«Տեսնենք հավատարիմ կմնա՞ն իրենց խոստմանը». 91 ցմահ դատապարտյալներից ինը դիմել են պատժի կրման ռեժիմի փոփոխման համար. forrights.am


«Տեսնենք հավատարիմ կմնա՞ն իրենց խոստմանը». 91 ցմահ դատապարտյալներից ինը դիմել են պատժի կրման ռեժիմի փոփոխման համար. forrights.am

  • 17-07-2019 18:40:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

forrights.am: Շուրջ 20 օր է, ինչ ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ որի, ցմահ ազատազրկված անձինք կարող են դիմել պատժի կրման փակ ռեժիմը կիսափակի փոխելու խնդրանքով պատժի կրումից 15 տարի անց՝ առաջվա 20-ի փոխարեն, կիսափակը՝ կիսաբաց 18 տարի անց՝ 25-ի փոխարեն, իսկ կիսաբացը՝ բաց պատժի կրումից 20 տարի անց:
 
Բաց ռեժիմն իրենից ենթադրում է, որ դատապարտյալն առավոտյան 08:00-ից մինչև երեկոյան 20:00-ն իրավունք է ստանում դուրս գալ հիմնարկից, իսկ վերադառնալուց հետո՝ քնել մյուս դատապարտյալներից անջատ՝ դատապարտյալներին պահելու գոտուց դուրս հատկացված կացարաններում:
 
Մինչ ցմահ դատապարտյալները ոգևորված էին փոփոխությունների այս փաթեթով, մի մասն արդեն իսկ բաց ռեժիմ տեղափոխվելու դիմումը էր գրել, Արդարադատության նախարարությունը շտապեց նրանց «թևերը կտրել»: Նախարարությունը պարզաբանում տարածեց, համաձայն որի միայն 20 և ավել տարի պատիժ կրելը դեռևս հիմք չէ բաց ռեժիմ դուրս գալու համար և դատապարտյալները պետք է բաց ռեժիմի անցնեն աստիճանական համակարգով՝ փակից անցնեն կիսափակի, կիսափակից՝ կիսաբաց և միայն վերջում, երբ կանցնեն բոլոր ռեժիմներով, կկարողանան դիմել բաց ռեժիմ տեղափոխվելու համար:
 
Այս պահին 91 ցմահներից միայն ինն են դիմել ռեժիմի փոփոխության համար, սակայն նրանցից դեռ ոչ ոք ՀՀ քրեակատարողական ծառայությանը կից Տեղաբաշխման հանձնաժողովից որևէ պատասխան չի ստացել: Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պարզաբանեց.
 
«Դիմումները դեռ քննարկման փուլում են»:
 
Դիմումները մերժելու կամ ընդունելու համար Տեղաբաշխման հանձնաժողովն ունի մեկ ամիս ժամանակ, այնինչ ցմահ դատապարտյալներն իրենց դիմումների պատասխանին սպասում են ամեն պահ:
 
24 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը դիմումը գրել է օրերս, այսօր այն արդեն դրված է հանձնաժողովի սեղանին: Ըստ դատարանի որոշման, Արթուրի պատժի կրման ռեժիմը փակից կիսափակ պետք է փոխվեր դեռ նախորդ տարի օգոստոս ամսից, սակայն Քրեակատարողական ծառայությունը չի շտապում կատարել դատարանի որոշումը:
 
Մինչ օրս դատապարտյալը պահվում է փակ ռեժիմում, օգտվում փակ ռեժիմի համար նախատեսված «բարիքներից»:
 
Այսօր Արթուրն ընդունել է Արդարադատության նախարարության սահմանած աստիճանական համակարգից և դիմել է կիսափակ ռեժիմից կիսաբաց անցնելու համար: Դատապարտյալն այս անգամ ավելի վճռական է տրամադրված. եթե հանձնաժողովը մերժի իր դիմումը, ապա նա կդիմի դատարան.
 
«Ըստ նախարարության, ցմահ դատապարտյալի դեպքում ևս պետք է գործի պատժի կրման ռեժիմի փոփոխության չափորոշիչները՝ անձնական գործը, բնութագիրն ու վարքագիծը, կարգապահական տույժերը, խրախուսանքները և այլն: Տեսնենք հավատարիմ կմնա՞ն իրենց խոստմանը»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արթուրը:
Ըստ դատապարտյալի, օրենքում կատարված փոփոխությունը կրկին հույս է արթնացրել ցմահների շրջանում: Նրանց ոգևորել է այն հանգամանքը, որ հնարավորություն կունենան օրվա մեջ գոնե մի քանի ժամ անցկացնել ազատության մեջ:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայն էին բարձրացնում ցմահ դատապարտյալների ծնողներն ու հարազատները: Նրանք եկել էին կրկին բարձրաձայնելու իրենց որդիների նկատմամբ տարիներ առաջ իրականացված «անարդարության և օրենքների անգործության» մասին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին՝ վերաբացել ցմահների գործերը, նոր քննություն նշանակել և անմեղ մարդկանց ազատ արձակել։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը