Դուք ՀՀ-ում հայտնվել եք ճիշտ ժամանակին. Վարչապետը՝ իտալացի գործարարներին


Դուք ՀՀ-ում հայտնվել եք ճիշտ ժամանակին. Վարչապետը՝ իտալացի գործարարներին

  • 10-06-2019 15:56:07   | Հայաստան  |  Քաղաքական

 
«Դուք ՀՀ-ում հայտնվել եք ճիշտ ժամանակին»,- հունիսի 10-ին դիմելով Հայաստան ժամանած իտալացի գործարարներին՝ նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունն ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորությունները իտալացի ներդրողների ստեղծարար հնարավորությունների իրացման համար: 
 
Վարչապետի բնորոշմամբ՝ Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու համար հետաքրքիր և յուրօրինակ պայմաններ են ստեղծվել, իսկ հայ-իտալական տնտեսական կապերն ավանդական են և գնալով ամրապնդվում են: 
 
Անդրադառնալով Հայաստանի ներդրումային գրավչությանը՝ Ն. Փաշինյանը մի քանի շեշտադրումներ կատարեց. 
 
«Նախորդ մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվել է քաղաքական առումով արմատախիլ անել կոռուպցիան, համակարգային կոռուպցիան, վերացնել մենաշնորհը. ինչո՞ւ եմ ընդգծում քաղաքական առումով, որովհետև հասկանալիորեն այն ընկերությունները, որոնք երկար տարիներ մենաշնորհային դիրք են ունեցել, նրանք նաև իրենց որոշակի կուտակած ցանցեր, փորձ, կապիտալ ունեն, բայց մյուս կողմից նրանք այլևս չունեն այն արտոնությունները, որ ունեցել են նախկինում: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այդ ընկերությունները չեն դադարեցրել իրենց գործունեությունը Հայաստանում»: 
 
Մյուս կարևոր փաստը, որն արձանագրեց վարչապետն այն էր, որ չնայած երկրում տեղի ունեցած հեղափոխությանը, չի եղել սեփականության վերաբախշման գոնե մեկ դեպք, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում սեփականության իրավունքը երաշխավորված է: 
 
Նրա խոսքերով՝  երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետևանքով չեն եղել տնտեսական ցնցումներ, ֆինասական շուկան կայուն է մնացել, և Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական աճի փուլում: 
 
«Այս տարի առաջին եռամսյակում մենք ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, ապրիլ ամսին մեր տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9,2 տոկոս, և թույլ տվեք ասել, որ սա աննախադեպ իրավիճակ է ընդհանրապես համաշխարհային պատմության մեջ, երբ հեղափոխությունից՝ քաղաքական այսպիսի մասշտաբային փոփոխությունից հետո երկիրը տնտեսական ցնցումների մեջ չի ընկնում»,- ընդգծեց Ն. Փաշինյանը: 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play