Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում. armtimes.com


Վթարային հանրակացարանի տասնյակ բնակիչների կհատկացվի 39 բնակարան նորակառույց շենքերում. armtimes.com

  • 24-06-2019 15:50:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Երեւանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.8 եւ հ.10 շենքերի կամ, որ նույնն է, Էրեբունու հանրակացարանների տասնյակ բնակիչներ կտեղափոխվեն նորակառույց բնակարաններ, քանի որ իրենց շենքերը 4-րդ կարգի վթարային են եւ վտանգավոր մարդկանց կյանքի ու առողջության համար:
 
Քաղաքացիներին բնակարաններ նվիրելու մասին որոշման նախագիծն ընդգրկված էր Երեւանի ավագանու այսօրվա՝ հունիսի 24-ի արտահերթ նիստի օրակարգում, որն, ի վերջո, ընդունվեց միաձայն: Վթարային շենքերում ապրողներն Էրեբունուց կտեղափոխվեն Աջափնյակ վարչական շրջան՝ Շինարարների, Մարգարյան, Սիսակյան փողոցներում կառուցվող բազմաբնակարան շենքեր: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշեց, որ հատկացվում է 39 բնակարան:
 
Որոշման նախագծի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նոր բնակարանները հատկացվում են՝ ըստ բնակիչների նախկինում տիրապետած բնակարանի սենյակների քանակի՝ անկախ այն բանից, թե որքան է եղել ընդհանուր բնակմակերեսը: Ամեն դեպքում նոր բնակարաններում առաջարկվող բնակմակերեսը շատ ավելի մեծ է, քան մարդիկ ունեցել են մինչեւ այժմ: Հանրակացարանում բնակիչներից մեկն, օրինակ, զբաղեցրել է ընդամենը 10.5 քմ տարածք: Նորակառույց շենքում նրան կտրամադրվի առնվազն 40 քմ: 28 քմ մակերեսով բնակարան ունեցող մեկ այլ ընտանիք կունենա 66.2 քմ տարածքով նոր բնակարան եւ այլն:
 
Փոխքաղաքապետ Սարգսյանն ավագանու նիստի ընթացքում տեղեկացրեց, որ հանրակացարանների բնակիչները շուրջ 80 ստորագրություն են հավաքել եւ դիմել ավագանու ԲՀԿ խմբակցություն, որպեսզի ընտանիքներից մեկին ոչ թե մեկ սենյակի դիմաց առաջարկվի մեկ սենյակ, այլ բացառության կարգով տրամադրվի երկուսը, որովհետեւ ընտանիքը բազմանդամ է՝ հինգ հոգի: Հայկ Սարգսյանն այս հարցը ներկայացրեց ավագանու քննարկմանը՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ նշված ընտանիքը այդպիսի միակը չէ: Ավագանին որոշեց, միջնորդությունը քվեարկության դնել ավելի ուշ, քանի որ այն քննարկելու ժամանակ չեն ունեցել:
 
Վերաբնակեցման ենթակա է 142 բնակարան: Իսկ 19 բնակարանի սեփականատերեր նախընտրել են մնալ շենքում: Քաղաքապետի տեղակալի փոխանցմամբ, պատճառներից մեկը հետեւյալն է. «Ավելի մեծ բնակմակերես են ակնկալում՝ հասանելիքից ավելին՝ լինելով մեկ կամ երկու հոգանոց ընտանիքներ»:
 
Հ.Գ. Երեւանի Արզումանյան 10 հասցեում գտնվող բնակելի շենքը նույնպես վթարային է ու վտանգավոր է այնտեղ ապրողների համար: Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հերթական անգամ հետաքրքրվեց՝ ինչ է լինելու այդ մարդկանց հետ: Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ասաց, որ ուրբաթ օրն անձամբ եղել է նշված շենքում, հանդիպել երրորդ՝ ամենավտանգավոր մուտքի բնակիչների հետ: Այժմ, ըստ նրա, նախապատասատվում է քաղաքապետի որոշումը, ինչից հետո ձեռնամուխ կլինեն բնակիչների տեղափոխմանը՝ համայնքի միջոցների հաշվին:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play