Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ


Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Airbus և Air Asia ընկերությունների ղեկավարների հետ

  • 22-06-2019 11:55:48   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն

Ֆրանսիական Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է համաշխարհային առաջատար Airbus ընկերության տաղավար: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը շրջել է տաղավարում, ծանոթացել ներկայացված նոր մոդելների տեխնիկական հնարավորություններին ու դրանցում կիրառվող նորարարական լուծումներին:
 
Ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Լիոնել Շամփոյի հետ նախագահ Սարգսյանը խոսել է Հայաստանի հետ փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունների մասին, առաջարկել այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ առկա ներուժին: Նա մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը զարգացման մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտներում, որոնք հեռանկարային կարող են լինել Airbus-ի հետ համագործակցության առումով: Airbas-ի ներկայացուցիչները Հայաստան այցելելու պատրաստակամություն են հայտնել:
 
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Air Asia ընկերության տաղավար: Ընկերությունը համարվում է ասիական տարածաշրջանի ամենահայտնի և ամենապահանջված լոուքոսթերը:
 
Air Asia ընկերության գործադիր տնօրեն Թոնի Ֆերնանդեսի հետ նախագահ Սարգսյանը քննարկել է Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները և առաջարկել գործունեության համար դիտարկել նաև հայաստանյան շուկան: Նախագահ Սարգսյանը նրան հրավիրել է այցելել Հայաստան, տեղում ծանոթանալ փոխգործակցության հնարավորություններին:
 
Թոնի Ֆերնանդեսը համագործակցության պատրաստակամություն է հայտնել և ընդունել է Հայաստան այցելելու հրավերը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն