«Սինոփսիս Արմենիա»-ի միկրոսխեմաների նախագծմանն առնչվող կրթական ծրագրերն օգտագործվում են աշխարհի 1000-ից ավելի համալսարաններում


«Սինոփսիս Արմենիա»-ի միկրոսխեմաների նախագծմանն առնչվող կրթական ծրագրերն օգտագործվում են աշխարհի 1000-ից ավելի համալսարաններում

  • 02-07-2019 17:53:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
«Սինոփսիս Արմենիա»-ն այն քիչ ընկերություններից է, որի աշխատակիցները, 2018 թվականի ապրիլին միանալով արդեն նախկին իշխանություններին մերժող բողոքի ակցիաներին, ճանապարհ փակեցին:  
 
Սա նաև այն ընկերությունն է, ուր վարչապետի կարգավիճակով առաջին անգամ այցելեց Նիկոլ Փաշինյանն ու ընդգծեց. 
 
«Մի դեպքում մենք գործ ունենք նրա հետ, որ մարդն ասում է՝ անհնար է, որևէ բան չի փոխվի, որևէ հույս չկա, երկրորդ դեպքում՝ բարձր տեխնոլոգիաների մարդիկ են, որոնք ասում են՝ անհնար ոչինչ չկա: Ւնչու ենք մենք կարևորում բարձր տեխնոլոգիաները, որովհետև դա և՛ մտքի, և՛ իրականության առումով ընդլայնում է հնարավորինի սահմանը: Այսինքն, այն, ինչ 10, 20, 30 տարի առաջ կհամարվեր անհնար՝ հիմա դարձել է իրականություն: Այժմ համոզված եմ և հույս ունեմ, որ ձեր մտքերում բազմաթիվ բաներ կան, որ այսօր սովորական մարդկանց համար համարվում են անհնար, բայց 5-10 տարվա ընթացքում դուք իրականություն կդարձնեք և մեր երկրում հնարավորինի սահմանը կընդլայնեք, իհարկե բոլորիս աջակցությամբ»: 
 
ՀՀ վարչապետի՝ «բարձր տեխնոլոգիաների մարդիկ» բոնորոշումը թերևս պատահական չէ, քանի որ Արշակունյաց 41 հասցեում տեղակայված այս գիտաարտադրական կենտրոնում ամեն օր անաղմուկ իրենց գործունեությունն են ծավալում ՏՏ ոլորտի 843-ից ավելի ինժեներներ: 
 
«Քաղաքական լիգայ»-ի նախաձեռնությամբ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան շրջելու «Սինոփսիս Արմենիա»-ի տարածքում և տեղում ծանոթանալու ընկերության գործունեությանը: 
 
Ինչպես տեղեկացրեց ընկերության տնօրեն Հովիկ Մուսաելյանը, ամեն ինչ սկսվել է 2004 թվականին, երբ ամերիկյան Սինոփսիսը մուտք է գործել Հայաստան՝ գնելով Լեդա (Leda) և Մոնթերեյ Դիզայն (Արսեթ) (Monterrey Design (ArSET) ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերը, իսկ մեկ տարի անց նաև ձեռք բերել «Էյջ-փի-էլ-էյ» ընկերությունը: 
 
«Սինոփսիս Արմենիա»-ն այսօր ԱՄՆ-ի տարածքից դուրս գործող Սինոփսիսի ամենամեծ ստորաբաժանումն է, որտեղ մասնագետները զբաղվում են գիտահետազոտական- ճարտարագիտական աշխատանքներով էլեկտրոնային նախագծման ավտոմատացման, արտադրության համար նախագծման և կիսահաղորդչային մտավոր սեփականության մշակման ոլորտներում: 
 
«Հայաստանն այդ Սինոփսիս ամբողջ ընտանիքի մի շատ կարևորագույն առանցքն է, սա իմ բառերը չեն, դա մեր ղեկավարությունն է անընդհատ ասում: Այնպես որ ես չեմ դադարում հպարտությամբ ասելու, որ այս նեղ մասնագիտական ասպարեզում Հայաստանի  նվաճումներն այստեղ գործող ընկերությունների միջոցով առավել քան ակնհայտ են: Սա նշանակում է, որ աշխարհում լավագույն կրթությունը ստանալու համար պետք չի գնալ Եվրոպա, ԱՄՆ և այլն, այլ տեղում անվճար ստանալ այդ կրթությունը: Սինոփսիսը դրա համար գումար չի վերցնում, իրեն պետք է՝  կադրեր պատրաստել, որոնք իր «պետքերը» կհոգան ապագայում»,- ընդգծեց Հ. Մուսաելյանը՝ հավելելով, որ կրթություն ստանալուց հետո նեղ մասնագետները տեղից կարողանում են աշխատել համաշխարհային առաջատար ընկերությունների համար և արժանապատիվ աշխատավարձ ստանալ:  
 
Նրա փոխանցմամբ՝ «Սինոփսիս Արմենիա»-ն իրականացնում է տարբեր կրթական ծրագրեր՝ համագործակցելով ԵՊՀ-ի, ՀՊՃՀ-ի, ՀԱՀ-ի և Ռուս-հայկական պետական համալսարանների հետ: 
 
Հ. Մուսաելյանի խոսքերով՝ մասնագիտական աշխարհում «Սինոփսիս Արմենիա»-ի նեղ կրթական ծրագրերը լավագույնն են: 
 
«Այն կրթական ծրագրերը, որոնք միկրոսխեմաների նախագծման առումով մշակվել են մեր ընկերությունում, ինքն օգտագործում է աշխարհի 1000-ից ավելի համալսարաններում: Սինոփսիսի համար որպես կրթական ծրագրեր իրականացնող կենտրոն Հայաստանն է ամբողջ տարածաշրջանում: Մենք այս շենքից նաև ղեկավարում ենք Զելինագրադում տեղակայված Էլեկտրոնային տեխնիկայի մոսկովյան համալասարանի մագիստրոսական ծրագիրը»,- փաստեց «Սինոփսիս Արմենիա»-ի տնօրենը: 
 
Վերջինս շրջայցի ընթացքում ներկայացրեց ընկերության նշանավոր հյուրերի, աշխատակիցների տարբեր նվաճումների, ստացած ամենաբարձր պարգևների և այդ պարգևատրումներից արված լուսանկարները: Դրանք այժմ կախված են այն պատից, որտեղից նախորդ տարվա ապրիլին աշխատակիցները հեռացրեցին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ լուսանկարները: 
 
Գործունեության 15 տարիների ընթացքում «Սինոփսիս Արմենիա»-ն նշանավոր հյուրերի պակաս չի զգացել, հատկապես տպավորիչ է եղել աշխարհահռչակ  “Apple” ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակի այցը: Իսկ հայ հայտնիներից «Սինոփսիս Արմենիա»-ում աշխատակիցներին են հանդիպել Կոմանդոսը, Տիգրան Մանսուրյանը, Արթուր Մեսչյանը և այլք:
 
Պարզեցինք նաև, որ «Սինոփսիս Արմենիա»-ի աշխատակիցների 35 տոկոսը կանայք են: Նրանցից 21-ը զույգ է կազմել հենց ընկերությունում՝ Հ. Մուսաելյանի բնորոշմամբ՝ ազգին պարգևելով 30 «սինոփսիսոիդ»: 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ