Անաչառ դատաիրավական բարեփոխումերի հրամայականը.«Ժառանգություն»-ը հայտարարություն է տարածել


Անաչառ դատաիրավական բարեփոխումերի հրամայականը.«Ժառանգություն»-ը հայտարարություն է տարածել

  • 22-07-2019 12:24:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանյան դատաիրավական համակարգը, որը սահմանադրության համաձայն, ՀՀ-ում արդարադատության կայացման երաշխավորն է, պետության և քաղաքացիների  իրավունքների պաշտպանության հանձնառուն, նախորդ անձնիշխան և հակաժողովրդավարական վարչակարգերի հետևողական քաղաքականության հետևանքով վերածվել էր օրենսդիր և գործադիր իշխանության կցորդի ու կամակատարի: Կախյալ դատական համակարգի պատճառով Հայաստանում հնարավոր դարձան թե՛ 2008 թ. Մարտի մեկի իրադարձությունները, որոնց մեղավորներն առ այսօր անպատիժ են, թե՛ դրան նախորդած սահմանադրական կարգի տապալման իշխանական տարբեր գործողությունները, այդ թվում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած մեծ ընտրագողությունը, պետական միջոցների ապօրինի յուրացման նախադեպերը, կոռուպցիայի աճը և համակարգային ներթափանցումը պետական տարբեր ատյաններ: 
 
2018 թ. ժողովրդավարական արդար ընդվզման ալիքի վրա տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հեղափոխական հայ հասարակությունը և քաղաքական ուժերը ակնկալում էր համակարգային ինստիտուցիոնալ փոփոխություններ պետական իշխանության բոլոր թևերում:
«Ժառանգությունը» համոզված է, որ նման փոփոխություններ կարելի է կատարել ոչ թե օրվա տրամաբանությունից բխող քաոսային քայլերով,ինչպես մերթընդմերթ առաջնորդվում են գործող իշխանությունները, այլ օրենսդրական հիմնային բարեփոխումներով, որովհետև նախորդ տարիների կախյալ, աչառու դատաիրավական համակարգի գործունեությունը տևական ժամանակ արդեն ամրակայվել էր օրենսդրական մակարդակով: Հայաստանում ցայսօր գործում են լեգիտիմություն չունեցող և կեղծված հանրաքվերի միջոցով ընդունված հիմնական օրենքը՝ սահմանադրությունը, ու դրանից բխող մնացյալ օրենսգրքերը: 
 
«Ժառանգություն» կուսակցությունը գործող գործադիր և օրենսդիր իշխանությունից պահանջում է արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն շրջանակի և հանրության ներգրավմամբ նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների անաչառ գործընթաց:
 
 Նախորդ ողջ ժամանակահատվածում կատարված քայլերը ցույց տվեցին, որ հին օրենքներով Նոր Հայաստանը չի կառուցվում: Հին ընտրական օրենսգրքով, թեկուզ և ազատ, օրինական կարգով ընտրված խորհրդարանը, ՏԻՄ մարմինները պարբերաբար խնդիրներ են հարուցում մեր պետության ժողովրդավարական և արդյունավետ ընթացքի ապահվման ճանապարհին: Գործող և ոչ լեգիտիմ սահմանադրությամբ կազմավորված գործադիր իշխանությունը չի ապահովում իշխանությունների տարանջատման և փոխզսպման քաղաքականությունը. մեկ անձի և նրա շուրջ համախմբված ուժի կամքը չի կարող երաշխավորել մեր պետականության  անկասելի ընթացքը դեպի ժողովրդավարություն և զարգացում: Հեղափոխական կամքը միշտ պետք է արտացոլվի պետական համակարգային քաղաքականության մշակմամբ, մենք պետք է ունենանք այնպիսի օրենքներ, որոնք ժողովրդավարական են ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ:
 
Հայաստանը չի կարող թույլ տալ, որ այս անգամ էլ դատական իշխանությունը փոխվի հին օրենքների ու բարքերի կամայական տրամաբանությամբ: Անձերի փոփոխությունը ո՛չ դատական, ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր իշխանության մեջ չի կարող հանգեցնել համակարգային ժողովրդավարական փոփոխությունների:
 
«Ժառանգությունը» պատրաստ է  մասնակիցն ու նախաձեռնողը դառնալ ՀՀ հիմնական օրենքի նոր բարեփոխումների գործընթացի, որը կբխի ոչ թե անձնիշխան անհատների շահերից ու նպատակներից, այլ մեր պետության և քաղաքացիների ընդհանրական կամքից՝ դառնալու արտաքին աշխարհում մրցունակ, ինքնիշխան ու արդյունավետ, իրավական պետություն՝ անկախ դատական, օրենսդիր և գործադիր թևերով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն