Այրվել է Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգին. Aravot.am


Այրվել է Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգին. Aravot.am

  • 17-06-2019 17:54:42   | Արմավիրի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել նախկին պատգամավոր, մեղադրյալ Մանվել Գրիգորյանի կնոջը, նույն գործով մեղադրյալ Նազիկ Ամիրյանին պատկանող ծիրանի այգում:
 
Այգին գտնվում է Էջմիածին քաղաքի նախկին հացի գործարանի տարածքում: Ականատեսների վկայությամբ` այրվել է մի քանի հեկտար տարածք, վնասված ծառերի քանակը հաշվվում է հարյուրներով: «Կներեք, հարցազրույց չեմ տալիս»,-Aravot.am-ի զանգին այսպես արձագանքեց տիկին Ամիրյանն`անգամ մինչեւ վերջ չլսելով հարցը եւ անջատեց հեռախոսը: Ցանկանում էինք իմանալ`հրդեհը պատահականությո՞ւն է, թե՞ ինքը դիտավորություն է տեսնում: Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 միլիոն 232 հազար 917 դրամի գույք յուրացնելու, 1 միլիարդ 228 միլիոն 176 հազար 342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1 միլիարդ 225 միլիոն 3 հազար 300 դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն 101 հազար 100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Ավելի ուշ մեղադրանքը լրացվեց, Մանվել Գրիգորյանը եւ Նազիկ Ամիրյանը մեղադրվում են նաեւ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր պահելու համար: Բացի այդ, Մանվել Գրիգորյանը որպես ԵԿՄ հասարակական կազմակերպության վարչության նախագահ, իրավասու լինելով տնօրինել կազմակերպության գույքն ու ֆինանսական միջոցները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր կնոջ՝ նույն կազմակերպության «Եռասերունդ երկրապահ» ռազմամարզական ճամբարի շինարարական և տնտեսական հարցերով պատասխանատու Նազիկ Ամիրյանի, որդու՝ «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի տնօրեն Արման Գրիգորյանի օժանդակությամբ կատարել է կազմակերպությանը վստահված առանձնապես խոշոր չափերի` 101.232.917 ՀՀ դրամ արժողությամբ գույքի յուրացում: 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը