Ամենաավանդական Վարդավառը՝ Սևանի ամենամաքուր ափում. Դրախտիկը պատրաստ է հուլիսի 26-ից 28-ը հյուրեր ընդունել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



16-07-2019 18:11:09   | Հայաստան  |  Հասարակություն
 


Չնայած Սևանի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներին՝ այս տարի երկրորդ անգամ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի լողափին մեծ շուքով նշվելու է հայկական ամենասիրված տոներից մեկը՝ Վարդավառը: 
 
Միջոցառում կազմակերպել են «Երազանքի գյուղ Դրախտիկ» նախագծի անդամները համայնքի բնակիչների ակտիվ ներգրավվածությամբ ու աջակցությամբ:   
 
Ինչպես հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Վարդավառը Դրախտիկում» միջոցառման կազմակերպիչ, «SOS Սևան» նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանը, անկախ հանգամանքներից՝ իրենք պատրաստվում են հուլիսի 26-28-ը Դրախտիկի ափին տոնել Վարդավառը, քանի որ այն նախևառաջ ուղղված է համայնքի զարգացմանը: 
 
Ըստ նրա, եթե նախորդ տարի քչերը գիտեին Դրախտիկի մասին, ապա այս տարի շատերն են հետաքրքրված Գեղարքունիքի մարզի այդ գողտրիկ գյուղով և պատրաստվում են հենց այնտեղ նշել Վարդավառը: 
 
«Հայտնի է, որ փորձեր եմ անում մենակ կամ ընկերներիս հետ վերականգնել հայկական ազգային մաքուր տոնները, և այս տարվա վարդավառյան միջոցառումների կազմակերպման գործում մեզ շատ է օգնում «Կէան» մշակույթային կենտրոնը՝ մեր սիրելի Վանուհի Սիմոնյանի աջակցությամբ: Մոտ 100 տարի մենք կտրված ենք եղել մեր ազգային տոներից, և այսօր շատ դժվար է նույնությամբ դրանք վերականգնել»,- նկատեց Կ. Փանոսյանը: 
 
Նրա փոխանցմամբ՝ «Վարդավառը Դրախտիկում» միջոցառման շրջանակներում իրականացնելու են վարդավառյան ամենագեղեցիկ ծեսերից՝ ծաղկահավաքը, երեկոյան խարույկի շուրջ ընթրիք պատրաստելը,
իսկ արևածագը դիմավորելու են «Թթու ջրում», դեզեր վառելով և դրանցում խնձորներ խորովելով:  
 
«Երազանքի գյուղ» նախագծի անդամ, «Վարդավառը Դրախտիկում» միջոցառման կազմակերպիչ Գագիկ Կոջորյանի փոխանցմամբ՝ բոլոր նրանք, ովքեր կցանկանան Դրախտիկում նշել Վարդավառը, ունեն ընտրության լայն հնարավորություն իրենց հանգիստը կազմակերպելու առումով: 
 
Նրա պարզաբանմամբ, Դրախտիկ կարելի է հասնել ինչպես սեփական մեքենաներով, այնպես էլ գնացքով, որը հասնում է մինչև գյուղի սկզբնամաս, իսկ գիշերն անցկացնել գյուղի հյուրատներում կամ լողափին տեղադրված վրաններում: 
 
«Անցած տարի փառատոնն անցկացվեց երկու օրով, այս տարի արդեն եռօրյա է և սկսվելու է ուրբաթ օրվանից: Երեկոյան միջոցառում ենք նախատեսել «Երազանքի տան» բանկում, մյուս օրվա առաջին կեսն ազատ է լիենելու, այսինքն՝ հյուրերը կարող են գնալ և լողանալ Սևանում կամ ծանոթանալ գյուղին ու ձիավարել, իսկ արդեն օրվա երկրորդ հատվածից սկսվելու է ծիսական մասը և միջոցառումը շարունակվելու է լողափին՝ խարույկի շուրջ, իսկ կիրակի նախատեսված է ավանդական դարձած «Color party»-ն»,- մանրամասնեց Գ. Կոնջորյանը՝ հավելելով, որ լուծված է նաև փառատոնի մասնակիցների սնվելու հարցը:
 
Վերջիններս կարող են ընտրել գիշերեկացի փաթեթներ՝ ներառյալ նախաճաշ, ճաշ և ընթրիք, կամ դրանցից որևէ մեկը՝ առանձին, և ըստ ընտրության՝ վճարել 4000-ից մինչև 8000 դրամ: 
 
«Երազանքի գյուղ» նախագծի անդամ,  «Վարդավառը Դրախտիկում» միջոցառման կազմակերպիչ Մայիս Մարգարյանն անդրադառնալով Սևանի մաքրության հետ կապված  խնդրին՝ նկատեց, որ Սևանա լիճը կենդանի օրգանիզմ է և ներսից պայքարում է: 
 
«Այս պահի դրությամբ անցած տարվա նույն օրերի համեմատ լճի մակարդակը մի քիչ բարձր է. Սևանասերները, ովքեր յուրաքանչյուր օր հետևում են զարգացումներին, փաստում են, որ Սևանը մաքուր է հիմա, քան երբևէ, նույնիսկ Գագիկը երեկ անցել է Դրախտիկի  հատվածով և բարձունքից լուսանկարել, որոնցից երևում է, որ ջրի թափանցելիությունը երևի մոտ 10 մետր է»,- նշեց Մ. Մարգարյանը: 
 
Նրա խոսքերով՝ այս օրերին հատկապես Դրախտիկի ափին հանգստացողները շատ գոհ են շրջակա մաքրությունից, որն իրենց թիմի և դրախտիկցիների համատեղ ջանքերի արդյունքն է: 
 
Կարևորելով ափամերձ համայնքների բնակիչների դերը հանրային լողափերի մաքրության պահպանման հարցում՝ Մ. Մարգարյանն ընդգծեց, որ հիմնականում աշխատում են գյուղի փոքրիկ բնակիչների հետ, որոնք այսօր արդեն անձամբ
են վերահսկում լողափի մաքրության պահպանումը: 
 
Ի դեպ՝ «Երազանքի գյուղ Դրախտիկ» նախագծի անդամների և համայնքապետի սերտ համագործակցության արդյունքում Դրախտիկի հանրային լողափում որպես աղբաման՝ գեղեցիկ ներկված տակառներ են տեղադրվել, իսկ համայնքի աղբատար մեքենան կիրակի օրերին կհավաքի նաև նշյալ տակառներում կուտակված աղբը:   
 
«Երազանքի գյուղ Դրախտիկ» նախագծի անդամների կարծիքով՝ Սևանին չպետք է վերաբերել զուտ որպես լողափ, քանի որ կարճ սեզոնի և քաղցրահամ ջրի պատճառով այն հաճախ զիջում է այլ երկրների լողափերին: 
 
Նրանց համոզմամբ՝ Սևանը կարելի է դիտարկել նաև որպես ձմեռային տուրիզմի զարգացման մի կետ: Այդ նպատակով այս տարվա դեկտեմբերից «Երազանքի գյուղ Դրախտիկ» նախագծի անդամները հայտարերելու են Սևանում լողանալու ձմեռային սեզոնի բացման մասին, որը ենթադրում է ափին «Շոգեբաղնիք-վրանի» տեղադրում: 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 876 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար