Էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վաչագան Ղազարյանի գործով դատարանի որոշումը
24-06-2019 15:24:21 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Վաչագան Ղազարյանի փաստաբան Մհեր Հակոբյանից:
Հիշեցնենք, որ դատարանը պարտավորեցրել էր հանձնաժողովին ոչնչացնել Ղազարյանի և նրա կնոջ 2017 թվականի տարեկան և 2018 թվականի պաշտոնի դադարեցման հայտարարագրերը և հօգուտ Ղազարյանին բռնագանձել 4000 դրամ` որպես դատական ծախս։
Մհեր Հակոբյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ դատարանի վճիռն ու իրենց հայցը, ըստ էության, համընկել են. «Մեր հայցը բավարարվել է այն հիմքով, որ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, հետեւաբար՝ Էթիկայի հանձնաժողովը իրավասու չէր ընդունելու այդ հայտարարագրերը»:
Ինչ վերաբերում է դրանք ոչնչացնելուն, ըստ փաստաբանի՝ դա բխում է Սահմանադրությունից եւ Անձնական տվյալների պաշտպանության մասին ՀՀ օրենքից, սակայն քանի դեռ հանձնաժողովը բողոքարկում է դատարանի որոշումը, հայտարարգրերը չեն ոչնչացվի:
Նշենք, որ հունիսի 12-ին գործն ուղարկվել է Վարչական վերաքննիչ դատարան: Նիստը օրը դեռեւս հայտնի չէ:
Ինչ վերաբերում է ՍԴ որոշումից հետո Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը բարձրացնելուն, Մհեր Հակոբյանն ասաց, որ այդ միջնորդությունը դեռ քննարկման փուլում է. «Ժամկետներ դեռ ունենք, եթե քրեական գործով նախաքննական մարմինը որեւէ բան չձեռնարկեց, այդ դեպքում արդեն ինքներս այդ ճանապարհով կգնանք»:
Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանը մեղադրվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափը թաքցնելու, ինչպես նաեւ ապօրինի հարստանալու մեջ։ Ղազարյանը դիմել էր ՍԴ` ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի կիրառումն իր նկատմամբ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու նպատակով։
Սահմանադրական դատարանը Վաչագան Ղազարյանի դիմումի քննության արդյունքում որոշել էր, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի՝ Վաչագան Ղազարյանի կողմից վիճարկվող 314.3 հոդվածով և 310.1-րդ հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, սակայն կոնկրետ մեկնաբանության եւ կոնկրետ հանգամանքների առկայության պարագայում. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են այլ՝ Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով»,- նշել էր ՍԴ-ն