ՀՀ-ն Վրաստան-Ռուսաստան լարվածությունը հանելու համար պատրաստ է երկկողմ օդային ուղեւորափոխադրում իրականացնել. Ճաղարյան

25-06-2019 14:54:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
armtimes.com Հուլիսի 8-ից դեպի Վրաստան կատարվող չվերթների դադարեցման մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը դիմել է հայկական բոլոր ավիաընկերություններին՝ ռուս-վրացական լարվածության պատճառով ՌԴ-Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ուղեւորափոխադրումներին միահամուռ հայկական ճակատով մասնակցելու իրենց պատրաստակամության եւ հնարավորությունների ճշտման նպատակով:
 


Ճաղարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ
3 ավիաընկերություն, որոնց ինքը դիմել է` «Արմենիա», «Տարոն Ավիա» եւ «Ատլանտիս Եուրոփիան», հայտարարել են իրենց պատրաստակամությունը աջակցել՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ օդային փոխադրումների ոլորտում ստեղծված լարվածություն
ը հանելու համար: Ճաղարյանի խոսքով՝ այդ ընկերությունները 5 օդանավերով պատրաստ են մասնակցել գործընթացին, դրանց թիվը կարող է ավելանալ եւս 2-ով: Նա արդյունքների մասին զեկուցագիր է գրել վարչապետին եւ առաջարկել է ՀՀ-ի աջակցությունը ցույց տալու պատրաստակամության մասին հայտարարություն անել:
 
Հարցին՝ կողմերից որեւէ մեկի հետ հնարավո՞ր է քաղաքական խնդիր առաջանա, Ճաղարյանը պատասխանեց. «Իհարկե ոչ, ես 2 կողմերին էլ առաջարկել եմ հավասարապես օգտագործել մեր օդային տարածքը եւ մեր ունեցած հնարավորությունները: Դա շատ մարդկային, շատ տրամաբանական եւ շատ ընկերական մոտեցում է՝ 2 պետությունների համար էլ: Ընդ որում, լարվածությունը ոչ թե պետությունների միջեւ է եւ ոչ թե քաղաքական լարվածություն է, որ մենք որեւէ մեկի կողմը բռնելու դեպքում մյուսից ունենանք կամ հակազդեցություն կամ չհասկացողություն, այլ ընդամենը ռուսական կողմը, հաշվի առնելով Վրաստանի ներքին իրավիճակը, իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար գերադասել է դադարեցնել օդային փոխադրումները Վրաստանի հետ: Դա միջպետական լարվածություն չի, այլ Վրաստանի ներքին պետական լարվածության հետեւանքն է: Բացի դրանից իմ առաջարկությունը 2 կողմերին հավասարապես վերաբերվում է: Այն, որ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն Ռուսաստանից տեղափոխվել Վրաստան եւ հակառակ ուղղությամբ, դա փաստ է եւ ինչ-որ լուծում պետք է գտնվի: Ինչո՞ւ այդ լուծումը 2 կողմերի համար էլ բարեկամական Հայաստանի միջոցով չկատարվի»:
 
Դիտարկմանը, թե սա նաեւ տնտեսապես կարող է Հայաստանին օգնել, Ճաղարյանն արձագանքեց. «Ես չէի ուզի անդրադառնալ տնտեսական օգնության հարցին: Այստեղ խնդիրն ավելի շատ բարոյական եւ մարդկային է, քան տնտեսական»:
 
Ճաղարյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ է արգելքները սկսելու առաջին իսկ պահից այդ փոխադրումներն իրականացնել: «Իրականում մենք ոչ մի խնդիր չենք ունենա: Մենք չունենք սահմանափակում Վրաստանի հետ օդային փոխադրումներում, մենք չունենք սահմանափակում Ռուսաստանի հետ օդային փոխադրումներում»:
 
Հարցին՝ ինչ-որ հաշվարկ կա՞ թե որքան ուղեւորահոսքի մասին է խոսքը, Ճաղարյանը պատասխանեց. «Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ օրական կատարվում է 7 թռիչք, որոնցից 3-ը կատարում է վրացական ավիաընկերությունը, 4-ը՝ ռուսական: Ես համոզված եմ, որ հիմա ռուսական ավիաընկերությունները կդիմեն հայկական օդային ավիացիայի իշխանություններին՝ իրենց հաճախականությունը Մոսկվայի ուղղությամբ բարձրացնելու համար: Ամեն դեպքում վստահ եմ, որ օրը 4 օդանավի թռիչք կլինի: 4 օդանավը մոտավորապես 600 հոգի է: Կարծում եմ, որ դրանցից մի մասը կբերեն ռուսական ընկերությունները, իսկ վրացական ընկերությունը հնարավորություն չի ունենա կատարել ուղեւորների տեղափոխումը այդ ուղղություններով եւ նրանց մեծ մասը կտեղափոխվի Հայաստանով: Այսինքն, այդ ուղեւորները իրենք կտեղափոխվեն՝ Հայաստանով գնալու համար: Վրաստանը կգերադասի Հայաստանով՝ հայկական ընկերությունով գնալ, քան ռուսական ընկերությունով: Բացի դրանից վրացական ավիաընկերությունը ուներ մի քանի թռիչք դեպի Վորոնեժ, Կազան եւ Ուֆա, ես կարծում եմ, որ դրանք չեն դադարեցվի, կարող է նկատվի դրանց պակասություն, բայց միեւնույն է՝ այդ ուղեւորահոսքը նույնպես պետք է տեղափոխվի Հայաստան կամ կհամալրի Մոսկվայի ուղղությունով գնացող ուղեւորների քանակը»:
 
Հարցին՝ հնարավո՞ր է Ռուսաստանից ուղեւորափոխադրումներ իրականացվեն Հայաստան, իսկ Հայաստանից արդեն ցամաքային ճանապարհով դեպի Վրաստան, Ճաղարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կլինի այդպիսի տարբերակ»:
 
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ թե՛ «Զվարթնոց» եւ թե՛ «Շիրակ»-ի օդանավակայաններում չվերթներ ընդունելու որեւէ սահմանափակում չկա՝ անկախ քանակից:
 
Հիշեցնենք, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: Հանրային դժգոհության առիթը հունիսի 20-ին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալել էին որպես վրացական պետականության նվաստացում: Վրացի ընդդիմադիր պատգամավորները տապալել էին նիստը, ինչից հետո Վրաստանի մայրաքաղաքում բախումներ էին տեղի ունեցել ոստիկանության ու ցուցարարների միջեւ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 295 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար