Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

17-06-2019 10:45:06   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հունիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի հնագույն համայնքներից Մինեսոտա նահանգի 36  ուխտավորների հետ, որոնք երկշաբաթյա այցով հայրենիք էին ժամանել Սուրբ Սահակ եկեղեցու հոգևոր հովվի` Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի առաջնորդությամբ: 
 
Ողջույնի իր խոսքում Թադեոս քահանան տեղեկացրեց, որ ուխտավորների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում` ուրախություն հայտնելով, որ այցը սկսվում է Հայոց Հայրապետի օրհնությամբ: Տեր
Հայրը Նորին Սրբությանը ներկայացրեց համայնքային կյանքի ձեռքբերումները` հավելելով, որ համայնքը տարեցտարի ավելի է մեծանում, ավելանում է նաև հայկական ամենօրյա և կիրակնօրյա դպրոցների սաների թիվը:
 
Հայրական իր օրհնությունը բերելով ամերիկաբնակ հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիք, որոնք նորոգում են հայորդիների ազգային, հոգևոր ապրումները՝ հաղորդ դարձնելով սեփական ինքնությանը, հայ ժողովրդի հերոսական անցյալին: Նորին Սրբությունը նշեց, թե քրիստոնեական հավատքի և հայրենասիրության շնորհիվ է, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ շարունակում է ազգային-հոգևոր արժեքներով կրթել և դաստիարակել մատաղ սերնդին՝ ակտիվ պահելով հայ համայնքը:
 
Հայոց Հայրապետն անդրադարձ կատարեց նաև Սուրբ Էջմիածնի խորհրդին` նշելով, որ Էջմիածինը բոլոր հայերի սրտում և աղոթքներում է, և պատմության ամենադժվար պահերին քրիստոնեական հավատքն ու հույսն են օգնել աշխարհասփյուռ հայությանը դիմագրավել ազգի ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին: Նորին Սրբությունը մասնավորապես խոսեց Հայրենիքի և Սփյուռքի
կյանքում առկա դժվարությունների ու խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների մասին:
 
Այս առիթով Հայոց Հովվապետն ի դեմս Տեր Թադեոսի իր գնահատանքը բերեց Սփյուռքի հայոց թեմերում սպասավորող եկեղեցականներին` իրենց հոգևոր առաքելությունը նախանձախնդրությամբ և նվիրումով իրականացնելու և ազգային արժեքները պահպանելու համար:
Հանդիպումից հետո ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 373 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար