«Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին»


«Քաշաթաղի շրջանում վերաօծվել է 17-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին»

  • 24-06-2019 15:11:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Քաշաթաղի շրջանի Հոչանց գյուղում վերաբացվեց և կրկին օծվեց գյուղի Սբ․ Ստեփանոս եկեղեցին, որը կառուվել է 17րդ դարում։ Օծման կարգն առաջնորդում էր Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ 
Վերաօծման արարողությանը հաջորդել է կիրակնօրյա պատարագ։ Եկեղեցու վերականգնման և վերանորոգման աշխատանքներն իրականացրել է «Թուֆենկյան» հիմնադրամը ՝ իր ԱՄՆ-ի նվիրատուների միջոցներով։ Շինարարական աշխատանքներին աջակցել է նաև Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։ 
 
Միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի վարչակազմի ներկայացուցիչներ, «Թուֆենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը, Հոչանցի և հարևան գյուղական համայնքների բնակչությունը։ Հոչանցի եկեղեցին միշտ կրել է կարևոր համայնքային նշանակություն, սակայն, երկար տարիներ այն եղել է լքված, իսկ ԽՍՀՄ տարներին շահագործվել է որպես ալյուրի պահեստ և փուռ։ 
 
«Մենք սովորաբար կենտրոնանում ենք համայնքերի տնտեսական զարգացման և կայացման վրա, սակայն Արցախի մշակութային ժառանգությունը իրոք հարուստ է և Սբ․ Ստեփանոս եկեղեցու նման վայրերը անհերքելի ապացույցն են նրա, որ այս հողը հայկական է և հայերն են այս հրաշալի վայրի իրական տերերը», նշել է հիմնադրամի հոգաբարձու և զարգացման տնօրեն Անդրանիկ Գասպարյանը։ 
«Թուֆենկյան» հիմնադրամը միշտ աջակցել է մշակութային և պատմական կոթողների պահպանության գործընթացին։ Մասնավորապես, հիմնադրամը վերանորոգել է նույն շրջանի Հակ գյուղի Սբ․ Մինաս եկեղեցին և Ծիծեռնավանքի համալիրը։ Բացի այդ հիմնադրամը մասնակցել է Դադիվանքի և Միրիկ գյուղի եկեղեցու վերանորգման գործընթացին։ 
 
«Արցախ աշխարհը հարուստ է վանքերով և եկեղեցիներով։ Ցավոք սրտի, այսօր մենք չենք կարող հոգ տանել բոլորի մասին, սակայն նմանատիպ փոքր քայլերով, ինչպիսին էր Սբ․ Ստեփանոսի վերականգնումը, մենք հույս ունենք քաջալերել մարդկանց միանալ հայոց հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման գործընացին», ասել է Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ 
 
«Թուֆենկյան» հիմնադրամը ՝ Քաշաթաղի հյուսիասյին շրջանում իրականացվող նախագծերի շրջանակում նաև նորոգել է Հոչանց գյուղի դպրոցը։
 
Հիմնադրամը ստեղծվել է ավելի քան 20 տարի առաջ, ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանի կողմից։ Հիմնադրամը իրականացնում է զարգացման ծրագրեր և ներդրումներ, վերաբնակեցման, առողջապահության բարձր մակարդակի, համայնքային զարգացման և Արցախի ազատագրված տարածքներում տնտեսության վերականգնման նպատակով։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն