Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է միաբանական համագումարի մասնակիցների հետ

17-06-2019 18:05:24   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հունիսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրոր
դ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցավ հունիսի 18-22-ը Մայր Աթոռում անցկացվելիք միաբանական համագումարի առիթով Սուրբ Էջմիածին ժամանած միաբանների (ծայրագույն վարդապետ, վարդապետ և աբեղա) հետ: Համագումարին մասնակցում են նաև ներկայացուցիչներ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից:
Միասնական Տերունական աղոթքից հետո Նորին Սրբությանը և ներկա միաբաններին ողջունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Լաս Վեգաս քաղաքի Սուրբ Կիրակոս եկեղեցու հոգևոր հովիվ
Հոգեշնորհ Տ. Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը: Իր խոսքում Հայր Սուրբը գոհունակությամբ ընդգծեց, որ յուրաքանչյուր միաբանի համար ուրախություն է վերադառնալ Մայր Աթոռ` ծնրադիր իր աղոթքը բարձրացնելու առ Աստված հայոց հավատքի օրրանում և ստանալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունը:
Այնուհետև համագումարի մասնակիցներին ողջունեց և իր օրհնությունը բաշխեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովվապետը գոհունակությամբ նշեց, որ Արարատյան տոների շրջանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների համախմբումը Մայր Աթոռում գեղեցիկ ավանդույթ է դարձել: Նորին Սրբությունը կարևոր նկատեց միաբանական համագումարի պարբերական կազմակերպումը միաբանական ուխտի վերանորոգման, հոգևոր կյանքի զորացման և միջանձնային շփումների շնորհիվ եղբայրասիրական ոգու ամրապնդման համար: Նորին Սրբությունը միաբանական հավաքը պատեհ առիթ նկատեց խորհրդածելու ազգային կյանքը հուզող խնդիրների ու Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների շուրջ, նաև միմյանց հետ կիսվելու հովվական փորձառությամբ:
Իր գնահատանքը բերելով եկեղեցականներին` Հայոց Հովվապետը հաստատեց, որ միաբանների նվիրյալ ծառայության շնորհիվ այսօր զորանում է Եկեղեցու առաքելությունը ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունը մաղթեց, որ առաջիկա շաբաթը լինի արդյունավետ աշխատանքի և համատեղ աղոթական կյանքի հոգենորոգ մի շրջան:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ու միաբանները անդրադարձան հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին առկա խնդիրներին, ազգային և հայրենական կյանքը հուզող հարցերին:

 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 565 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար