Լավրովի գրոհը Փաշինյանի դեմ. Սերժ Սարգսյանի երկու մեղադրանքը


Լավրովի գրոհը Փաշինյանի դեմ. Սերժ Սարգսյանի երկու մեղադրանքը

  • 17-06-2019 15:00:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անդրադառնալով ՌԴ դեսպանի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին հարցերին, նշել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն չունի այդ կապակցությամբ դեսպանի գործողությունից դժգոհելու առիթ, քանի որ դեսպանը չի խախտել դիվանագիտական որեւէ ընթացակարգ:
 
Հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ իր համար այդ հանդիպումը տարակուսելի է եւ չի ողջունում այն: Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրոզյանն էր ասել, որ չի ողջունում Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը:
 
Հունիսի 13-ին տեղի ունեցած այդ տետ ա տետ հանդիպումից մեկ օր անց ՌԴ դեսպանատունը տարածել էր պարզաբանում, հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանի հետ դեսպանի հանդիպումը եղել է հասարակական-քաղաքական գործիչների եւ գործարարների հետ հանդիպումների շարքի շրջանակում, որ անցկացնում է դեսպանը:
 
Փաստացի, դեսպանատունն արդարացել էր հանդիպման համար, հայտարարելով, որ այն չի կարող ընկալվել երկրորդ նախագահին ցուցաբերվող առանձնահատուկ աջակցություն: Ինչու՞ էր առաջացել այդ պարզաբանման անհրաժեշտությունը: Արդյոք միայն հանրային արձագանքի բերումով, երբ դեսպանատունը տեսել է, թե ինչպիսի բացասական արձագանքի է արժանանում այդ հանդիպումը: Թե՞ այդուհանդերձ պաշտոնական Երեւանը որեւէ խողովակով իր դժգոհությունն է հայտնել դեսպանի այդ հանդիպման կապակցությամբ, ինչին էլ հաջորդել է դեսպանատան պարզաբանումը:
 
Այդ համատեքստում հարց է առաջանում, թե ո՞վ է հուշել դեսպանին, որ արժե հանդիպել կամ պետք է հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ: Դեսպանն ի՞նքն է որոշել, թե՞ հուշել են Մոսկվայից: Այդ դեպքում հատկապես ո՞վ է հուշել: Լավրո՞վը, որի մամուլի քարտուղար Զախարովան էլ օրեր առաջ որոշել էր անհաջող նրբությամբ հեգնել վարչապետ Փաշինյանի Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովում ունեցած ելույթը, ինչից կարճ ժամանակ անց ստիպված էր եղել լրացուցիչ պարզաբանել իր նախնական գրառումը:
 
Համենայն դեպս հետաքրքիր է, որ ինչպես Զախարովան էր կարճ ժամանակ անց ստիպված եղել պարզաբանել իր քայլը կամ արարքը, նույն կերպ դեսպան Կոպիրկինն էր երկրորդ նախագահ Քոչարյանի հետ հանդիպումից կարճ ժամանակ անց ստիպված եղել պարզաբանել իր քայլը կամ արարքը:
 
Հատկանշական է, որ ՌԴ արտգործնախարար Լավրով-Քալանթարյանի ենթակաները Նիկոլ Փաշինյանի Սանկտ-Պետերբուրգ այցից եւ Պուտինի հետ հանդիպումից հետո աչքի են ընկնում այդօրինակ քայլերով ու պարզաբանումներով:
 
Կամ ենթակաները իրենք են դուրս գրել Լավրով-Քալանթարյանին, կամ նրա դուրսգրման գործընթաց է սկսել Կրեմլը, ինչում Լավրով-Քալանթարյանը տեսնում է նաեւ Հայաստանի դերը: Ընդ որում, Լավրովը դա տեսնում է թերեւս ապրիլյան պատերազմից հետո, երբ Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտ կերպով հենց Լավրովին էր մեղադրում դրա համար:
 
Մասնավորապես, ապրիլի 22-ին Երեւանում Լավրովի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հարցրեց նրան՝ ասացեք խնդրեմ, թե ինչու դա պատահեց, մենք ունենք մեր կարծիքը, բայց ուզում ենք, որ դուք էլ ձերն ասեք: Մեկ այլ մեղադրանք էլ Սարգսյանը հնչեցրեց 2017-ի մարտին՝ Մոսկվա այցի ընթացքում: Դա այն այցն է՝ 2017-ի խորհրդարանի ընտրությունից առաջ, երբ Պուտինը հայտարարել էր, թե հույս ունեն, որ Հայաստանը սահուն կանցնի անցումային շրջանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
 
Այդ այցի շրջանակում, թերեւս ստանալով Պուտինի քարտ-բլանշը, Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ հնչեցրեց թափանցիկ մեղադրանքը Լավրովի հասցեին՝ ռուսական դիվանագիտության խորհրդանշական «օջախում»՝ ՄԳԻՄՕ-ում ելույթի ժամանակ: Նա հայտարարեց, թե երբ մեր գործընկերներին ասում էինք, որ Ալիեւը պատերազմի է պատրաստվում, մեզ ասում էին, թե դա ներքին սպառման համար է, հայտարարեց Սերժ Սարգսյանն ինստիտուտում, որով անցել են ի դեպ Լավրովը, Ալիեւն ու Նալբանդյանը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն