Ստեղծվելու է այնպիսի գործընկերային միջավայր, որը կգոհացնի թե՛ քաղաքացուն, թե՛ գործարարին, թե՛ պատվիրատուին․ Սուրեն Պապիկյան


Ստեղծվելու է այնպիսի գործընկերային միջավայր, որը կգոհացնի թե՛ քաղաքացուն, թե՛ գործարարին, թե՛ պատվիրատուին․ Սուրեն Պապիկյան

  • 25-07-2019 11:54:04   | Հայաստան  |  Տնտեսություն

2
 
Հուլիսի 24-ին  Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզեր կատարած այցի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին՝ մասնավորապես կանգ առնելով Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75, Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83, Մ7- Մեծ Պարնի- Ծաղկաբեր ճանապարհահատվածներում, որոնք վերականգնվում են «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Մ3 (Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման) միջպետական նշանակության ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ պետական բյուջեի միջոցներով։ 
 
Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ճանապարհահատվածում նախարար Պապիկյանը կապալառու ընկերության պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքը։ Կապալառու կազմակերպության՝ «Բլեսկ» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավարները նախարարին տեղեկացրել են, որ թեև ըստ պայմանագրի շինաշխատանքների ավարտը նախատեսված է մյուս տարվա գարնանը, սակայն կանեն հնարավորը՝ 3-4 ամսից ճանապարհի վերականգնումն ավարտելու համար։ Ընդգծելով արագ, բայց միևնույն ժամանակ որակյալ և առանց թերությունների շինարարություն իրականացնելու անհրաժեշտությունը՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ պետությունը կարևորում է բարեխիղճ շինարարական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունները և հաշվի առնելով առաջիկում ճանապարհաշինական աշխատանքների ծավալների աճը՝ հետաքրքվել է կազմակերպության շինարարական հնարավորություններով։ 
 
Հ81- Թալին- Ցամաքասար- Նոր Արթիկ- Հ75 ավտոճանապարհը կենսական նշանակություն ունի 2 մարզերի հաղորդակցությունը կազմակերպելու առումով․ 10.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի 7.1 կմ-ն անցնում է Արագածոտնի մարզով, իսկ 3.8 կմ-ն՝ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանով՝ միմյանց կապելով նաև 4 համայնքներ՝ Ցամաքասար, Սուսեր, Նոր Արթիկ, Բագրևան։ 
 
Շրջայցի հաջորդ կանգառը եղել է Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 մոտ 10.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որտեղ վերականգնման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Նախարար Պապիկյանին տեղեկացվել է, որ շինարարական աշխատանքներում հիմնականում ներգրավված են տեղի համայնքների բնակիչներ։ Ճանապարհաշինական ծրագիրն այսպիսով օգնում է բնակիչներին լուծել իրենց սոցիալական խնդիրները՝ շատ դեպքերում նրանց հետ պահելով արտագնա աշխատանքի մեկնելուց։ 
 
Սուրեն Պապիկյանը նկատել է, որ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի մասին անցած երկու ամիսների ընթացքում զրուցել է համայնքապետերի, համայնքների բնակիչների հետ և ստացել է դրական արձագանք։ 
 
Շիրակի մարզից նախարարը մեկնել է Լոռի, որտեղ ծանոթացել է Մ7- Մեծ Պարնի- Ծաղկաբեր 6.8 կմ երկարությամբ վերականգնվող ճանապարհահատվածում կատարվող աշխատանքներին և խոսել կապալառու կազմակերպության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ։ Նախարար Պապիկյանն այստեղ ևս կարևորել է աշխատանքների որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը: Ճանապարհի վերանորոգմանը մեծպարնեցիները սպասում էին ավելի քան 30 տարի, այս մասին նախարարին հաղորդել է Մեծ Պարնի համայնքի ղեկավար Գագիկ Պալյանը և վստահեցրել, որ համայնքապետարանն ու համայնքի բնակիչները հետամուտ կլինեն այն պահպանելուն և խնամքով շահագործելուն։ 
 
Սուրեն Պապիկյանի աշխատանքային այցն ավարտվել է Մ3 (Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման) միջպետական նշանակության ճանապարհահատվածների միջին նորոգման ընթացիկ աշխատանքների (փոսալցում, հարթեցում, կողային առուների կառուցում, վերին շերտի ասֆալտապատում) դիտարկմամբ։ 
 
Շրջայցի ընթացքում նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում շինաշխատանքներն իրականացվում են հավուր պատշաճի և բարձր մակարդակով։ Միաժամանակ շինարարների և կապալառու կազմակերպությունների հետ խոսելիս նախարարը շեշտել է, որ ճանապարհաշինական աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելը խիստ կարևոր է, քանի որ այն բխում է ինչպես պետության, այնպես էլ կազմակերպության շահերից։ 
 
«Մենք շահագրգռված ենք, որ հայաստանյան ընկերությունները լինեն շատ ուժեղ իրենց կարողություններով, հնարավորություններով, որպեսզի կարիք չունենանք որևէ տեղից նոր շինարար հրավիրելու։ Ստեղծվելու է այնպիսի գործընկերային միջավայր, որը կգոհացնի թե՛ քաղաքացուն, թե՛ գործարարին, թե՛ պատվիրատուին»,- ասել է նախարարը։ 
 
Նշենք, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կյանքի կոչվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի սկզբունքներից մեկն էլ հենց կենսական նշանակության ճանապարհները տեղական շինկազմակերպությունների միջոցով վերականգնելն է։ Ծրագիրն այդպիսով նպատակ ունի աջակցել հայկական ճանապարհաշինական կազմակերպություններին։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն