ՌԴ դեսպանի անսպասելի պատասխանը Շարմազանովին


ՌԴ դեսպանի անսպասելի պատասխանը Շարմազանովին

  • 02-07-2019 10:17:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի քանի ամիս շարունակ փորձում է Նիկոլ Փաշինյանից պատասխան ստանալ, թե ովքեր են քաղաքական դաշտում օտարերկրյա գործակալները: Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել էր ամիսներ առաջ, եւ Շարմազանովը իր գրառումներում դիմում է նրան՝ անուններ հրապարակելու համար:
 
Լուրջ հարց է իհարկե, եւ Շարմազանովի մտահոգությունը տեղին է: Ընդ որում, պետք է նշել, որ նա միակն է, ով հետեւողական բարձրացնում է այդ հարցը:
 
Թե ինչ եւ ում նկատի ուներ Փաշինյանը, դա գիտե միայն ինքը, մյուս կողմից, գործակալը լայն հասկացություն է եւ կարող է լինել թե այսպես ասած «հաստիքային», թե ավելի լայն՝ ազդեցության գործակալի տեսքով: Ընդ որում, դեռ խնդիր է, թե որ տեսակն է ավելի վտանգավոր:
 
Այս առումով, Շարմազանովն իր հարցի լիուլի պատասխանը կարող է ստանալ, օրինակ, հետեւելով Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինի գործունեությանն ու որոշ հանդիպումներին: Կոպիրկինը, ի տարբերություն իր նախորդների, ազնվորեն հայտարարեց Հայաստանի հանդեպ փափուկ ուժի կիրառման մասին եւ սկսեց գործել բավական բաց ու թափանցիկ: Շատերն իրավացիորեն ասում են, որ դեսպանը յուրատեսակ լյուստրացիա է անում, ընդ որում, շատերն էլ հեռուն գնալով, չեն բացառում, որ նա հենց լյուստրացիա է անում:
 
Դեսպանի այդ գործունեությունն անսպասելի էր, հաշվի առնելով իր նախորդների ոճը, ինչպես նաեւ Ռուսաստանի քաղաքականության բնույթը: Մյուս կողմից, ՌԴ դեսպաններին վտարելու բավական հարուստ փորձ կա հետխորհրդային տարածքում, եւ հնարավոր է դա էլ է ազդել գործունեության տեսակի ու բնույթի վրա:
 
Պետք է նկատի առնել մեկ շատ կարեւոր հանգամանք եւս՝ Մոսկվայում խիստ դժգոհ են մերձավոր արտասահմանում, եւ հատկապես Հայաստանում իրենց ագենտուրայի ու կրեատուրայի գործունեությունից, որը բերել է հակառակ էֆեկտի: Կարելի է հիշել ռուսական կայսերականության գաղափարախոս Սերգեյ Կուրղինյանի ելույթը: Նա բորբոքված հարց էր տալիս, թե ինչու է Մոսկվան տեղերում ընտրում, կամ ինչու են Մոսկվայի հետ համաձայնվում աշխատել ստահակներն ու ալկաշները, անսկզբունք ու անողնաշար մարդիկ: Նա այլ բնորոշումներ էլ է տվել, այդ հոլովակը կարելի է հանգիստ գտնել համացանցում:
 
Կուրղինյանի բարկությունը հասկանալի էր: Ռուսական կայսերականությունը ռոմանտիկ, նույնիսկ հուզիչ ինչ որ վեհություն է ենթադրում, բայց…
 
Վերադառնալով Շարմազանովին, կարելի է մի շարք հարցեր հուշել նրան, ինքնուրույն որոնելու եւ եզրակացություններ անելու համար, քանի որ երեւում է Նիկոլ Փաշինյանը չի պատասխանելու նրան: Օրինակ, ինչպե՞ս որակել այն մարդկանց, ովքեր ժամանակին կողմ են քվեարկել գազային եւ դրան հետեւած այլ պայմանագրերին, որը քաղաքական իմաստով պայմանագիր էր Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու մասին: Ինչպե՞ս որակել այն մարդկանց, ովքեր ուզում են Արցախը դարձնել ռուսական մանդատով գորշ տարածք: Ինչպես որակել այն մարդկանց՝ քաղաքական գործիչներին ու գեներալներին, ովքեր հայտարարել են, թե ապրիլյան պատերազմում կորցրած տարածքները ոչ մի արժեք չունեն… Նման ճշտող հարցերը բազմաթիվ են, ընդամենը պետք է վերընթերցել ոչ վաղ անցյալի պատմությունը, այդ թվում՝ սեփական խմբակցության մի շարք անդամների գործունեությունը:
 
Այդպիսով, համենայնդեպս ռազմավարական դաշնակցի մասով Շարմազանովը կարող է սպառիչ պատասխան ստանալ:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը