Նախարար Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները


Նախարար Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

  • 14-06-2019 18:53:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։
 
Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես  տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝  ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։
 
Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները: 
 
Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ երկու երկրների միջև կա գործակցության մեծ ներուժ և այն նպատակային օգտագործելու ցանկություն։  Նա ընդգծել է, որ տաջիկական կողմը հետաքրքրված է Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացումներով, ցանկություն ունի ծանոթանալու հայ մասնագետների փորձին, իրականացվող ծրագրերին, քայլեր ձեռնարկելու փոխգործակցություն ստեղծելու ուղղությամբ։ 
 
Հակոբ Արշակյանը դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի հայկական լավագույն նվաճումները, դրանց զարգացմանն ու ընդլայնմանը միտված պետական քաղաքականությունը։
 
Նախարարը մանրամասնել է հատկապես կրթական ոլորտում իրականացվող ծրագրերը՝ «Թումոյի», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների  գործունեությունը, Հայաստանի ազգային լաբորատորիաների դերը տեխնիկական բուհերի ուսանողների համար: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացման հիմքը լավ կրթությունն է՝ դպրոց, բուհ, ակադեմիա շղթայի ճիշտ կազմակերպումը, ինչում արդեն նկատելի հաջողություններ կան գրանցված և այդ ուղղությամբ կարող ենք կիսվել մեր ունեցած փորձով և գիտելիքներով։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդյունաբերական նախագծերին, մասնավորապես, «Ինժեներական քաղաք» ծրագրին, տեխնոլոգիաները ռազմարդյունաբերության մեջ կիրառելու, տնտեսության թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այլն։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու երկրների ոլորտի մասնագետների մասնակցությամբ  կազմակերպել հանդիպում՝ առավել մանրամասն ներկայացնելու տեխնոլոգիական ոլորտի հայկական փորձը, տեղում ուսումնասիրելու գործակցության ուղղություններն ու հնարավորությունները։
 
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play