Նոյեմբերյանցի վարորդները մայթին 2 աթոռ են դրել, ասում են, նոր ավտոկայարանն է


Նոյեմբերյանցի վարորդները մայթին 2 աթոռ են դրել, ասում են, նոր ավտոկայարանն է

  • 25-06-2019 11:40:52   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գտնվող  ավտոկայարանի շենքում վերանորոգման  ակտիվ աշխատանքներ են կատարվում։

Շենքի  ծածկն է փոխվել, տանիքին տեղադրվել են  մետաղյա թիթեղներ, ավտոկայարանի  շենքի ձախ  մասում հագուստի խանութ է բացվել, աջ մասում՝ նախկին սպասասրահի տարածքում,  բետոնե բլոկներ են շարվում։ Նոյեմբերյանցի վարորդները ավտոկայարանից մոտ 15 մ հեռավորությամբ, մայթին 2 աթոռ են դրել,  կատակով ասում են, որ դա նոր ավտոկայարանն է։ Ամռան տապին, ձմռան ցրտին, անձրեւներ, ձյուն տեղալու  ժամանակ որտե՞ղ են պատսպարվելու նոյեմբերյանցի ուղեւորները։ 

«Հայավտոկայարան»   ՓԲԸ իրավաբան  Արթուր Օհանյանն ասաց, որ  Նոյեմբերյան քաղաքից սկիզբ առնող երթուղիների սեփականատերերը  իրենց ընկերության հետ ավտոկայարանի  տարածքն օգտագործելու վերաբերյալ պայմանագրեր չեն կնքել,  իրենք գույքահարկ են վճարում, ավտոկայարանի տարածքի պահպանության ծախսեր կատարում, իրենք  հանդիսանում են պետական ընկերություն, սակայն  պետությունից չեն  ֆինանսավորվում,  իրենց ընկերությունը շահույթ է հետապնդում եւ   Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքի վարձակալության պայմանագիր է  կնքել  մասնավոր  անձանց հետ։ «Հայավտոկայարան»  ՓԲԸ   վարչատնտեսական բաժնի  պետ Միհրան  Ղամբարյանը հայտնեց, որ  տարածքի վարձակալության վերաբերյալ  առաջարկ են ստացել 2  անձանցից, նրանց  առաջարկի պայմանները իրենց բավարարել  են, իրենք վարձակալության պայմանագիր են  կնքել նրանց հետ։  Նա ասաց, որ Նոյեմբերյանի ավտոկայարանի  տարածքի մի մասը ծառայելու է որպես ավտոկայարան։ Նրան հայտնեցի , որ  ավտոկայարանի տարածքն ամբողջությամբ նորոգվում,  խանութ է դառնում։ Ղամբարյանը  հայտնեց , որ իրենք հսկողություն են իրականացնելու եւ թույլ չեն տա, որ վարձակալության  պայմանագրի դրույքները  խախտվեն, տարածքն ամբողջությամբ խանութ դառնա։  Ավտոկայարանի շենքի աջ հատվածը մոտ  25 տարի վարձակալությամբ զբաղեցնում է նոյեմբերյանցի զոհված ազատամարտիկի ընտանիքը, ամսական վճարելով 15 հազար դրամ վարձավճար։ Այս տարվա ապրիլին այդ ընտանիքին հայտնել են, որ վարձակալության ամսական վճարը կազմելու է 45 հազար դրամ։ Մ․ Ղամբարյանին հարցրի, թե ինչո՞ւ է եռակի անգամ բարձրացել տարածքի  վարձը։ Նա ասաց, որ իրենց ընկերությունը 2018թվականից նոր մարդիկ են ղեկավարում, մտածողության փոփոխություն է եղել ։ «Հայավտոկայարան» ընկերության վերոհիշյալ պաշտոնյաները չպատասխանեցին  լրագրողիս այն հարցերին, որ  եթե տարածքի վարձակալության մրցույթ չի անցկացվել, Նոյեմբերյանի ավտոկայարանի տարածքը  վարձակալած 2 անձինք ինչպե՞ս են ընտրվել, ո՞նց  է որոշվել, որ նրանց առաջարկած վարձակալության պայմանները ամենալավն են։ Նշեմ, որ Նոյեմբերյանի ավտոկայարանից  ներկայումս  գործում են Նոյեմբերյան- Վանաձոր   եւ Նոյեմբերյան-Կողբ-Բերդավան միկրոավտոբուսային  երթուղիները։

tesankyun.am

 

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը