Ռուսաստանը թանկ կվճարի. Հայաստանի գազի գինը


Ռուսաստանը թանկ կվճարի. Հայաստանի գազի գինը

  • 12-07-2019 17:32:29   | Հայաստան  |  Վերլուծություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ առաջիկայում Գազպրոմի պատվիրակություն է ժամանելու Երեւան, որպեսզի քննարկվեն գազի գնի հարցերը, որոնց վերաբերյալ բանակցությունն ընթանում է արդեն մի քանի ամիս:
 
Մհեր Գրիգորյանն ասել է, թե իրեն հայտնի չէ որեւէ ազդակ, որը թույլ կտա խոսել գալիք տարի գազի գնի բարձրացման հավանականության մասին: Միաժամանակ նա ասել է, որ գինը չի կարող անվերջ նույնը մնալ Գազպրոմ Արմենիայի ներքին ռեսուրսների հաշվին:
 
 
Բայց, այդ դեպքում ինչպե՞ս պահել՝ չթանկացնել, ի՞նչ ռեսուրսի հաշվին: Փոխվարչապետը լրագրողների հետ հանդիպմանն ասել է նաեւ, որ բաղադրիչները, որ քննարկվում են գազի գնի բանակցության համատեքստում, բազմաթիվ են: Մանրամասներ նա չի հայտնել:
 
Իսկ կա՞ դրանց մեջ Իրանից գազի ներկրման հանգամանքը: Փոխվարչապետ Գրիգորյանն օրերս արել էր աննախադեպ հայտարարություն, ասելով, որ Հայաստանն Իրանի հետ սկսել է բանակցել ներքին սպառման գազ գնելու համար, դրա դիմաց ապրանքով վճարելու առաջարկով: Մհեր Գրիգորյանն օրերս էր Իրանում, հանդիպել էր նաեւ նախագահ Ռոհանիի հետ:
 
Թեհրանը պատրա՞ստ է Հայաստանին առաջարկել գազի գնի այնպիսի տարբերակ, որը թույլ կտա Երեւանին առավել ամուր խոսել Գազպրոմի հետ՝ ընդհուպ ռոսական գազից հրաժարվելու եւ իրանականի անցնելու կարողությամբ: Սա լրջագույն հարց է, որովհետեւ,այսպես ասած խաբուսիկությունը կարող է թանկ նստել Հայաստանի վրա:
 
Մյուս կողմից, բազմաթիվ շերտերի հարցում թերեւս պետք է դիտարկել ոչ միայն այսպես ասած տնտեսական կամ առեւտրային, այլ նաեւ քաղաքական բաղադրիչը: Իսկ այդ առումով շերտերն իսկապես շատ են, այդ թվում ներռուսական:
 
Հարցն անկասկած լայն է եւ առնչվում է ռեգիոնալ ստատուս-քվոյին եւ ռազմա-քաղաքական անվտանգության նոր համակարգին: Դա նշանակում է հայ-ռուսական հարաբերության որակի եւ բնույթի անխուսափելի վերափոխում, ինչը անհրաժեշտ է ամենեւին ոչ միայն Հայաստանին, այլ ոչ պակաս նաեւ Ռուսաստանին:
 
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում այդ կապակցությամբ կան ակնառու տարակարծություններ, կան տնտեսա-քաղաքական խմբեր, որոնց համար Հայաստանի հետ մինչթավշյա բնույթի հարաբերությունը եղել է չափազանց շահավետ եւ ապահովել է փող ու ազդեցություն: Եվ դա վերաբերել է նաեւ Հայաստանում ենթակառուցվածքային ներկայությանը, այդ թվում գազի ոլորտում:
 
Այդ խմբերը ազդեցիկ են նաեւ Ռուսաստանում եւ նրանք անում են հնարավորը, հարաբերության բնույթի որեւէ փոփոխություն թույլ չտալու համար:
 
Միաժամանակ, Ռուսաստանի քաղաքական վերնախավում կամ բուրգի գագաթին անկասկած լավ են պատկերացնում երկրի ռազմա-քաղաքական լայն խնդիրները Կովկասում, ըստ այդմ Հայաստանի ինքնիշխանության անհրաժեշտությունը:
 
Առերեւույթ կա համոզում, որ ինքնիշխան Հայաստանը առաջինը փախչելու է Ռուսաստանի ազդեցության գոտուց : Դա պարզունակ դիտարկում է:
 
Ինքնիշխան Հայաստանը չունի Ռուսաստանից փախչելու անհրաժեշտություն: Ավելին, հենց ինքնիշխան Հայաստանը կարող է լինել ռեգիոնում Ռուսաստանի միակ վստահելի գործընկեր: Եվ այդ իմաստով, Ռուսաստանը Հայաստանում գին պետք է թողնի ոչ թե Հայաստանն ազդեցության գոտում թողնելու համար, այլ Կովկասի վերջին գործընկերոջը չկորցնելու, որովհետեւ իբրեւ ազդեցության գոտի Ռուսաստանի Հայաստան ռեսուրսը իր համար անվերադարձ մսխել է 2016 թվականի ապրիլին:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն