Ռադիոն՝ լուսանցքում. ինչպես բացել «փակ ակումբը»


Ռադիոն՝ լուսանցքում. ինչպես բացել «փակ ակումբը»

  • 18-06-2019 17:06:15   | Հայաստան  |  Վերլուծություն



Զեմֆիրա Գաբրիելյանը Երևանի իր տանը դեռևս պահպանում է նախորդ դարից մնացած պատի՝ լարային ռադիոն, որը վերջնականապես լռեց 5 տարի առաջ։
 
Կար ժամանակ, երբ այն տեղեկատվության թիվ մեկ աղբյուրն էր: Տիկին Զեմֆիրան ամեն օր սրբում է փոշին ու սպասում, որ հրաշքով մի օր այն նորից կաշխատի. «Սա մի հուշ է ինձ համար... հիմնականում լուրեր էինք լսում, բացի լուրերից, մեզ համար զբաղմունք էր, միառժամանակ մոռանում էինք մեր հոգսերը, ցուրտը, մութը։ Իմանում էինք, թե պատերազմում (խոսքն 90-ականների Արցախյան պատերազմի մասին է-հեղ.)ինչ է լինում՝ ինչ վիճակում էին մեր զորքերը, հավատում էինք մեր ռադիոյին...»։
«Մի օր էլի այն կաշխատի, - համոզված է տիկին Զեմֆիրան, - որովհետև բացի ինձնից, շատ մարդիկ կան, որ ուզում են, ցանկություն ունեն։ Հարուստներն էլ, եթե ամեն ինչ ունեն՝ համակարգիչ, նոր սերնդի հեռուստացույց, իրենց թվում է՝ պետք չի, բայց իրենք էլ կուզեն»։
Ի՞նչ տեղ է այսօր զբաղեցնում ռադիոն՝ երկրի բնակչությանը կարևոր իրադարձությունների մասին տեղեկացնելու հարցում։ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի՝ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» զեկույցի տվյալներով՝ 1150 հարցվածների 66 տոկոսն առաջին հերթին բացում է սոցցանցերը, հեռուստատեսությունը նախընտրում է 53,5 տոկոսը, օնլայն ԶԼՄ-ները՝ 51,1 տոկոսը, ռադիոյի լսարանը կազմում է՝ 4,7 տոկոս, տպագիր մամուլ կարդում է ընդամենը 1,4 տոկոսը։  Ի դեպ, համաձայն նույն հետազոտության, ընթացիկ նորությունների մասին տեղեկանալիս մարդիկ 4 անգամ ավելի շատ լսում են հարազատներին, ընկերներին, հարեւաններին, քան՝ ռադիո։
Այսօր Հայաստանում գործում է 23 ռադիոկայան՝ 18-ը մասնավոր է, 3-ը Հանրային ռադիոընկերությանն են պատկանում և 2-ը հեռարձակվում է միջպետական պայմանագրերով։ Ընդ որում՝ 18 մասնավորից 3-ը համապետական սփռում ունի, 13-ը՝ մայրաքաղաքային, և միայն 2-ը՝ մարզային՝ Շիրակում և Լոռիում։ Այս ամենն ամրագրված է օրենքում, և նոր ռադիոընկերություն հիմնելը որևէ մարզում փաստացի արգելված է։
Ըստ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի՝ ռադիոհեռարձակումն անտեսված է եղել մեր մարզերում, տարիներ շարունակ շատ ավելի բուռն է զարգացել հեռուստատեսությունը. «Մենք այսօր միայն 2 մարզում ունենք տեղական ռադիո։ Այլ տեղերից էլ շատ մեծ ցանկություն չի եղել, բայց դա պատճառ չէ, որպեսզի օրենքում ֆիքսեն ռադիոընկերությունների քանակը»։ Նունե Սարգսյանը հիշում է, որ Դիլիջանում երիտասարդների մի խումբ օնլայն հարթակում ռադիոարտադրություն էր իրականացնում և որոշել էր իր հաճախականությամբ իրական ռադիո ունենալ, բայց պարզվեց, որ դա հնարավոր չէ, լիցենզիա ստանալու հնարավորություն չկա։
«Ռադիո Վան»-ի հիմնադիր և տնօրեն Շուշանիկ Արևշատյանի համար անհասկանալի են օրենսդրական խոչընդոտները, որոնք շարունակ անհարմարություններ են ստեղծում։ Մեկ անգամ չէ, որ ինքը սեփական նախաձեռնությամբ է հանդես եկել. «Հեռուստահեռարձակման մուլտիպլեքսների ազատ տեղերում աուդիոսիգնալ տեղադրելու համար ազատ տեղեր կան, ինչո՞ւ մեզ չեն տալիս այդ տարածքները։ Մենք մեծ դժվարությամբ, մեծ գումարներ ծախսելով, մտանք այդ տիրույթ, բայց մեզ թույլ են տալիս հեռարձակվել միայն Երևանի տարածքում»։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը Ազգային ժողովում վերջին ելույթի ժամանակ իրավիճակը մտահոգիչ համարեց. «Նոր օրենքում պետք է ամրագրվի, որ մարզերը պետք է ունենան իրենց ռադիոընկերությունները։ Հեռուստաընկերությունները կան, ռադիոընկերությունները չկան, ինձ համար շատ զարմանալի է»։ 
Մասնավոր ռադիոընկերությունները բազմիցս են դիմել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին՝ առաջարկելով սեփական լուծումները, բայց սայլը տեղից ոչ մի կերպ չի շարժվել՝ ռադիոն մնացել է «ընտանիքի խորթ զավակը»։ Բավական չէ, որ մարզերում անհասանելի են հայկական ռադիոյի ելևէջները, դեռ հարևան երկրների ռադիոկայաններն էլ մտել են հայկական տարածք։ 
Շուշանիկ Արևշատյանը ոլորտի պատասխանատուներին հիշեցնում է՝ այս հարցը կարգավորվում է Ժնևի կոնվենցիայով, բայց, չգիտես, ինչու, արդեն 15 տարի լուծում չի ստանում։ «Ռադիո Վան»-ի հիմնադիրը սեփական առաջարկն ունի. «Մենք մի քանի անգամ դիմել ենք հանձնաժողովին՝ առաջարկելով՝ ում լիցենզիա եք տալիս, յուրաքանչյուրին տվեք 2 հաճախականություն, որպեսզի սեփական ռեսուրսներով փակի թուրքական ռադիոկայանը։ Նույնն առաջարկեցինք մարզերի համար։ Զրո ծախս պետությունից, ընդամենը ԱԺ պետք է մտներ, բայց ոչինչ չարվեց»։
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանի համար առաջնային խնդիրներն այլ են։ Ըստ նրա՝ թեև ռադիոն ի հեճուկս հայաստանյան դեպրեսիվ տնտեսության և օրենսդրական մի շարք խոչընդոտների, շարունակում է զարգանալ, այնուամենայնիվ թվայնացումը գոնե կօգնի բացել ռադիոհեռարձակողների «փակ ակումբը»՝ ազատականացնելով հարաբերությունները ոլորտում։ 2010 թվականից սկսված հեռարձակման թվայնացման գործընթացում առաջնահերթությունը տրվեց հեռուստատեսությանը, իսկ ռադիոն կարծես թե մնաց լուսանցքում, իրավիճակը պետք է շտկել. «Դա անհրաժեշտություն է, եթե հիմա դուք ուզեք դառնալ մասնավոր հեռարձակող, չեք կարողանա, որովհետև հաջորդ մրցույթը 8 տարի հետո է լինելու, իսկ եթե թվայնացված լիներ, հենց վաղը կարող էիք դա կազմակերպել։ Կուզեի՝ օրենքում լինեին թվայնացումը խթանող կետեր, լինեին կարգավորումներ, որոնք թվայնացումը կդարձնեին ավելի արագ», - ասում է Գարեգին Խումարյանը։ 
 
Այսպիսով՝ որո՞նք են ռադիոյի զարգացման հիմնական խոչընդոտները.
Թվայնացման գործընթացի ձգձգում
Հնացած լիցենզավորման կարգ
8 մարզերում ռադիոընկերություններ հիմնելու հնարավորության բացակայություն
Գործող ռադիոկայանների ընդլայնման արգելք օրենքով
Հարևան երկրների ռադիոկայանների «ներխուժում» Հայաստանի տարածք
 
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ ռադիոհեռարձակման զարգացման համար.
Խթանել ռադիոհեռարձակման թվայնացումը պետական մակարդակով
Հրաժարվել լիցենզավորման հնացած ընթացակարգից
Ստեղծել տեղական ռադիոկայաններ հիմնելու հնարավորություն բոլոր մարզերում
Վերացնել գործող ռադիոկայանների զարգացման համար անհիմն սահմանափակումները
Միջազգայնորեն հստակեցնել հարևան երկրներին հատկացված հաճախականությունների սահմանները
 
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ մշակող փորձագիտական խումբն աշխատելու է լուծել այս խնդիրները։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը տարվող աշխատանքների մասին ասում է. «Նոր փաստաթղթում շատ ավելի լիբերալ կդարձնենք ռադիոշուկան։ Մնացած բարդությունները կապված են միջսահմանային հեռարձակման, մուլտիպլեքսում ռադիոյի ներկայացվածության հետ, բայց դրանք օրենքի հետ կապ չունեն, պրակտիկայի խնդիր է»։
 
 
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ
ԽԱՊԿ փորձագետ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն