Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ


Հայաստանում նախատեսվում է ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ

  • 20-06-2019 18:18:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Գործադիրը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:  Օրինագծի ընդունման արդյունքում՝  անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում հանրապետությունում կներդրվի անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը:  Այն կարևոր քայլ կհանդիսանա հարկային համակարգի և անշարժ գույքի գնահատման արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Մասնավորապես, նախատեսվում է գույքային հարկերի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հարկման հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահոված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման, անշարժ գույքի սահմանմանը և շուկայական գնագոյացմանը համահունչ անշարժ գույքի՝ հողամասերի և դրանց բարելավումների միասնական գնահատման նոր, առավել արդյունավետ համակարգի ներդրում, գույքային հարկերի մասով հարկային վարչարարության պարզեցում, անշարժ գույքի շուկայի զարգացման և անշարժ գույքի շուկայի գնային իրավիճակի վերաբերյալ վերլուծական տեղեկատվության ապահովման նպաստում, անշարժ գույքի միասնական և շուկայական արժեքին մոտարկված զանգվածային գնահատում: 
 
Ինչպես նշել է Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը, ներկայացված փոփոխությունները չեն վերաբերում  գյուղատնտեսական նշանակության  հողերին: Ըստ նրա՝  անշարժ գույքի գնահատման կարգը դիտարկվում է  երեք ձևով՝ հողամաս, հողամասը՝ իր բարելավումներով, բազմաբնակարան շենքերի բնակարանների, ոչ բնակելի տարածքների, ավտոտնակների և բազմաբնակարան շենքում տեղակայված հասարակական ու արտադրական շինություններ: Սահրատ Պետրոսյանը նշել էնաև, որ առանձնատների մասով, մասնավորապես,  հստակեցվել են ճոխություն համարվող բաղադրիչները՝ լողավազան, շվաքարաններ և այլն: 
 
Կառավարության ղեկավարն անդրադարձել է օրինագծին և նշել.  «Խոսքն այն երկար քննարկված փոփոխությունների մասին է, որ, այսպես ասած, եկամտային հարկի կամ Հարկային օրենսգրքի փոփոխության համատեքստում սոցիալական արդարության բաղադրիչը տեղափոխում ենք գույքի հարկման ռեժիմ: Սա շատ կարևոր գաղափարախոսական նշանակություն ունի: Իհարկե, այս նախագծով ամբողջ աշխատանքը չի ավարտվում: Դեռ պետք է շարունակենք այդ աշխատանքը, բայց կարևոր հանգրվան է, որ արդեն  ԱԺ նախագծի փաթեթ  է ուղարկվում»:
 
Հավանության է արժանացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծով առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1698-րդ հոդվածով, ինչպես նաև 1692-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի մասով, հարկային մարմնին, իր լիազորությունների շրջանակում,  ճանաչել որպես պատասխանատվություն կիրառող մարմին: Արդյունքում, մասնավորապես, կապահովվի հարկային օրենսդրությամբ սահմանված վիճակագրական տեղեկատվության ճշգրիտ ներկայացումը և կկարգավորի դրանից բխող հետագա աշխատանքների ճշտության խնդիրը:   
 
Գործադիրն առաջարկություն է ներկայացրել «ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի և Արման Բաբաջանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Մասնավորապես, կառավարությունն ընդունելի է համարում նախագծով առաջարկվող դրույթները, միևնույն ժամանակ առաջարկում է քննարկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում և ենթակա մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու պահանջի նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով, որ դիվանագիտական ներկայացուցչության մարմիններում աշխատանքների համակարգում ենթադրող մի շարք պատասխանատու պաշտոններ ՀՀ օրենսդրության համաձայն չեն հանդիսանում ղեկավար պաշտոն (օրինակ՝ նախարարի խորհրդական, վարչության խորհրդական, մամուլի քարտուղար, ինչպես նաև պետական այլ մարմիններ գործուղված դիվանագետների զբաղեցրած հայեցողական պաշտոններ): Ըստ նախագծին կից հիմնավորման՝ օրինագծով նվազագույնի է հասցվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոններում քաղաքական կամ անձնական շահով պայմանավորված նշանակումների հնարավորությունը, ինչն առողջացնում է դիվանագիտական ծառայության ոլորտը՝ ստեղծելով հավասար հնարավորություններ և առողջ մրցակցային մթնոլորտ դիվանագիտական ծառայության ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին տիրապետող դիվանագետների առաջխաղացման համար:
 
Օրինագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են կարծիքներ, դիտարկումներ և առաջարկություններ: Մասնավորապես,  քննարկվել է 10 տարվա ստաժի պահանջի օրենսդրական կարգավորումը: Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նախագիծը կառավարության եզրակացություններով ուղարկել ԱԺ՝ բարձրացված հարցերն առավել մանրամասն քննարկելու պայմանով:
 
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել նաև «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքներիի նախագծերի վերաբերյալ: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն