Հայաստանի եւ Սինգապուրի միջև կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր


Հայաստանի եւ Սինգապուրի միջև կստորագրվի եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիր

  • 04-07-2019 15:40:53   | Հայաստան  |  Տնտեսություն

 
 
Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016 թ.-ից նախաձեռնել է Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներ: Այս ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության և սինգապուրյան կողմի միջև տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ: 
 
Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նման համաձայնագրերի նպատակն է նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը,  հարկային մարմինների համար տեղեկատվության փոխանակմանը, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր ռիսկերը: Բացի այդ,   ստեղծվում են նաև անհրաժեշտ նախադրյալներ ներդրումներին և արտահանմանը նպաստելու համար:  Նման համաձայնագիր Հայաստանը կնքել է արդեն 46 երկրների հետ:   
 
Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը՝ վարչապետի Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակում:  
 
Եվրապարտատոմսերի թողարկման, վերաբացման և հետգնման գործընթացների շրջանակներում ծառայությունների ձեռք բերման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունների սահմանմամբ պայմանավորված՝ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ եվրապարտատոմսերի շուկայում գործառնությունները կարգավորվում են միջազգային կապիտալի շուկայում գործող կանոններով, որտեղ բոլոր մասնակիցների վարքագիծը խիստ որոշակի է: Եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով երկրներն այդ կանոններին համապատասխան ընտրում են միջազգային իրավախորհրդատու և գլխավոր տեղաբաշխողներ: Ընտրության գործընթացն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնցով պայմանավորված անհրաժեշտ  է դրանք սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:  Համապատասխան որոշման ընդունումը հնարավորություն կտա եվրապարտատոմսերի շուկայում գործառնություններ իրականացնելու նպատակով կարգավորել գործընկերների ընտրության հետ կապված առանձնահատկությունները:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play