Ընդվզում Կրեմլում, Պուտինի աչքի առաջ. անսպասելի ճեղքում


Ընդվզում Կրեմլում, Պուտինի աչքի առաջ. անսպասելի ճեղքում

  • 13-06-2019 13:51:34   | Հայաստան  |  Վերլուծություն

BBC ռուսական ծառայությունը հայտնում է Կրեմլում աննախադեպ իրավիճակի մասին: Պարգեւների հանձնման հանդիսավոր արարողությանը առաջին շարքում՝ Պուտինի դեմ դիմաց նստել է մի աղջիկ՝ «Ես/Մենք Իվան Գալունով ենք» մակագրության շապիկով, իրականացնելով յուրօրինակ բողոքի ակցիա: Պարզվել է, որ աղջիկը Աննա Լուգանսկայան է, որը պարգեւատրման արարողությանն է եկել հոր՝ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկու, նաեւ տատի եւ պապի հետ:
 
Իվան Գոլունովը լրագրող է, որը զբաղվում է պաշտոնյաների կոռուպցիոն բացահայտումներով: Իրավապահները օրեր առաջ նրան ձերբակալել էին եւ մեղադրանք ներկայացրել իբրեւ թե թմրամիջոցների օգտագործման համար: Գոլունովի պաշտպանությանը ձեռնամուխ են եղել Ռուսաստանում հայտնի լրատվամիջոցներ, մեդիամասնագետներ, այլ հանրային գործիչներ: Իրավապահները ստիպված էին նրա ձերբակալությունը փոխարինել տնային կալանքով, իսկ օրերս էլ ընդհանրապես կարճեցին գործը՝ ապացույցների բացակայության պատճառով: Մինչ այդ, տեղի ունեցավ երթ՝ ի պաշտպանություն Գոլունովի, որի ընթացքում բերման ենթարկվեց մի քանի հարյուր մարդ:
 
Փաստորեն, Գոլունովի պաշտպանության եւ նրա դեմ գործողությունների հանդեպ բողոքի ակցիան ճեղքեց շղթան եւ հայտնվեց ընդհուպ Կրեմլի սրահում, Պուտինի աչքի առաջ:
 
Անկասկած է, որ առավել մեծ է այդ ակցիայի խորհրդանշականությունը, քան բուն ազդեցությունը կոնկրետ գործընթացի վրա:
 
Ընդ որում, հետաքրքիր է, թե ինչպե՞ս է աղջիկը հայտնվել Կրեմլում, որտեղ թերեւս ամենայն մանրամասնությամբ զննում են ամեն ինչ՝ ներս թողնելուց առաջ: Եթե իրավապահները չափազանց սուր են արձագանքում խաղաղ երթերին եւ ցույցերին, անգամ իրենց խոսքով փոքրաթիվ, եւ բերման ենթարկում տասնյակ, հարյուրավոր մարդկանց, ապա պատկերացնել կարելի է, թե որքան զգայուն պետք է լինեն Կրեմլի մատույցները հսկողները:
 
Բայց, աղջիկը հայտնվում է Կրեմլում եւ Պուտինի դիմաց: Իհարկե հայտնվում է ոչ թե նռնակով կամ մահակով, այլ շապիկով՝ «Մենք բոլորս Գալունով» ենք, եւ իրեն ագրեսիվ չի պահում, այլ շատ հանգիստ նստում է եւ ծափահարում, դրանով էլ ավելի ուժ տալով իր ակցիային եւ «օղակի ճեղքմանը»:
 
Ռուսաստանում տեղի են ունենում իսկապես խորքային գործընթացներ: Մի կողմից իշխող համակարգը ավելի ու ավելի է փորձում փակել, կապկպել հանրությանը, հանրային կյանքը, մյուս կողմից կարծես թե գործում է կամ ուրվագծվում զսպանակի էֆեկտը, երբ հանրությունը ավելի սեղմվելով, դրանից հետո աստիճանաբար նաեւ ավելի է բացվում: Բանը լոկ Գոլունովը չէ: Հատկանշական էր Եկատերինբուրգում ուղղափառ տաճարի կառուցման դեմ բողոքը, որի շնորհիվ կառուցումը արգելակվեց: Հետո եւս երկու քաղաքային իշխանություն փոխեցին ուղղափառ տաճար կառուցելու որոշումները: Իսկ խնդիրը այստեղ կրոնական չէր, այլ հանրային, որովհետեւ եկեղեցին ռուսական իշխող համակարգում համակարգային գործիք է հանրության դեմ, քան կրոնական, հանրային ինստիտուտ:
 
Ինչպե՞ս է աղջիկը հայտնվել Կրեմլում: Կարո՞ղ էին պարզել, թե նա ինչ շապիկով է: Եղել է անփութությու՞ն, թե՞ այդուհանդերձ ինչ որ մեկը «հանձնել» է Կրեմլի «բանալիները»:
 
Ռուսական պետականությունը ներկայում կանգնած է լրջագույն ճամփաբաժանի առաջ: Մի կողմից առկա են այն ահռելի ռիսկերը, որոնք բազմազգ եւ բազմամշակութային, նաեւ մտածողական եւ պատմա-արժեհամակարգային առանձնահատկությունների բերումով առկա են այդ երկրում ժողովրդավարական, բաց հասարակարգի կառուցմանն ուղղված աշխույժ քայլերի դեպքում, մյուս կողմից ակնառու է, որ ներկայիս տարբերակով Ռուսաստանը դառնում է ավելի ու ավելի թույլ եւ անկենսունակ:
 
Դրան զուգահեռ, անցնող տարիների ընթացքում համակարգը կարծրացնելու եւ փակելու այնպիսի ինտենսիվ քաղաքականություն է վարվել, որ իշխող համակարգը գործնականում բացելու հարցում քաղաքական որոշում կայացնելու անընդունակ է դարձել, որովհետեւ այդ որոշումը ահռելի հակազդեցության է հանդիպելու հենց համակարգի ներսում:
 
Այդ ֆոնին հետաքրքիր է, արդյոք Պուտինի համար անակնկալ էր շապիկով աղջիկը Կրեմլում, իր դիմաց, թե՞ նա փորձում է ինչ որ բանի վարժեցնել ռուսական համակարգը: Հարցերն անշուշտ շատ են, իսկ պատասխանների հանգամանքը՝ բավականին բարդ ու բազմաշերտ:
 
Աներկբա է, որ Ռուսաստանի իրավիճակի անկառավարելիությունը կարող է բերել այդ թվում Հայաստանի համար լուրջ խնդիրների: Մյուս կողմից, դրանք անխուսափելի կդառնան նաեւ ավելի ու ավելի փակ կառավարմամբ Ռուսաստանի պարագայում, քանի որ այդ մոդելով Ռուսաստանը չունի ճանապարհ եւ կյանք, չի կարող երկարաժամկետ հեռանկարում արդյունավետ իրացնել իր մի շարք արտաքին գործառույթներ:
 
Մյուս կողմից, ներկայում չկա բաց Ռուսաստանի քաղաքականության ունակ «վերնախավ»: Ունի՞ Մոսկվան Հայաստանի օրինակի շքեղությունը՝ թավշյա հեղափոխության միջոցով անարյուն շրջադարձ: Ակնառու է, որ այդ կապակցությամբ անգամ Ռուսաստանում կան մեծ կասկածներ եւ հարցադրումներ Պուտինին, ի դեմս այն տեղեկատվա-քարոզչական գրոհների, որ անում են այդ թվում հայազգի քարոզիչներ՝ Հայաստանում «գունավոր հեղափոխության» մասին ահազանգերով: Դրանք այլ բան չեն, քան Պուտինին ուղղված պահանջ կամ կասկած՝ ինչպե՞ս ես թույլ տվել, ցարն իրական չէ՞:
 
Կդառնա՞ Կրեմլում հայտնված Աննա Լուգանսկայան՝ ի դեպ արդեն իսկ խորհրդանշական ազգանունով, Ռուսաստանի ներկայիս ճամփաբաժանի համար այն խորհրդանիշը, որպիսին ԽՍՀՄ համար դարձավ Կրեմլի Կարմիր հրապարակում 1987 թվականին վայրէջք կատարած երիտասարդ գերմանացի օդաչուն:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն