Բաքվին թույլ չեն տվել. Պաշտպանության նախարարի խոստովանությունը


Բաքվին թույլ չեն տվել. Պաշտպանության նախարարի խոստովանությունը

  • 20-06-2019 10:56:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ միջազգային իրադրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել:
 
«Օրերս Ադրբեջանի զինծառայող մայորը շեհիդ է դարձել: Ոմանք հարցնում են՝ ի՞նչ է արել մայորն այնտեղ: Շեհիդ դարձած մայորն այնտեղ կատարել է իմ հրամանը, զբաղվել է մարտական պատրաստությամբ», – Հասանովին մեջբերում է ԱՊԱ-ն:
 
Խոսքը մայորի մասին է, որի մահվան մասին Ադրբեջանը հայտնել է մայիսի 30-ին, երբ Բաքվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մայորի մահը ֆորմալ առիթ դարձավ, որ Ադրբեջանը հրաժարվի Դուշանբեի պայմանավորվածություններից եւ սահմանի երկու կողմում սպանություններ լինեն: Իր հերթին, Դուշանբեի պայմանավորվածություններից Բաքվի հրաժարվելն առիթ դարձավ, որ Երեւանը վերջնականապես վերադառնա Վիեննայի օրակարգին եւ պահանջի սահմանին հետաքննության միջազգային մեխանիզմներ ներդնել:
 
Ի՞նչ առաջադրանքով է ադրբեջանցի նախարարը մայորին ուղարկել «այնտեղ»: Մայորը փորձել է դիվերսիա՞ անել Արցախում, թե նախարարը հատուկ մայորին մահվան է ուղարկել, որ օգտագործի դա որպես քաղաքական առիթ:
 
Ադրբեջանը հայտարարել է, որ մայորն սպանվել է Արցախից կրակոցի հետեւանքով: Հայկական կողմը կտրականապես հերքում է դա՝ ապացուցելով կոնկրետ նյութերով: Բայց անգամ Ադրբեջանում հարցեր են առաջանում մայորի մահվան հարցով, եւ պատահական չէ, որ ադրբեջանցի նախարարն ասում է, որ իրեն հարցեր են տալիս:
 
Ադրբեջանցի նախարարը քանի՞ յուրային «շեհիդ» է պատրաստ տալ հանուն կասկածելի դիվանագիտության: Հասանովը պատրաստ կլինի՞պատասխանել, եթե պարզվի, որ «առաջադրանքը» հանգեցրել է սահմանին միջազգային մեխանիզմների տեղակայմանը: Այդ ժամանակ նախարարին հավանաբար կմեղադրեն Հայաստանի օգտին աշխատելու համար:
 
Ադրբեջանի պաշտպանության նախարարը չի դադարում զարմացնել: Մեկ պատմում է, թե ինչ համակարգով է կառավարվում բանակը, մեկ ասում է, որ հայկական կողմն իր դիվանագիտությունը կառուցում է Մխիթարյանի վրա, ապա հայտարարում, որ ոչ մի սարսափելի բան չկա, որ ադրբեջանական արկն ընկել է Գյանջայում բնակելի տան վրա: Հիմա էլ խոստովանում է, որ մայորին մահվան է ուղարկել:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը