ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին.«Արմենպրես»


ՀՀ նախագահը համահայկական ցանց ամրացնելու առաքելությունը ցանկանում է տեսնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ուսերին.«Արմենպրես»

  • 18-06-2019 11:23:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը ճիշտ ժամանակն է համարում, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախագահ Սարգսյանը հայտնեց հունիսի 18-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովի ընթացքում:
 
«Ժամանակն է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը իր վրա վերցնի նաև համահայկական ցանցն ամրացնելու առաքելությունը: Ի վերջո, մեր հայապահպանության, հայոց լեզվի, ինքնության, պատմության, արժեհամակարգերի պահպանման խնդիր ունենք, որը գլոբալիզացիայի պայմաններում ավելի սուր դրսևորումներ է ստանում: Հաշվի առնելով կառուցվածքային լայն աշխարհագրությունը` հիմնադրամը կարող է նաև նմանատիպ ծրագրեր իրականացնել` ամրացնելով նաև հայկական համայնքները և հայկական արժեքները: Հենց այդ համայնքներն են շահառու-նվիրատու-աջակից շղթայի ամենակենսական, ամենակարևոր օղակները: Սա կարող է դառնալ հիմնադրամի ռազմավարական նպատակներից մեկը: Ես հուսով եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր ազգանվեր գործունեությունը շարունակելու է նոր ծրագրերով և նոր ոգևորությամբ»,- ասաց նախագահը:
 
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին մասնակցում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Հայաստանից, Արցախից և սփյուռքից:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը