«Հավաքական օլիգարխը». նոր կառավարությունը չի անցնի սահմանը


«Հավաքական օլիգարխը». նոր կառավարությունը չի անցնի սահմանը

  • 13-07-2019 14:57:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի առաջին նիստը: Փաշինյանն ասել է, որ Հայաստանի կառավարությունն ունի կոռուպցիայի դեմ պայքարի առավելագույն քաղաքական կամք, բայց կոռուպցիայի դեմ պայքարը անհրաժեշտ ծավալով չէ ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայության պատճառով:
 
Միջազգային լրատվամիջոցները գրում են հետխորհրդային տարածության տոտալ ապաօլիգարխացման մասին, որի մեկնարկը տրվել է Հայաստանում: Ապաօլիգարխացումը տեղի է ունենում Ուկրաինայում, Վրաստանում, Մոլդովայում, Ուզբեկստանում, բայց ամենուր այն բախվում է մեխանիզմների բացակայության:
 
Օրինակ, Մոլդովայում չգիտեն, ինչ անել օլիգարխ Վլադ Պլոխոտնյուկի ունեցվածքի հետ: Այնտեղ վաղուց ստեղծված է Հակակոռուպցիոն մարմին, նույնիսկ խորհրդարանում բանաձեւ է ընդունվել, որ Պլոխոտնյուկը յուրացրել էր իշխանությունը,բայց ունեցվածքի էքսպրոպրիացիայի մեխանիզմ միեւնույն է չկա: Իսկ գլխավորը՝ չկա օլիգարխի նշանակած դատավորների եւ պաշտոնյաների հեռացման մեխանիզմ:
 
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ուղարկել 2014 թվականի փետրվարից 2019-ի մայիս բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց լյուստրացիայի մասին օրինագիծ: Օրենքին կարող է ենթարկվել նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն: ՙԿարծում եմ, ամենաքիչը, որ կարելի է անել այժմ՝ ընդմիշտ զրկել նրանց պետություն ղեկավարելու հնարավորությունից՚, ասել է Զելենսկին:
 
Վրաստանում վերջին դժգոհությունները նույնպես կապված էին իշխանությունից օլիգարխ Բիձինա Իվանիշվիլուն հեռացնելու ցանկության հետ: Հենց դրա համար, ինչպես ասում են փորձագետները, Մոսկվան չմտցրեց կոշտ պատժամիջոցներ Վրաստանի դեմ՝ Վրաստանում Ռուսաստանը չունի ուրիշ գործընկեր, Իվանիշվիլուց բացի:
 
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա դեօլիգարխիզացիայի գործընթացը հեղափոխությունից հետո ծավալվում է մի քանի ուղղություններով: Նախ, օլիգարխները զրկվեցին նախկին մենաշնորհներից եւ քվոտաներից: Երկրորդ, սկսվեց օլիգարխների իրավական հետապնդման տարերային գործընթաց, որոնց հետո բաց էին թողնում խոշոր գրավի կամ գույքը պետությանը փոխանցելու խոստման դիմաց:
 
ՙՀավաքական օլիգարխի՚ կարգավիճակում ձերբակալվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որին համարում են հայկական քրեաօլիգարխիայի ՙկնքահայր՚ եւ Ռուսաստանի պետօլիգարխիայի հետ դրա կապող օղակ: Թեեւ Քոչարյանին վերագրվում է սահմանադրական կարգի տապալում, բայց իր հարցազրույցներում նա խոստովանում է, որ բանը ունեցվածքն է: Այդ հեղափոխությունը սեփականության վերաբաշխում է, ասում է նա, կտրականապես հրաժարվելով որեւէ բան տալ պետությանը:
 
Օլիգարխների դիմադրությունը բնական է, բայց դրա հաղթահարման համար ռեյդերային մեթոդներ չէ, որ պետք են: ՙՊետք է կազմակերպել կոռուպցիայի դեմ պայքարը բացառապես այնպիսի միջոցներով, որպեսզի այն չվնասի Հայաստանի ժողովրդավարական իմիջին՚, ասում է վարչապետը: Այլ կերպ ասած նա նշում է, որ օրենքի եւ ռեյդերության սահմանը չի խախտվելու:
 
Այն մասին, որ նոր կառավարությունը չի ցանկանում գնալ օրենքի դեմ, խոսում է Սահմանադրական դատարանի պատմություն, որտեղ արվել է ռեյդերային փորձ, բայց արդյունքում հարցը լուծվելու է ինստիտուցիոնալ ճանապարհով:
 
Արդարադատության նոր նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որը դեռեւս մշակված չէ: Նա ազդարարել է նաեւ անօրինական ունեցվածքի բռնագանձման եւ դատաիրավական ռեֆորմի 2019-23 թվականների ռազմավարության նախագծերը: Նրա խոսքով, կարճաժամկետ ռեֆորմները ներառում են բարեխիղճ դատավորների գնահատման մեխանիզմ: Այլ կերպ ասած՝ վեթինգի մասին օրենք:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն