Կապանի անտառտնտեսության և Սյունիքի մարզի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները պաշտոնյայի մեքենայի համար


Կապանի անտառտնտեսության և Սյունիքի մարզի բնակիչների կարիքների համար նախատեսված գումարները պաշտոնյայի մեքենայի համար

  • 24-06-2019 18:48:36   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պետական շահերի հայց հարուցելու իրավասության շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է նախաձեռնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի առաջին փուլում ուսումնասիրության առարկա է դարձվել ՊՈԱԿ-ի հիմնական միջոցների շարժի, նյութական ձեռքբերումների ոլորտը:
 
Այս շրջանակում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տրամադրած փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2018թ. հունվարի 23-ին կնքված նվիրաբերության պայմանագրով ՀՀ բնապահպանության նախարության և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի իրականացման գրասենյակի կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է մինչև 106.192.800 դրամ: Գումարը տրամադրել է Սյունիքի մարզի 4 գյուղական բնակավայրերին մինչև 2300խմ. վառելափայտով ապահովելու նպատակով տրակտորի, սղոցարանի, վառելափայտ ճղելու սարքավորման, փայտածուխի արտադրամասի, չորանոցի, «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ», «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ ՊԻԿ-ԱՊ» և «ՈՒԱԶ ՀԱՆՏԵՌ» ավտոմեքենաների ձեռքբերման և դրանք անմիջապես Կապանի անտառտնտեսության մասնաճյուղին հանձնելու համար:
 
Պարզվել է, սակայն, որ ՊՈԱԿ-ի առաջարկով վերոհիշյալ պայմանագիրն անհիմն փոփոխվել է, և տրակտորի, փայտածուխի արտադրամասի և «ՈՒԱԶ ՊԱՏՐԻՈՏ» ավտոմեքենայի փոխարեն 2018թ. սեպտեմբերի 27-ին կնքված պայմանագրով 25.700.000 ՀՀ դրամով ձեռք է բերվել «ՏՈՅՈՏԱ ԷԼ ՍԻ Պրադո 4,0լ Բիզնես + /6 ՋԻ/» ավտոմեքենա, որը երկու ամիս անց 5 տարի ժամկետով հանձնվել է ՀՀ անտառային կոմիտեի ղեկավարի պաշտոնակատարի անհատույց օգտագործմանը:
 
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական անփութության հանցագործությունների հատկանիշներ պարունակող առերևույթ տվյալներ և անհրաժեշտ է հանգամանքների լիարժեք պարզման նպատակով իրականացնել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն՝ հիշյալ դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
Նոյյան տապան  -   Իրավունք