը միանգամից կապվեն մայրաքաղաքին: 
 
<<Տրանսպորտային նոր համակարգը ներդնելիս կարեւոր է հաշվի առնել նաեւ ավտոկայանների խնդիրը: Բոլոր երթուղիները պետք է սկիզբ առնեն ու ավարտվեն ավտոկայանում: Այնինչ այսօր տարբեր երթուղիներ սպասարկող մեքենաներ, տարբեր մարզեր գնացող երթուղայիններ տարբեր տեղերից են շարժվում>>,- նկատում է Կիլիկիա ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանը: 
 
<<Ավտոկայանները կառուցվել են շատ վաղուց եւ ոչ մի ստանդարտի չեն համապատասխանում: Շատ վատն է նաեւ դրանց գտնվելու տեղը: Հեռու են բոլոր կոմունիկացիաներից, մետրոյից եւ մարդիկ առաջին հերթին պետք է մտածեն՝ ինչպես հասնեն այդ ավտոկայաններ, որպեսզի այնտեղից էլ մեկնեն մարզ>>,- ավելացնում  է GG ընկերության ղեկավարը: Նրա կարծիքով այսօր առաջնային խնդիր է նաեւ  տրանսպորտային համակարգի թվայնացումը, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի  բիզնես պլան գրել: Արտաշես Թովմասյանը առաջարկում է նաեւ գյուղերից մարզկենտրոն տեղափոխելու հարցը վստահել մասնավոր ընկերություններին:
 
<<Գյուղերից մարզկենտրոն տեղափոխելու համար կարելի  փոքր լուծումներ գտնել, որոնք կարող են անել նաեւ մասնավոր ընկերությունները: Մենք դիմել ենք այդ հարցով կառավարությանը, առաջարկել ենք մի քանի գյուղ տրամադրել, որտեղ տրանսպորտի խնդիր կա եւ մենք պիլոտային ծրագիր իրականացնենք, բայց պատասխան այդպես էլ չենք ստացել>>,- նկատում է նա:
 
<<Այդ հարցերն էլ անտեսված չեն, նոր համակարգում նախատեսված է, որ բոլոր երթուղիները սկիզբ առնեն եւ ավարտվեն հատուկ կահավորված ավտոկայաններից: >>,- պատասխանում է Արման Կարապետյանն ու ավելացնում՝ չի բացառվում նաեւ, որ անհրաժեշտության դեպքում նոր ավտոկայան կկառուցվի:
 
<<Ծրագիրը կա, բայց կարեւորը արդյունքն է: Երբ, ի վերջո, ոչ միայն կլսենք, թե որքան լավը, որքան ժամանակակից ու հարմարավետ  է լինելու մեր տրանսպորտը, այլ կկարողանանք երթեւեկել նորմալ տրանսպորտով>>,- բոլորին հուզող հարցն է բարձրաձայնում նախաձեռնության ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:
 
<< Միասնական ցանցով միջքաղաքային տրանսպորտ ունենալու համար մեզ առնվազն մեկ տարի անհրաժեշտ կլինի: 2020 կունենանք հայտարարված մրցույթներ, որից հետո կսկսի գործել երթուղային միասնական համակարգը >>,- եզրափակում է տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանը:
 
Yerevaklur.am
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը