«Սա դեռ սկիզբն է».Թուրքագետը մեկնաբանում է Սամաթիայում հայ կնոջ դանակահարության դեպքը.Ermenihaber.am

03-06-2019 12:47:20   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։ 
 


Ermenihaber.am-ի հետ զրուցել է թուրքագետ Էլեն Քոքչյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը:
 
«Հարկ է նշել, որ նման դեպք Թուրքիայում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները վիճաբանության մեջ են հայտնվել ազգությամբ թուրքերի հետ, որի հետև
անքով սպանվել են:
 
Սակայն Արփինեի տան վրա կատարված հարձակումը մի փոքր այլ է և այն հիշեցնում է Թուրքիայում տեղի ունեցած 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ մոլեռանդ թուրք ազգայնական ամբոխի թիրախում հայտնվեցին ոչ մուսուլման փոքրամասնությունները` հույները, հայերը և հրեաները:
 
Պետք է նկատել, որ թուրք ազգայնականները ծրագրված հարձակումից առաջ մանրակրկտորեն պատրաստվում են: 
 
Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմից առաջ ազգայնականները Ստամբուլում և Իզմիրում հույների և հայերի տների վրա գրություններ են թողնում` նշելով ոչ մուսուման հույն, ոչ մուսուլման հայ, խաչեր պատկերում, որով կարողանան իրարից հեշտությամբ զատել քրիստոնյաների և մուսուլմանների տները: Ինքնին հասկանալի է, որ այդ գործողությունները թուրքական իշխանությունների կողմից պետք է «ինքնաբուխ» որակվեին: 
 
Երկու ամիս առաջ Արփինեի` Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող տան դռան վրա նույնպես «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել և ինչպես Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանն է փոխանցել, տան պատին նաև խաչ է գծված եղել:
 
Վերջին շրջանում Ստամբուլում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պատերին պարբերաբար հայտնվում են ազգայնական բնույթի վանդալիստական գրառումներ, երբեմն նաև գրաֆիտիներ:
 
Իսկ ինչ վերաբերում է «սա սկիզբն է» սպառնալից գրությանը, ապա չպետք է բացառել, որ Ստամբուլում բնակվող հայերի նկատմամբ
հարձակումները հնարավոր է նոր բնույթ ստանան: Ակներև է հատկապես այն փաստը, որ դեռևս նախորդ ամիս կրկին Հայաստանից մեկնած և Ստամբուլում բնակություն հաստատած մեկ այլ հայ ընտանիք թուրք կրոնամոլի թիրախում հայտնվեց: Խոսքը վերաբերում է թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ առանց ծնողների համաձայնության թուրք աստվածաբանի կողմից 13-ամյա հայ տղայի «կրոնափոխությանը»:  
 
Այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ թուրք ազգայնականների որդեգրած վարքագիծը «անհավատների»` քրիստոնյաների և մասնավորապես հայերի նկատմամբ շարունակում է պահպանել իր արդիականությունը: 
 
Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ թեև արդի շրջափուլում հասարակություներում հետզհետե փոխվում է գիտակցական մակարդակը, անջատողականությունն ու ռասիզմը քիչ-քիչ դուրս են մղվում և իրենց տեղը զիջում խաղաղամտությանը, այնուամենայնիվ, թուրք ազգայնամոլների համար շրջադարձային որևէ փոփոխություն չի գրանցվել: Նույն է, եթե այդ շերտին բնորոշենք հետևյալ ասացվածքով.
 
«Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արե՛ք, ոչխարը սարովն անցավ»:  
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1654 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար