Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է.ԱՆ


Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է.ԱՆ

  • 23-07-2019 16:25:43   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում հանդիպում են կարմիր, դեղին ու սև կարիճներ: Ամեն տարի գրանցվում են կարիճի խայթոցի դեպքեր, հիմնականում՝ դեղին կարիճի: Այս տարի արձանագրվել է կարիճի խայթոցի 125 դեպք, մասնավորապես` Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում:
 
Կարիճի խայթոցից թունավորման բարդության աստիճանը կախված է կարիճի թույնի խտությունից: Կարիճների մեծ մասի խայթոցի դեպքում միայն թույլ ռեակցիա է առաջանում, ինչպես լինում է մեղվի խայթոցի ժամանակ:
 
Դեղին և կարմիր կարիճների թույնը վտանգավոր չէ կյանքի համար:
 
Սև կարիճի խայթոցն ամենավտանգավորն է, որի դեպքում տուժածի մոտ նկատվում է՝
 
խայթոցի տեղում ուժգնացող, այրող բնույթի ցավ
մաշկի կարմրություն և այտուց, երբեմն առաջանում են այրվածքին բնորոշ բշտեր,
ախտահարված մասում թմրածության զարգացում
ցնցումներ, որոնք կարող են լինել որևէ մկանի կամ ամբողջ մարմնի հատվածում
որովայնի շրջանում ցավեր, սրտխառնոց և փսխում
գլխապտույտ
արտահայտված թքահոսություն
սրտխփոց
գլխացավ։        
Կարիճի խայթոցի դեպքում անհրաժեշտ է տուժողին անհապաղ հիվանդանոց հասցնել, իսկ մինչ այդ՝
 
տուժածին պառկեցնել ու ապահովել վնասված վերջույթի անշարժությունը
վնասված հատվածը մաքրել սպիրտով, հակասեպտիկ վիրակապ դնել վերքի մեջ վտանգավոր մանրէների ներթափանցումը կանխելու նպատակով
ցավը մեղմելու և այտուցը վերացնելու համար վրան սառույց դնել
անկախ տուժածի վիճակից՝ պետք է լինել բժշկի հսկողության տակ:
Հիշեցնենք, որ կարիճները միտումնավոր չեն գրոհում մարդու վրա, սակայն պատահական շփումը կարող է խայթոցով ավարտվել: Դրանք հաճախ թափանցում են տներ: Ցերեկը թաքնվում են ճեղքերում, իսկ գիշերը դուրս են գալիս, մտնում կոշիկի, հագուստի ու նույնիսկ անկողնային պարագաների մեջ: Ուստի, ցանկալի է առավոտյան թափ տալ կոշիկն ու հագուստը, որը պատրաստվում եք հագնել, զննել սրբիչներն ու անկողնային պարագաները: Տունը, որտեղ կարիճներ են նկատվել, պետք է հնարավորության դեպքում նորոգել, փակել կարիճների ներթափանցման բոլոր ուղիները, բակից հավաքել, վերացնել աղբը, քարերն ու փայտը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play