Ճանապարհը փակողները պայմանավորվեցին Սասուն Միքայելյանի հետ


Ճանապարհը փակողները պայմանավորվեցին Սասուն Միքայելյանի հետ

  • 15-07-2019 14:04:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեւան-Սեւան մայրուղին փակած Սեւանա լճի ափամերձ տարածքների տնտեսվարողները ճանապարհը բացել են ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ զրույցից հետո: Միքայելյանը ուղեւորվում էր Սեւանի ափամերձ ԵԿՄ պատանեկան ճամբար: Ցուցարարները սկզբում ասել են, որ պատրաստ են բացել Միքայելյանի ճանապարհը, սակայն նա նշել է, որ մենակ չի գնա առաջ: Միքայելյանը ճանապարհը փակողներին առաջարկել է բացել այն ամբողջությամբ եւ սպասել մինչեւ չորեքշաբթի:
 
«Եթե մինչեւ չորեքշաբթի լուծում չեղավ, ես էլ ձեր հետ կգամ ճանապարհը նորից փակեք», նրանց ասել է Սասուն Միքայելյանը:
 
Տնտեսվարողները ճանապարհը փակել են եւ պահանջում են, որպեսզի շրջակա միջավայրի նախարարն ու առողջապահության նախարարը հստակ պարզաբանում տան Սեանում լողալու վտանգավորության մասին իրենց հայտարարությունների կապակցությամբ: Տնտեսվարողները նշում են, որ, եթե Սեւանի ջուրը իսկապես վտանգավոր է, ապա այդ դեպքում թող փակեն նաեւ դեպի Արարատյան դաշտ ուղղվող ջուրը, որը ոռոգում է այգիները: Նրանք հայտնում են, որ լճի ջրի վտանգավորության մասին հայտարարությունները էապես կրճատել են դեպի լիճ մարդկանց հոսքը եւ այդպիսով նվազեցրել իրենց եկամուտները:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը