Դանիել Իոաննիսյանը հավակնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին.hraparak.am


Դանիել Իոաննիսյանը հավակնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին.hraparak.am

  • 14-06-2019 18:17:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Տեղեկություն ունեինք, որ Դանիել Իոաննիսյանը հավակնում է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին։ Սորոսականները, երբ պարզվեց, որ Ռուստամ Բադասյանի թեկնածությունը դուրս է եկել շրջանառությունից, նոր անուն են շրջանառության մեջ դրել՝ Դանիել Իոաննիսյանի անունը եւ ուզում են հասնել նրան, որ վարչապետը հենց նրան նշանակի։ Իոսաննիսյանը մեզ  հետ զրույցում ասաց, որ չի կարող միանաշանակ պատասխանել այդ հարցին, բայց, ըստ էության, հաստատեց լուրը, քանզի եթե այն բոլորովին անհիմն լիներ կարճ եւ կտրուկ կհերքեր։
 
-Պարոն Իոաննիսյան, տեղեկություն ունեք, որ հավակնում եք ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնին։ 
 
-«Հավակնել» բառը Սերժ Սարգսյանի օրոք մի քիչ ընենց փչացավ, որ ոնց էլ պատասխանեմ, միևնույն է՝ կարող է սխալ ընկալվի։
 
-Լավ՝ ուզու՞մ եք նախարար դառնալ։
 
-Եկեք չմեկնաբանեմ, էլի, որովհետև իրականում հարցը միարժեք պատասխան չունի։
 
-Այսինքն՝ և՛ ուզում ե՞ք, և՛ չե՞ք ուզում։
 
-Առհասարակ, ուզելու, հավակնելու հետ կապված հարցը միարժեք պատասխան չունի։
 
-Բայց Ձեր կրթությունը՝ Դուք ֆիզիկոս եք, թույլ կտա՞ այդ պաշտոնում աշխատել։
 
-Իրավաբանակա՞ն առումով, թե՞ փաստացի։ Իրավական առումով, կարծում եմ՝ կարդացել եք ՀՀ սահմանադրությունը և գիտեք՝ ով կարող է լինել կառավարության անդամ, ով ոչ։ Եվ էս առումով ուզում եմ ուղղակի հիշեցնել, որ ունենք կառավարության անդամներ, ովքեր  բարձրագույն կրթություն անգամ չունեն։ 
 
-Իսկ փաստացի՞, չէ որ  իրավաբանությունը բարդ ոլորտ է։ 
 
-Իհարկե բարդ է։ Գիտելիքներ՝ իրավակա՞ն։ Իրավաբանական կրթություն չունեմ, իրավաբանական բուհ չեմ ավարտել։
 
-Կկարողանա՞ք նախարար աշխատել։
 
-Մի քիչ կոռեկտ չէ, ասեմ՝ ինչ կկարողանամ, ինչ՝ ոչ։  Առավել ևս, ասացի, որ այդ հարցը միարժեք պատասխան չունի, թե հավակնում եմ, թե ոչ։ Բայց ամեն դեպքում, զուտ Ձեր հարցին պատասխանելու համար, այն անպատասխան չթողնելու համար, պարզապես ասեմ, որ խորհրդարանի կողմից ընդունված իմ առաջին օրենսդրական օրենքի շարադրանքը ես գրել եմ 2009 թվականին։ Տասը տարի առաջ։ Դա վերաբերել է Ոստիականության զորքերի մասին օրենքին։ Բայց նորից եմ ասում, որ այս հարցին պատասխանում եմ ոչ թե որևիցե բան հիմնավորելու համար, այլ զուտ, որ հարցն անպատասխան չթողնել։
 
-Կարո՞ղ եմ մեր խոսակցությունից գալ այն հետեւության, որ ոչ հերքում եք, ոչ հաստատում եք, որ հավակնում կամ ուզում եք Արդարադատության նախարարի պաշտոնը։
 
-Այո։
 
-Իսկ առաջարկ եղե՞լ է։
 
-Ում կողմից։
 
-Նիկոլ Փաշինյանի։
 
-Չէ, վարչապետի կողմից առաջարկ չի եղել։
 
Հ․Գ․ Մեր զրույցից հետո Իոաննիսյանը հետ զանգեց լրացրեց իր խոսքը․ «Եթե  խոսքը զուտ ցանկության մասին է, ունե՞մ ցանկություն՝ թողնելու ՀԿ դաշտը և գնալու գործադիր իշխանություն, ապա նման ցանկություն անձնական առումով չունեմ։  Ես համարում եմ, որ իմ  մասնագիտական ունակությունները դրան ձգում են, բայց ցանկություն որպես այդպիսին, չէ, չունեմ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը