Պաշտոնատար անձինք ապօրինաբար թույլատրել են համայնքային և բնակիչների բաժնային սեփականության տարածքներում մասնավոր շինարարության կատարումը


Պաշտոնատար անձինք ապօրինաբար թույլատրել են համայնքային և բնակիչների բաժնային սեփականության տարածքներում մասնավոր շինարարության կատարումը

  • 15-06-2019 10:56:33   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն ուսումնասիրության առարկա է դարձրել քաղաքացիների բողոքի հիման վրա Երևանի ավագանու նախկին անդամի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բազմաբնակարան շենքի տարածքում շինարարության վերաբերյալ տեղեկատվությունը:

Ուսումնասիրության շրջանակներում Երևանի քաղաքապետարանից, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչությունից պահանջվել և ստացվել են համապատասխան փաստաթղթեր: Դրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձինք թույլատրել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան փողոցում գտնվող բազմաբնակարան շենքի սեփականատերերի բաժնային, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն հանդիսացող կից հողամասերում շինարարության իրականացումը, ապա կառուցված շինության նկատմամբ կատարել են իրավունքների պետական գրանցում՝ անտեսելով այն հանգամանքը, որ բացակայել են անշարժ գույքի մասն առանձնացնելու վերաբերյալ բազմաբնակարան շենքի սեփականատերերի ժողովի որոշումը, ինչպես նաև քաղաքացուն կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու իրավական հիմքերը: Դրա հետևանքով Երևան համայնքը և շենքի սեփականատերերը զրկվել են շուրջ 122քմ. մակերեսով սեփական գույքը իրենց հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու հնարավորությունից:

Հաշվի առնելով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ նշված դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին 

Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play