Իշխանությունները պետք է սկսեն աշխատել միաժամանակ տարբեր ճակատներում. Բորիս Նավասարդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Իշխանությունները պետք է սկսեն աշխատել միաժամանակ տարբեր ճակատներում. Բորիս Նավասարդյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 10-06-2019 14:44:30   | Հայաստան  |  Քաղաքական



 
«Իշխանությունները պետք է սկսեն աշխատել միաժամանակ տարբեր ճակատներում»,- համոզված է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: 
 
Ըստ նրա՝ իշխանություններն ամեն ինչի համար են պատասխանատու, հետևաբար պետք է ոչ միայն արձագանքեն այդ պահին եղած մարտահրավերներին, այլև գործնական քայլեր ձեռնարկեն տարբեր ոլորտներում առաջընթաց ունենալու համար, ինչն էլ կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ: 
 
Բ. Նավասարդյանի կարծիքով՝ Հայաստանում բռնության մթնոլորտի և բռնության քարոզչության վերացման ուղղությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ուժային կառույցներին տված հանձնարարականը համարժեք պատասխան չէր, այլ նախկինների կողմից առաջադրված խաղի կանոնների ընդունում, ինչը մտահոգիչ է: 
 
«Ես կարծում եմ՝ այն անհանգստությունները, որ կան հասարակության մեջ կապված այդ բռնության կոչերի, սպառնալիքների հետ երկրորդական խնդիր են: Հիմնական խնդիրը, որի հետ այսօր առնչվում է Հայաստանը և Հայաստանի հասարակությունը, դա քաղաքական բևեռացումն է և քաղաքական սուր պայքարը, որը հստակ նպատակներ ունի ցանկացած կողմից»,- նկատեց Երևանի մամուլի ակումբի նախագահը: 
 
Վերջինիս խոսքերով՝ այսօր ամենակարևորը հետհեղափոխական երրորդ փուլ անցնելն է, որը ենթադրում է իշխանությունների կողմից զարգացման հստակ ծրագրերի և բարեփոխումների իրականացում: 
 
«Եթե հասարակությունը տեսնի, որ մեզ մոտ շատ հստակ քայլեր են արվում դեպի տարբեր հարցերի լուծում և այդ քայլերն ունեն նաև պրակտիկ հետևանքներ, ինձ թվում է՝ այդ քաղաքական պայքարի սրությունը կնվազի կամ մեծ ազդեցություն չի ունենա հասարակության վրա»,- ընդգծեց Բ. Նավասարդյանը:  
 
Նրա դիտարկմամբ՝ չնայած որ Արցախի անվտանգության հարցում կան կարմիր գծեր, որոնք ոչ հասարակությունը, ոչ էլ որևէ իշխանություն երբեք չի փորձի անցնել, այնուամենայնիվ, ներքաղաքական հակադրություններն ու զարգացումները թուլացնում են բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական