Հարկային եկամուտների այս տարվա ծրագրային ցուցանիշը ՊԵԿ-ը գերակատարել է առաջին կիսամյակում. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)


Հարկային եկամուտների այս տարվա ծրագրային ցուցանիշը ՊԵԿ-ը գերակատարել է առաջին կիսամյակում. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)

  • 09-07-2019 16:23:02   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) 2019 թվականի առաջին կիսամյակում գերակատարել է տարվա համար նախատեսված պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշը: 
 
Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: 
 
Ըստ նրա՝ 2019 թվականի 1-ին կիսամյակի համար սահմանված ծրագրային համամասնությունը կազմել է 650,7 միլիարդ դրամ, իսկ փաստացի հարկային եկամուտները կազմել են 713,4 միլիարդ դրամ։ 
 
Դ. Անանյանի խոսքերով՝ ի սկզբանե նշված համամասնությունը ճշգրիտ սահմանված չի եղել, որովհետև հարկային եկամուտների կատարման առումով ամենաարդյունավետ ժամանակաշրջանը տարվա երկրորդ եռամսյակն է: Հենց այդ ժամանակահատվածում են ամփոփում ապրիլ և հունիս ամիսները: 
 
«Ապրիլը շահութահարկի և ռոյալթիի տարեկան հաշվարկների ներկայացման ամիսն է, հետևաբար, ապրիլին ունենում ենք ամենաբարձր հարկային եկամուտների ապահովվածության ցուցանիշը, հունիսին էլ շահութահարկի և ռոյալթիի եռամսյակային կանխավճարների կատարման ամիսն է»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը: 
 
Վերջինիս խոսքերով՝ 63 մլրդ դրամի չափով հարկային եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը գերակատարելը չի նշանակում, որ երրորդ կամ չորրորդ եռամսյակում ևս աննախադեպ գերակատարման այս տենդենցը կպահպանվի: 
 
«Եթե ճիշտ սահմանված համամասնություն ունենայինք, մենք առաջին կիսամյակում կունենայինք 23 մլրդ գերակատարում, երրորդ եռամսյակում՝ 15 մլրդ, իսկ չորրորդում՝ 25 մլրդ դրամ գերակատարում: Ընդհանուր հանրագումարայինը կլիներ մոտ 63 մլրդ դրամ»,- շեշտեց նա: 
 
Անդրադառնալով վերոնշյալ ժամանակահատվածում ՀԴՄ կտրոնների աճի դինամիկային՝ Դ. Անանյանը նշեց, որ տպվել է 196 մլն 183 հազար հատ կտրոն, որն ապահովվել է 831 մլրդ շրջանառություն: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութերում
 

 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play