Սեպտեմբերից ռուսաստանաբնակ վիրաբույժը Արմավիրի հիվանդանոցում անվճար վիրահատություններ կիրականացնի (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)


Սեպտեմբերից ռուսաստանաբնակ վիրաբույժը Արմավիրի հիվանդանոցում անվճար վիրահատություններ կիրականացնի (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

  • 08-07-2019 17:59:11   | Հայաստան  |  Բարեգործություն



Սեպտեմբերից ռուսաստանաբնակ սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ, Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Շուշաննա Սիմոնյանը բարեգործական հիմունքներով վիրահատություններ կիրականացնի Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում: 
 
Մինչ այդ, հուլիսի 1-5-ը բժշկուհին քաղաքացիների ընդունելություն է իրականացրել՝ վերջիններիս առողջական խնդիրներին ծանոթանալու և հիվանդներին հերթագրելու համար: Ինչպես հուլիսի 8-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Շ. Սիմոնյանը, բարեգործական այդպիսի ծրագիր իրականացնելու գաղափար ունեցել է դեռևս 2013 թվականին, սակայն այն ժամանակ գործող իշխանությունները խոչընդոտել են: 
 
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արմավիրի մարզպետ Համաբարձում Մաթևոսյանին, նրա առողջապահական հարցերով տեղակալ Վարդան Վարդազարյանին և մեր գլխավոր տնօրեն Սարգիս Խաչատրյանին: Առանց նրանց հետ համագործակցելու իմ նպատակները կմնային անիրագործելի»,- ընդգծեց Շ. Սիմոնյանը: 
 
Ծրագրին աջակցելու ցանկություն է հայտնել նաև Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան): 
 
Նրա խոսքերով՝ քաղաքացիների ընդունելության հարցում չի եղել տարիքային և ժամային որևէ սահմանափակում, քանի որ իր առաքելությունն է հնարավորինս շատ մարդկանց օգտակար լինել: 
 
«Քանի որ ես ցանկություն ունեմ, որպեսզի այս բարեգործական ծրագիրը լինի շարունակական, երկրորդ իմ այցը կլինի օգոստոսի 20-ին: Այդ ընթացքում բարդ վիրահատություններ կան, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ռուս գործընկերներին, ովքեր պատրաստ են գալ և ինձ հետ իրականացնել այդ բարդ վիրահատությունները»,- նշեց Շ. Սիմոնյանը: 
 
Արևմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահ Ռադիկ Խամոյանն իր հերթին նկատեց, որ չնայած պետությունը քայլեր ձեռնարկում է քաղաքացիների առողջական խնդիրները հնարավորության դեպքում անվճար ճանապարհով լուծելու համար, բայց, այդուհանդերձ, կան դեռևս բացթողումներ, հետևաբար իրենք ևս ուզում են իրենց ներդրումն ունենալ այդ գործում: 
 
Նրա փոխանցմամբ՝ վերոնշյալ բարեգործական նախաձեռնությամբ իրենք պատրաստ են աջակցել սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչներին՝ զոհված զինծառայողների ընտանիքներին, ազատամարտիկներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, 1-ին կարգի հաշմանդամներին և բնածին պաթոլոգիաներ ունեցողներին:
 
«Ազատամարտիկ» ՀԿ փոխնախագահ, Արևմտյան Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավոր Ալվարդ Նիկողոսյանի պարզաբանմամբ՝ ակցիային մասնակից հիվանդների ընտրությունը կատարում են իրենց հետ համագործակցող մարզային որոշ ՀԿ-ների ներկայացուցիչները, որոնք քաջատեղյակ են, թե ովքեր ինչպիսի առողջական խնդիրներ ունեն: 
 
«Բոլորս էլ գիտենք, որ Արմավիրի հիվանդանոցը հագեցած չէ այնպիսի սարքավորումներով, որոնք որ պետք են բժշկուհուն վիրահատություններ իրականացնելու համար, բայց նա արդեն իսկ ձեռք է բերել պայմանավորվածություններ և աշնանն անհրաժեշտ սարքավորումները կլինեն հիվանդանոցում: Շատ հավանական է, որ այդ սարքավորումները հետագայում մնան հիվանդանոցին»,- ընդգծեց Ա. Նիկողոսյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութերում
 

 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Բարեգործություն