17-06-2019 10:38:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
ՔՊ համագումարում իր ելույթում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե «մեզ պատերազմ է հայտարարված: Հայաստանն այսօր ազատության ու ժողովրդավարության բաստիոնն է Հայաստանում: Ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Եվրոպան, Հայաստանի Հանրապետությունն այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում, եւ կախված նրանից՝ կհաջողի՞ արդյոք հայկական ժողովրդավարությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի այն, թե արդյոք ժողովրդավարությունը կհաջողվի աշխարհում: Երկրորդ չափազանց կարեւոր հանգամանքը ազգային շահն է. մենք գործ ունենք Հայաստանի Հանրապետության հետ, մեր հայրենիքի հետ, մի հանրույթի հետ, որը գալիս է հնուց եւ համոզված եմ, փոքրաթիվ ազգերի հետ դիմավորելու է մոլորակի մայրամուտը: Սա է, որ դրված է խաղասեղանին: Հենց այս հեռանկարին են պատերազմ հայտարարել: Այս պատերազմում մենք պարտվելու իրավունք չունենք»:
Հայաստանում թավշյա հեղափոխությունն իսկապես յուրահատուկ երեւույթ էր թե իր ընդգրկմամբ, թե մեթոդաբանությամբ: Այն չի տեղավորվում հեղափոխությունների դասական սխեմաների մեջ, իր հերթին, եվրոպացի ու ռուս բազմաթիվ հետազոտողների բնորոշմամբ՝ այն քաղաքակրթական երեւույթ էր ու կարող է դառնալ նախադեպ՝ ապագայի աշխարհում պետական կարգի, հասարակական նոր հարաբերությունների կառուցման համար:
Ըստ էության, հայկական հեղափոխությունը նկատելի սառնությամբ ընդունվեց ուժի համաշխարհային կենտրոնների կողմից: Այն աշխարհքաղաքական վեկտորի ընտրության հարց չէր, ինչպես հետխորհրդային շրջանի մյուս հեղափոխությունները: Սակայն սա խնդրի մի կողմն է: Առավել խորքայինը աշխարհում քաղաքական համակարգերի, հասարակական հարաբերությունների ու արժեհամակարգի ներկայիս որոշակի ճգնաժամն է, ինչն օրինակ արդեն արտահայտվեց Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով:
Դա նշանակո՞ւմ է սակայն, որ այդ սառնությունն արտահայտվում է նաեւ որոշակի խոչընդոտներով կամ, ինչպես Արարատ Միրզոյանն է ասում՝ մեզ պատերազմ է հայտարարված: Ընդ որում, դատելով նրա խոսքից, այդ պատերազմն ունի արտաքին ու ներքին դրսեւորումներ:
Նման դրսեւորումներ իհարկե կան, եւ դա նկատելի է Հայաստանում «ընդդիմադիր» շրջանակների գործողությունների ու «գաղափարաբանության» տրամաբանությունից, որը հանգում է հեղափոխության հաջողությունը թույլ չտալուն: Միեւնույն ժամանակ, սակայն, կան առավել խորքային խնդիրներ՝ հանրային-քաղաքական շրջանակների զգալի մասի անհամարժեքությունը եւ որոշակի մոտիվացիոն վերաբերմունքը տեղի ունեցածին, եւ նախեւառաջ՝ ներկայիս իշխող մեծամասնության պատասխանատվության խնդիրը, որն արտահայտվում է ռեֆորմացիայի ռազմավարական ծրագրերի բացակայությամբ:
Հայաստանն իսկապես կարող է ժողովրդավարության բաստիոն լինել, եւ դա պետք է հասկանալ ու ընկալել ոչ թե իրավիճակային խնդիրների, այլ առավել լայն համատեքստում: Բայց այդ քաղաքակրթական դերն անհնար է հանրային-քաղաքական դեգրադացված մտածողության ու արժեհամակարգի պայմաններում, որը նախեւառաջ հեղափոխությունն առաջնորդած թիմի պատասխանատվությունն է:
Նույն ՔՊ համագումարում Նիկոլ Փաշինյանը թվարկում էր մարդկանց անուններ, որոնք զրոյից ստեղծել են իրենց բիզնեսներն ու բարեկեցությունը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նրանք հերոսներ են որովհետեւ հաղթել են մեր ամենավտանգավոր թշնամուն՝ հուսահատությանը, եւ մեր ամենազազրելի ուղեկցին՝ խեղճությանը:
Ահա խնդիրը՝ մեր կյանքի բոլոր ոլորտների ռեֆորմացիայի թիրախն ու նպատակը՝ այս որակների գերիշխումը, որից հետո «մեզ հայտարարված պատերազմն» անիմաստ կդառնա: Հակառակ պարագայում Արարատ Միրզոյանի հայտարարությունը կարող է լինել իրավիճակային խնդիրների լուծման «ալիբի»: