Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է ոռոգման գործընթացում ապահովել թափանցիկություն


Գրիգորի Մարտիրոսյանը պահանջել է ոռոգման գործընթացում ապահովել թափանցիկություն

  • 15-06-2019 10:59:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 13-ին Ասկերանի Ակնա թաղամասում հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված շրջանում ոռոգման հետ կապված խնդիրներին:
 
Հողօգտագործողները բարձրաձայնել են ինչպես հերթացուցակների խախտման, այնպես էլ առանց հայտերի ներկայացման ոռոգման համակարգերից օգտվելու դեպքերի մասին: Ոռոգման գործընթացն Ասկերանի շրջանում կազմակերպող Խաչենշին ընկերության տնօրենի խոսքով՝ փորձում են հայտերը բավարարել ըստ հերթականության: Լինում են նաև դեպքեր, երբ դաշտը ոռոգվում է առանց հայտի ներկայացման, ինչը գործընթացի կազմակերպման խախտում է:
 
Իր խոսքում ԱՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգերի պահպանության պետական տեսչության պետ Արմեն Ներսիսյանն նշել է, որ խնդիրը ջրբաշխների աշխատանքում է:
 
Ոռոգման ջրի պահանջարկն Ասկերանի շրջանում պայմանավորված է գարնանացանի աննախադեպ ծավալներով: Այդ պատճառով Խաչենի ջրամբարից ջուրը մատակարարվում է առավելագույն թողտվությամբ: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գնահատմամբ՝ գործընթացը թափանցիկ չէ և բացակայում է հանրային վերահսկողությունը:
 
Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է Խաչենշին ընկերությանը ժամանակին հրապարակել հայտերի ցուցակը և առաջնորդվել դրանով:
 
Խորհրդակցությանը, որին մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, գյուղոլորտի պատասխանատուներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ, քննարկվել են նաև բերքահավաքին, գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, հակահրդեհային միջոցառումներին վերաբերող հարցեր:
 
-- 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն