Բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, որպեսզի բերանը բացելուց առաջ տասն անգամ մտածի. վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
06-06-2019 13:13:48 | Հայաստան | Հասարակություն
Բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված, որպեսզի բերանը բացելուց առաջ տասն անգամ մտածի:
Նման հայտարարությամբ հունիսի 6-ին կայացած կառավարության նիստի ընթացքում հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ հեղափոխությունից հետո որոշ ուժեր՝ այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ կապ ունեցողները, չկարողանալով իրենց քաղաքական գործունեության համար անհրաժեշտ դաշտ ստեղծել, սկսել են բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ իրականացնել:
Ն. Փաշինյանի խոսքերով՝ այդ նպատակով անգամ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ իրենք պատրաստվում են ՀՀ-ում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել:
«Եվ այս ասելիքը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում, և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այլն։ Այս ամենի համատեքստում ուզում եմ արձանագրել, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, ահա այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա: Այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին: Սկսած նրանից, որ Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ, ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել ու «ճռիկներ» անել, ավտոմեքենաները վարել մայթերով։ Սա ըստ էության՝ որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն և չկա իրավակարգ կամ իրավակարգը թույլ է»,- ընդգծեց վարչապետը:
Նրա համոզմամբ՝ ոստիկանությունը խնդրին չպետք է վերաբերի որպես երթևեկության կանոնների խախտում, քանի որ վարչապետի գնահատմամբ՝ դրանք հանրության, օրինականության, պետական կարգի նկատմամբ բացահայտ արհամարանքի դրսևորումներ են, ուստի միայն ճանապարհային ոստիկանությունը չեպտք է զբաղվի այդ դեպքերով:
Ն. Փաշինյանը ոստիկանապետին հանձնարարեց ոչ միայն տեղորոշել ու լուծել սևազգեստ խմբերի սև շորերի հարցը, այլև ձևավորել հատուկ խումբ, որը սովորականից տասն անգամ արագ կարձագանքի նշյալ խնդրի հետ կապված քաղաքացիների ահազանգերին և համապատասխան միջոցներ կձեռնարկի: