Այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. Ն. Փաշինյան.tert.am


Այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. Ն. Փաշինյան.tert.am

  • 22-06-2019 12:53:50   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԿԲ-ից տեղեկացա, որ այս տարի պահուստավորված դոլարի ծավալը ՀՀ-ում հասել է 171 մլն դոլարի, երեք օրվա ընթացքում այն 40 մլն դոլարով ավելացել է. «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» բիզնես ֆորումին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Դա նշանակում է, որ ՀՀ-ում փող է պտտվում, տնտեսության արյունատար անոթները բացվել են, և մեզ պետք է անհատական ջանքի հաղթանակ, որ  դրամաշրջանառությունը, տնտեսաշրջանառությունն ավելի ակտիվանա: Այստեղ կարևորը դրամը չէ, աշխատանքն է, ստեղծագործությունն է, ինքներս մեզ հավատալն է, մեր երկրին, ապագային, տաղանդին հավատալը»,-ասաց նա:
 
Ըստ վարչապետի՝ յուրաքանչյուր մարդ բացառիկ տաղանդավոր է: «Երկրագնդում չկա մարդ, որ տաղանդ չունենա, Հայաստանում չկա ոչ  տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց օգնելն է, քաջալերելն է, որ հավատան իրենց տաղանդին, այն պահից, հենց հավատացին իրենց տաղանդին, նրանց այլևս ոչ ոք չի կանգնեցնի, նույնիսկ կառավարությունը»,-ասաց նա:
 
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, խոշոր կապիտալը: «Իհարկե դժվար է թերագնահատել խոշորի դերը տնտեսության զարգացման գործում, բայց ՀՀ-ում, այսպես թե այնպես, խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի,  կառավարությունը շահագրգռված է, որ հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն այն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ, մարդիկ տեսնեն այդ ճանապարհը, որ զրոյից կարող են բարձրանալ այնքան, ինչքան ուզեն»,-ասաց նա:
 
Ըստ վարչապետի՝ պետք է դրանով նաև  արտերկրին ներդրումների համար ցույց տալ, որ ՀՀ-ն տաղանդավոր մարդկանց երկիր է:
 
«Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում՝ խոսքով, գաղափարով: ՀՀ-ում մեզ հաջողվել է անհավանական քաղաքական փոփոխություններ անել, որը արել ենք խոսքով և գաղափարով, և որևէ մեկը չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը»,-ասաց վարչապետը և նշեց, որ հավատում է ՀՀ  քաղաքացիներին, որ պետք  է շարունակեն իրենց հաղթարշավը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը