Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի նոր գաղափարը. համահայկական բեկում


Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի նոր գաղափարը. համահայկական բեկում

  • 18-06-2019 18:48:38   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստան հիմնադրամը չպետք է լինի լոկ ճանապարհ կամ դպրոց կառուցող, այն պետք է համարժեքացվի 21-րդ դարի իրողություններին եւ մարտահրավերներին, դառնալով 21-րդ դարի ազգային ինստիտուտ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա նշել է, որ հիմնադրամը պետք է իր վրա վերցնի համահայկական ցանցային առաքելություն:
 
Հիմնադրամի լայն եւ խորքային առաքելության մասին խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, նա շեշտադրել է կարեւոր մի հարց՝ սփյուռքի հայապահպանության խնդիրը, առաջարկելով այդ խնդրի լուծման առաքելությունը դնել Հայաստան համահայկական հիմնադրամի վրա, դրա համար ձեւավորելով նաեւ համահայկական բյուջե: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է քննարկել այդ գաղափարը եւ մեխանիզմները, որով հնարավոր է իրականացնել այն, եւ Հայաստան հիմնադրամը վերափոխել համահայկական առավել լայն եւ խորքային նշանակության ինստիտուցիոնալ մեխանիզմի:
 
Այստեղ կա մի քանի առանձնահատկություն: Նախ, շատ կարեւոր է, որ Հայաստան պետության բարձրագույն պաշտոնյաների մակարդակներում խոսվում է հիմնադրամի ոչ միայն կառուցվածքային, այլ պարզապես ֆունկցիոնալ եւ առաքելության արդիականացման եւ ընդլայնման մասին, ներկայացվում քննարկման գաղափարներ:
 
Փաստացի, այդ իմաստով դա հնարավոր է նույնիսկ դիտարկել որպես սփյուռքի հարցերի վարչապետի նորանշանակ հատուկ հանձնակատար Զարեհ Սինանյանի առաջին աշխատանքային հանձնարարականը՝ սփյուռքում քննարկումներ սկսել համահայկական բյուջեի գաղափարի, նաեւ հիմնադրամի արդիականացման եւ ինստիտուցիոնալ առաքելության ընդլայնման թեմայի շուրջ:
 
Հաջորդ հանգամանքն այն է, որ վարչապետն ու նախագահը փաստացի դիտարկում են հայապահպանության գաղափարը վերկուսակցականացնելու եւ այսպես ասած վերկրոնականացնելու հարցը: Դա կարեւորագույն հարց է, նկատի առնելով այն, որ սփյուռքում հայության շրջանակը շատ ավելի մեծ ու լայն է, քան միայն դաշնակցական, միայն ռամկավար, միայն հնչակյան, կամ միայն առաքելական եկեղեցու հետեւորդ հայերինը:
 
Մինչդեռ, տասնամյակների ընթացքում հենց այդ ավանդական կուսակցությունները, նրանց ներքո ձեւավորված տարբեր կազմակերպություններն ու նաեւ Հայ Առաքելական եկեղեցին են եղել հայապահպանման ուղղությամբ աշխատող մեխանիզմները:
 
Դրանք տասնամյակների ընթացքում կատարել են մեծ աշխատանք, լուծել եւ լուծում են կարեւորագույն խնդիրներ եւ այդ իմաստով Հայաստան հիմնադրամի ավելի լայն ու խորքային առաքելությունը ամենեւին դրանց ունեցած դերի հետ հակադրություն չէ, այլ արդյունավետությունը բազմապատկելու ձեւաչափ, որը կբավարարի համաշխարհային հայկական ռեսուրսի նաեւ այն ահռելի շերտերի հետ աշխատանքի ծավալը, որոնք դուրս են մնում կուսակցական կամ եկեղեցական ֆորմատներից տարբեր գաղափարական կամ աշխարհայացքային պատճառներով:
 
Այդպիսով, թե նախագահի, թե վարչապետի առաջարկած գաղափարների հիմքում է մինչ այժմ գործած եւ անկասկած կարեւորագույն խնդիրներ լուծած կազմակերպությունները տեղավորել համահայկական հավաքականության մեջ, ոչ թե հակառակը՝ համահայկական հավաքականությունը տեղավորել այդ կազմակերպությունների մեջ:
 
Որովհետեւ համահայկականությունը անհամեմատ ավելի մեծ ու լայն է իր մասշտաբով ու տեսակով, քան այդ եղած կուսակցական կամ եկեղեցական մեխանիզմները:
 
Նրանք մեծ գործ են արել, բայց աշխարհը ենթարկվել է ահռելի փոփոխությունների, մարտահրավերները՝ ահռելի չափերի: Միաժամանակ, մեծացել է իհարկե հնարավորությունների շրջանակը, այդ թվում Հայաստանում թավշյա հեղափոխությամբ: Բայց, անկասկած է, որ միայն ներհայաստանյան փոփոխությունը խիստ անբավարար է վերափոխված մարտահրավերային համաշխարհային միջավայրը սպասարկելու եւ դրանում եղած նոր հնարավորություններն արդյունավետ օգտագործելու համար: Իսկ եղած սփյուռքյան այսպես ասած ավանդական կուսակցական ու եկեղեցական մեխանիզմները բավարար չեն համահայկական ռեսուրսը աշխատանքով առավելագույնս ծածկելու համար:
 
Իսկ համահայկական ներուժի գեներացիան ունի հիմնարար նշանակություն, ըստ այդմ կենսական հարց է դառնում առավելագույնս ընդգրկուն գեներատորի ձեւավորումը: Մի բան, որի մասին տողերիս հեղինակը, Լրագիրը գրել են ոչ միայն հեղափոխությունից հետո, այլ նաեւ դրանից տարիներ առաջ, որ Հայաստան հիմնադրամը զուտ կառուցապատող կամ նորոգող բարեգործական խոշոր հիմնադրամից պետք է վերածել առավել կենսունակ եւ ընդհուպ ռազմա-քաղաքական խորքային կշիռ եւ նշանակություն ունեցող ինստիտուտի:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն