Առաջ Ֆրանսիա, ավելի աշխույժ. Փարիզը դիրքապահ հայ զինվորի կողքին


Առաջ Ֆրանսիա, ավելի աշխույժ. Փարիզը դիրքապահ հայ զինվորի կողքին

  • 13-07-2019 12:31:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները եզակի են: Դրանք առաջին հերթին սրտից են բխում: Զգացված եմ Ֆրանսիայի, մեր արժեքների, մեր մշակույթի և մեր լեզվի հանդեպ ձեր սիրո ամենօրյա վկայությունից: Հավաստիացնում եմ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ԵՄ-ի կազմում, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր միշտ կլինի Հայաստանի, հայ ժողովրդի և նրա անվտանգության կողքին՚, հուլիսի 12-ի երեկոյան Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպած ընդունելությանը հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
 
Ընդունելության առիթը Ֆրանսիայի օրն էր՝ Հավասարության, Ազատության եւ Եղբայրության հեղափոխության 230-րդ տարեդարձը:
 
Ֆրանսիայի դեսպանը հավաստիացնում է, որ երկիրը միշտ կլինի հայ ժողովրդի անվտանգության կողքին: Այդ հայտարարությունն առավել քան հատկանշական ու կարեւոր է հնչում հայ ժողովրդի պատմության ներկայիս շրջափուլում ընդհանրապես, եւ այդ շրջափուլին ուղեկցած մի դրվագում մասնավորապես, որն առնչվում էր Ֆրանսիայի դատարաններում Արցախի հետ բարեկամություն անող քաղաքների վերաբերյալ կայացրած վճիռներին:
 
Գործնականում, Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո մեկամյա շրջանում դրանք թերեւս բացառիկ վճիռներ էին, որոնք այսպես ասած միջազգային ՙմինուսային՚ տոնայնության մեջ էին Հայաստանում կատարված փոփոխությունների հանդեպ միջազգային արձագանքի համատեքստում, թեեւ իհարկե ուղիղ որեւէ առնչություն չունեին այդ փոփոխություններին եւ զուտ դատական գործընթաց էին ֆրանսիական անկախ դատական համակարգում:
 
Այդուհանդերձ, հայ ժողովրդի համար տարակուսելի էին դատական այդ ակտերը, որոնք ուղղված էին բարեկամ Ֆրանսիայի քաղաքների եւ Արցախի քաղաքների միջեւ բարեկամության արգելափակմանը: Այն էլ դրանց վերաբերյալ պայմանագրերի կնքումից տարիներ անց:
 
Եվ այդ հանգամանքը անուղղակի, սակայն շատ շրջանակներից մատուցվեց իբրեւ հայկական թավշյա հեղափոխությանը նետված, կամ հեղափոխության հետեւանքով առաջացած մարտահրավեր:
 
Ֆրանսիայի դատարանները շատերին տվեցին այդ առիթը, որովհետեւ Հայաստանում փոփոխության դեմ  առիթ փնտրողներ շատ կան թե երկրի ներսում, թե դրսում:
 
Ահա այդ իմաստով, հայ ժողովրդի անվտանգության կողքին լինելու մասին Ֆրանսիայի դեսպանի հավաստիացումը կարեւոր ազդակ է, միաժամանակ խիստ պատասխանատու ազդակ: Որովետեւ հայ ժողովրդի անվտանգության հարցում բեկումնային էր թավշյա հեղափոխությունը, որը Հայաստանը դուրս բերելով ոչ լեգիտիմ կառավարման առնվազն քառորդդարյա ճահճից՝ որը իր հերթին լրջագույն խնդիրներ էր առաջ բերում ինքնիշխան արտաքին-անվտանգային քաղաքականության համար, էապես փոխեց անվտանգային մջավայրն ու այն սպասարկելու Հայաստանի հնարավորությունը: Հանրագումարում, այդ փոփոխությունը ձեւակերպվելով թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018-ի մայիսի 9-ից, հայեցակարգային իմաստով աշխարհին մատուցվեց 2019 թվականի մարտի 12-ին՝ Երեւան-Ստեփանակերտ անվտանգության խորհուրդների ստեփանակերտյան պատմական նիստում:
 
Դա գործնականում ազդակ էր այն մասին, որ հայ ժողովրդի անվտանգությունը չի արտացոլվում այն սկզբունքներում, որոնք այս տարիներին ներկայացվել են իբրեւ կարգավորում, եւ ըստ այդմ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ երկրներին մի կողմից չդնելով կտրուկ փաստերի առաջ, մյուս կողմից դնում է սկզբունքները բացատրելու հարցի առաջ՝ ըստ այդմ առարկայորեն քննարկելու, որ դրանք չեն համապատասխանում հայ ժողովրդի անվտանգությանը:
 
Հայ ժողովրդի անվտանգության նվազագույն չափանիշը կամ սահմանը գծված է, եւ այդ սահմանն այն է, որտեղ այսօր կանգնած է հայ զինվորը: Դրանից այս կողմ իրավիճակը անվտանգ չէ: Եվ անվտանգ չէ ոչ միայն հայ ժողովրդի, հայկական պետականության համար՝ Հայաստան-Արցախ: Անվտանգ չէ նաեւ Եվրոպայի համար եւ դա բավական նուրբ ձեւով ակնարկեց ԵԽ հեռացող նախագահ Դոնալդ Տուսկը, հայկական հողի վրա գծելով Եվրոպայի սահմանն ու արձանագրելով Եվրոպայի սրտի բաբախյունը:
 
Խոշոր հաշվով, հայ ժողովրդի անվտանգության համար շատ կարեւոր է, որ Ֆրանսիան միշտ մեր կողքին է, միաժամանակ՝ առնվազն արդեն քառորդ դար Եվրոպայի անվտանգության կողքին է հայ ժողովուրդը, հայ զինվորը, որ կանգնած է դիրքերում: Դա նշանակում է, որ լինել հայ ժողովրդի կողքին, նշանակում է լինել Հայաստան-Արցախ հայկական պետականության ներկայիս սահմանը պահող զինվորի կողքին: Իսկ այդ առումով ներկայումս շրջանառության մեջ է շատ ավելի պրակտիկ քաղաքական հարց՝ հրադադարի պահպանման եւ հետաքննության մեխանիզմների հարցը: Ըստ այդմ, դեսպան Լաթոտի հայտարարությունը, ըստ տրամաբանության, Ֆրանսիայի աջակցությունն է հենց այդ հարցին, որն անշուշտ պետք է ստանա առավել աշխույժ քաղաքական բնույթ:
 
Թե Ֆրանսիան, թե Եվրոպան ընդհանրապես թերեւս շատ լավ են պատկերացնում, թե ինչ վտանգ է կանգնեցնում հայ զինվորը: Ըստ այդմ, մեծապես շնորհակալ լինելով Ֆրանսիային բարեկաության եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար, հարկավոր է արձանագրել, որ անվտանգային փոխօգնությունն առնվազն փոխադարձ է: Եվ դա շատ բնական է, որով արձանագրվում է, որ հայ-ֆրանսիական կապն ու բարեկամությունը հիմնված են ոչ միայն զգացական ջերմության եւ մշակութային հոգեհարազատության վրա, այլ նաեւ աշխարհաքաղաքական եւ անվտանգային շատ կոնկրետ փոխադարձ շահերի: Եվ դա միմիայն ամրացնում է խորը բարեկամությունը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն