Հրաժարականների շքերթը կշարունակվի. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր


Հրաժարականների շքերթը կշարունակվի. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

  • 08-06-2019 15:33:53   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի  զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը
 
Տիկին Տիգրանյան, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական է տվել, սակայն նրա հայտարարությունում հրաժարականի պատճառների մասին խոսք չկա։ Կարելի՞ է ասել, որ սա պայմանավորված է այն ընդհանուր տրամաբանությամբ, որ «Իմ քայլը» խմբակցությունում կար դժգոհություն նաև արդարադատության նախարարից ու նախարարությունից՝ դատական համակարգում բարեփոխումների ուշացման համար։
 
Չեմ կարող մեկնաբանել, թե ինչ հիմքով է հրաժարական տվել, որովհետև ծանոթ չեմ հանգամանքներին։ Մեր խմբակցությունում նախարարի հրաժարականի հարց չի բարձրացվել, ընդամենը քննարկվել է, որ նախարարությունն ավելի պրոակտիվ պետք է լինի։ Ակնկալել ենք, որ ոչ թե իրադարձություններին արձագանքող լինի, այլ նախաձեռնող։ Ակնկալել ենք, որ արդարադատության նախարարությունն իր աշխատանքն ավելի տեսանելի դարձնի։ Պատգամավորներիս և նաև շատերի համար նախարարության աշխատանքը կոնկրետ անցումային արդարադատության հետ կապված և նաև դատաիրավական բարեփոխումների առումով տեսանելի չեն եղել, մենք ընդամենը պահանջ ենք դրել ավելի տեսանելի դարձնել այդ ուղղությամբ կատարված աշխատանքները։ Մենք մեր խմբակցությունում հնչեցրել ենք մտահոգություններն այն մասին, որ եթե անգամ կա կատարված աշխատանք, մենք դրա մասին տեղեկացված չենք։ Մեր դժգոհությունը եկել է նրանից, որ տեղյակ չենք եղել, թե ինչ աշխատանքներ են կատարվել։
 
Այս հրաժարականի հետ կապված եղե՞լ է որոշակի ճնշում, թե ոչ։ Ոչ միայն ուղղակի հրաժարականի պարտադրանք, այլ ընդհանուր տրամադրություններից և տրամաբանությունից ելնելով հրաժարական։
 
Ես բացառում եմ որևէ ճնշում, դա կլինի խոսքով, հոգեբանորեն կամ որևէ այլ ձևով։ Չեմ կարծում, որ քննադատությունից այդքան ազդված լիներ, որովհետև քննադատությունը գործադիրի աշխատանքի հետ կապված տարբեր ոլորտների վերաբերյալ հնչեցվել է։ Այսինքն՝ դա միակ ոլորտը չէ, որի աշխատանքից մենք ունենք դժգոհություններ։ Գուցե ուղղակի վերագնահատել է, գուցե դա իր աշխատանքի նկատմամբ ինքնաքննադատական մոտեցումն է եղել։ Ես չեմ կարծում, որ մենք այդ ոլորտն ավելի ենք քննադատել, ոլորտի խնդիրները վեր հանել, քան մյուս ոլորտներում։
 
Կարո՞ղ ենք ասել, որ նախարարը չարդարացրեց իրեն։
 
Ես չէ, որ պետք է գնահատեմ նախարարի աշխատանքը որպես անհատ պատգամավոր։ Բայց ԱԺ-ի ընդհանուր վերահսկողական գործառույթի մեջ կարող եմ ասել, որ ցանկացած նախարարից ակնկալիքներն ավելի արմատական ու ավելի հեղափոխական են։ Ես շատ գնահատում եմ պարոն Զեյնալյանի աշխատանքը որպես իրավաբան, մենք միասին աշխատել ենք որպես իրավապաշտպաններ, բայց կարծում եմ, որ թեև նախարարի պաշտոնում, բնականաբար, չես դրսևորի այն քաջությունը և համարձակությունը, որ ունես որպես իրավապաշտպան, խոսքիդ ու գործողություններից մեջ շատ ավելի զուսպ ես, բայց դա չի վերաբերում բարեփոխումներ անելուն։
 
Նույն օրը հրաժարական տվեց նաև ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը։ Սա դատաիրավական բարեփոխումների տրամաբանությունից բխող քա՞յլ եք դիտարկում։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ ԲԴԽ-ն կազմալուծվում է։
 
ԲԴԽ-ն չի կազմալուծվում, ԲԴԽ-ն ինքնամաքրվում է, ինքնակազմակերպվում է, գնահատում է ինքն իրեն։ Ես որևէ արտառոց բան չեմ տեսնում որևէ հրաժարականի մեջ։ Ընդհանրապես նորմալ եմ վերաբերվում հրաժարականներին։ Ցանկացած պահի, եթե մեկն զգում է, որ իր հետագա պաշտոնավարումն անհնար է, որովհետև իր պատկերացումները չեն համապատասխանում պահանջներին, որոնք դրված են այդ մարմնի առջև, նա պետք է շատ անցավ, անցնցում հրաժեշտ տա։ Այդ պաշտոններին կառչած լինելն է, որ սովոր ենք դարերով այդ պաշտոններում տեսնել նույն մարդկանց, և հիմա, երբ մեկը հրաժարական է տալիս, մենք կարծում ենք՝ աշխարհի վերջն է։ Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, կարծում եմ՝ հրաժարականների շքերթը կշարունակվի։ Թող այն շարունակվի, և որևէ ցնցում, արտառոց էքսցեսներ թող չփնտրեն դրա մեջ։ Շատ նորմալ եմ համարում նաև Գևորգ Դանիելյանի հրաժարականը։
 
 
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ