Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ


Տիգրան Խաչատրյանը հանդիպել է կոնյակագործների և գինեգործների հետ

  • 22-07-2019 18:18:28   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
 
Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները` ըստ ընկերությունների պահանջների: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, մասնավորապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին:
 
Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման միջոցառումների վերաբերյալ: Ոլորտի ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են ներկայացրել այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են ֆակտորինգի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը,  արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցումը, շուկայում կեղծ արտադրանքի առկայությունը: Առաջարկվել է քննարկել նաև լոգիստիկ հարցերը,  հարկային և մաքսային վարչարարության խնդիրները։ 
Որոշ կետերի առնչությամբ  Տիգրան Խաչատրյանը հանձնարարականներ է տվել «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամին։ 
 
Նախարար Խաչատրյանը գինեգործների և կոնյակագործների հետ հանդիպման ընթացքում դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առևտրային կարգավորումները և հետաքրքրությունը։
Հանդիպման արդյունքում պայմանավարվածություն է ձեռք բերվել առ այն, որ առաջարկները կամբողջացվեն և գրավոր կփոխանցվեն նախարարությանը։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն