Բեկումնային որոշում. Ռոբերտ Քոչարյանի զոհաբերությունը


Բեկումնային որոշում. Ռոբերտ Քոչարյանի զոհաբերությունը

  • 25-06-2019 17:53:27   | Հայաստան  |  Վերլուծություն

Վերաքննիչ դատարանը կայացրել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում: Մեղադրող դատախազը հայտարարել է, որ այն պետք է իրականացվի անհապաղ եւ կատարումը հանձնարարված է ոստիկանությանը:
 
Ռոբերտ Քոչարյանի ազատությունից բանտ «հերթական ճանապարհին» Հայաստանում տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ, իրադարձություններ, մասնավորապես դատաիրավական համակարգի շուրջ, ինչը սկսվեց հենց Քոչարյանին ազատ արձակելու դատական ակտից, սակայն նշանակալի իրադարձություններ տեղի ունեցան ոչ միայն Հայաստանի ներքին կյանքում:
 
Այստեղ առանցքային էր Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը: Հանդիպումը եղել էր առանձնահատուկ՝ տետ ա տետ, ինչը նշանակում է, որ դեսպան Կոպիրկինը երկրորդ նախագահին ասում էր մի բան, ինչը չէր ցանկանում, որ իմանա որեւէ երրորդ անձ: Կամ, եթե որեւէ երրորդ անձ իմանար այդ հանդիպման մասին, ապա Կոպիրկինը հստակ կիմանար, որ արտահոսքը Ռոբերտ Քոչարյանից է:
 
Ինչո՞վ էր պայմանավորված եղել հանդիպման այդ կոշտ պայմանը, առավել եւս, եթե նկատի առնենք այն, որ դեսպանատունը հաջորդ օրն իսկ տարածեց տեղեկություն, թե հանդիպումը եղել է հասարակական-քաղաքական գործիչների եւ գործարարների հետ հանդիպումների շարքից: Ուրեմն, ինչու՞ այդ խիստ խորհրդապահությունը՝ տետ ա տետ հանդիպում:
 
Դրան հաջորդել էր Երեւանի կոշտ ու աննախադեպ արձագանքը: ՌԴ դեսպանը ներքին գործերին չմիջամտելու համատեքստում զրույցի համար հրավիրվել էր Հայաստանի ԱԳՆ:
 
Փաստացի, Ռոբերտ Քոչարյանի հետ ՌԴ դեսպանի հանդիպումը աննախադեպ իրավիճակ ստեղծեց հայ-ռուսական հարաբերության շրջանակում: Դանից հետո ՌԴ դեսպանը հանդիպեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, ինչին մի քանի ժամ անց հաջորդեց Վահե Գրիգորյանի հայտարարությունը ՍԴ նախագահի մասին:
 
Թե Հրայր Թովմասյանին ինչ էր ասել դեսպանը, չի մանրամասնվել, բայց Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը հուշում է, թե ինչ կարող էր ասած լինել:
 
Ռուսաստանը Հայաստանում գնացել է պարտության՝ թերեւս գիտակցված պարտության, եւ թերեւս ցուցադրական պարտության: Ավելի շուտ, Հայաստանում ցուցադրական պարտության է տարվել Ռուսաստանի դերի եւ ազդեցության մասին «ավանդական» ընկալումը, որի վրա հենց սկզբից փորձում էր իր պաշտպանական խաղը կամ դրա շոշափելի մասը կառուցել Ռոբերտ Քոչարյանը: Հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո:
 
Հատկանշական է այդ գործընթացին զուգահեռ արտաքին շրջանակը: Մասնավորապես Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Վաշինգտոնում, դրա շեմին Ադրբեջանի պաշտպանության նախարարի խոստովանությունը, որ Բաքվին միջազգային մակարդակով արգելված է պատերազմել, այդ իրողությանը զուգահեռ հակառուսական բռնկումը Վրաստանում, եւ տեղեկությունը, որ ստացվել է Իսրայելից, որտեղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, ԱՄՆ անվտանգության խորհրդի քարտուղար Ջոն Բոլթոնը եւ Իսրայելի վարչապետը հայտարարել են Սիրիայի հարցում ընդհանուր համաձայնության մասին, նշելով, որ մանրամասների շուրջ դեռ պետք է աշխատել:
 
Ի դեպ, հունիսի 18-ին Ուֆայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հավաքի շրջանակում հանդիպել էին Հայաստանի եւ ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարները:
 
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին դատարանի որոշումից ընդամենը րոպեներ անց տարածվեց տեղեկություն, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ դեսպան Կոպիրկինին:
 
Այդ իմաստով, Ռոբերտ Քոչարյանին կամա թե ակամա վերապահվում է պատմական դեր, եւ թերեւս Հայաստանի համար նրա կարիերայի ընթացքում իրապես բացառիկ դրական՝ խորհրդանշել Հայաստանում ռուսական «ավանդական» ազդեցության ցուցադրական պարտությունը եւ վախճանը: Այդ դերը պատմական է ոչ միայն Հայաստանի, այլեւ հենց Ռուսաստանի համար, որը կանգնած է ինքնիշխան Հայաստանի միջոցով ռեգիոնալ գոյության վերաիմաստավորման անայլընտրանք անհրաժեշտության կամ ռեգիոնալ ազդեցության վախճանի դիլեմայի առաջ:
 
Ինչպե՞ս կգնահատեն Հայաստանն ու Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանի այդ կամա թե ակամա «զոհաբերությունը»:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play