Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի. Պաշտպանն այցելել է զինծառայողին


Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի. Պաշտպանն այցելել է զինծառայողին

  • 17-07-2019 18:16:57   | Հայաստան  |  Իրավունք

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Ռազմական ոստիկանության զորանոցային պայմաններում գտնվող զինծառայող Յուրիկ Բրոյանին։
 
Պաշտպանն առանձնազրույց է ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս պահման պայմանների հետ կապված դժգոհություն կամ բողոք չի ներկայացրել, նրա նկատմամբ վատ վերաբերմունք չի արձանագրվել:
 
Այցի ընթացքում Պաշտպանը քննարկել է Յուրիկ Բրոյանի նկատմամբ բժշկական անմիջական հսկողության և բժշկական գաղտնիքի երաշխավորման հետ կապված հարցերը:
 
Առանձնազրույցի ընթացքում, ինչպես նաև Ռազմական ոստիկանության պարզաբանումներից պարզվել է, որ Յուրիկ Բրոյանին իր հետ բերած դեղորայքը չի տրամադրվել այն պատճառով, որ բացակայել է բժշկական համապատասխան ցուցումը։ Այս տեղեկությունից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը կապվել է զինծառայողի մոր հետ։ Նրան ներկայացվել իրավիճակը, և մայրը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի նշանակման բժշկական ցուցումը ներկայացնել Ռազմական ոստիկանություն։
 
Դրանից բացի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին  ՊՆ ռազմաբժշկական վարչությունը տեղեկացրել է, որ Յուրիկ Բրոյանին  տրամադրվել է ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն անցնելու ուղեգիր։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կշարունակի կապ պահպանել Ռազմական ոստիկանության, Յուրիկ Բրոյանի փաստաբանի և նրա մոր հետ։
Նոյյան տապան  -   Իրավունք