Սիգի որսի արգելված լինելու պայմաններում 2017-2018թթ. պահածոյացման, արտահանման և այլ նպատաներով ավելի քան 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրգործ

16-07-2019 18:44:28   | Հայաստան  |  Իրավունք
Զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների հիման ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրություն է կատարվել արդյունագործական, գյուղատնտեսական և սոցիալական նպատակներով ձկնորսության, մասնավորապես «Սիգ» ձկնատեսակի օգտագործման ոլորտում:
 


Այդ նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից պահանջվել և ստացվել են նշված ձկնատեսակի որսին, չափաքանակներին, ներմուծմանը, արտահանմանն ու արտադրությանը վերաբերող բազմաթիվ փաստաթղթեր ու անհրաժեշտ տեղեկատվություն, որոնք ուսումնասիրվել են ոլորտը կարգավորող իրավական ակտերի լույսի ներքո:
 
Գլխավոր դատախազության հաղորդմամբ, պրդյունքում պարզվել է, որ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ-ում կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս) վճարովի է, իսկ օգտագործման պայմանագրեր կնքելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
 
ՀՀ կառավարության 22.08.2002թ. թիվ 1380-Ն և 10.07.2003թ. թիվ 884-Ն որոշումներով սահմանվել են գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրեր կնքելու կարգերը:
 
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն` «ՀՀ ջրային տարածքներում արդյունագործական որսի չափաքանակները սահմանելու մասին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2014-2019թթ. հրամաններում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակներ չեն սահմանվել, ինչպես նաև սիգի սիրողական որսի և ձկնորսության պայմանագրեր չեն կնքվել, ինչը նշանակում է, որ ՀՀ տարածքում այս ձկնատեսակի որսն առհասարակ եղել է արգելված:
 
Սիգ ձկնատեսակի այլ վայրերում, բացի Սևանա լճից, հանդիպելու, դրա արդյունաբերական
կամ արհեստական արտադրության վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկատվություն չունի: Բացի այդ՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2013-2019 թթ. Հանրապետություն սիգ ձկնատեսակ չի ներմուծվել:
 
Մինչդեռ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից 2019թ. հունվարին կատարված ստուգմամբ Գեղարքունիքի մարզում գործող ՍՊ ընկերությունում արձանագրվել է պահեստում առկա 2018թ. մարտ ամսվա արտադրության շուրջ 6000 կգ «Սևանի սիգ» տեսակի ձկան պահածո: Նշված ընկերության կազմած թվով 20 գնման ակտերի համաձայն` ընկերությունը 2017թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին Ծովագյուղի ձկան շուկայից ձեռք
է բերել շուրջ 11.550 կգ` ընդհանուր շուրջ 5 մլն. 600 հազ. դրամի սիգ ձկնատեսակ, պահեստավորել սառնարաններում և 2018թ. հունվար-փետրվար ամիսներին արտադրել սիգի պահածոներ:
 
 
Արարատի մարզում գործող մեկ այլ ՍՊ ընկերությունում կատարված ստուգմամբ արձանագրվել է, որ ընկերության ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ ընկերությունը ԼՂՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունից 2017թ. դեկտեմբերի 6-ին 4 մլն. 800 հազար դրամով ձեռք է բերել 10.000 կգ սիգ ձկնատեսակ:
 
Պարզվել է նաև, որ մեկ այլ ՍՊ ընկերության կողմից էլ 2018թ. մարտ-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնություն է արտահանվել շուրջ 14.876 կգ ապխտած սիգ ձուկ:
 
Նշված ՍՊ ընկերության կողմից դուրս գրված հարկային 2 հաշիվների համաձայն` վերջինս մեկ այլ ՍՊԸ-ից ձեռք է բերել 7.700 կգ կենդանի սիգ ձկնատեսակ` մատակարարման վայրը նշելով Վայոց Ձոր` «Հեր-Հեր» ջրամբար:
 
«Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի համաձայն սիգ տեսակի ձկան  ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում յուրաքանչյուր կիլոգրամի համար պատճառված վնասի հատուցման նվազագույն սակագինը սահմանվել է 1000 դրամ:
 
Այսպիսով, հանրապետության տարածքում լիազոր պետական մարմնի կողմից սիգ ձկնատեսակի թե՛ արդյունագործական, թե՛ սիրողական որսի չափաքանակներ նախատեսված չլինելու, ինչպես նաև սահմանված կարգով արդյունահանման և սիրողական որսի համապատասխան պայմանագրեր կնքված չլինելու պարագայում, հանրապետության տարածքում 2017-2018թթ. կատարվել է սիգ ձկնատեսակի ապօրինի արդյունահանում, որի ծավալները վկայում են, որ այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և առաջացրել է խոշոր` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարի վնաս, իսկ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված սիգ ձկնատեսակները առանձնապես խոշոր չափերով ձեռք են բերվել կամ իրացվել են այլ անձանց կողմից:
 
Ուսումնասիրությունների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված` առանձնապես խոշոր չափերով ակնհայտ հանցավոր ճանապարհով գույք ձեռք բերելու կամ իրացնելու, 292-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ձկներ կամ ջրային այլ կենդանիներ արդյունահանելու, խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:
 
Գլխավոր դատախազությունը չի հրապարակել ընկերությունների անունները, սակայն «Fip.am»-ի հրապարակած հոդվածում նշվում էր, որ պահածոյացված սիգ արտադրող ընկերություն է ունեցել նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ 
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 339 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար