«Ինչո՞ւ ես Մկրտումյանին 200 հազար դոլար կաշառք տալիս…». ՄԻԵԴ որոշման խայտառակ նախապատմությունը


«Ինչո՞ւ ես Մկրտումյանին 200 հազար դոլար կաշառք տալիս…». ՄԻԵԴ որոշման խայտառակ նախապատմությունը

  • 25-07-2019 17:31:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Այսօր հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռով Հայաստանը պետք է 1 միլիոն 608 հազար եվրո վճարի Երևանի Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ Յուրի Վարդանյանին: Սա մինչև օրս Հայաստանի դեմ ՄԻԵԴ կայացրած բոլոր վճիռներով փոխհատուցումների հանրագումարը գերազանցող թիվ է:
 
Դեռևս 2016-ի որոշմամբ ՄԻԵԴ-ն անդրադարձել էր այս՝ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործին՝ շեշտելով, որ այն ժամանակ Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ այդպիսով խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:
 
Այս գործով փաստաբան Սերգեյ Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ կառավարությունն այս գումարը եռամսյա ժամկետում պետք է վճարի Վարդանյանի ընտանիքին: Ըստ փաստաբանի՝ ժամանակին Յուրի Վարդանյանի տան արժեքի մի չնչին մաս փոխհատուցվել էր, իսկ հողամասի դիմաց փոխհատուցում չէր տրվել այն պատճառաբությամբ, որ այդ հողամասն իր սեփականությունը չէր:
 
«Հետագայում տարածքի կառուցապատող ընկերության սեփականատերը ԱՄՆ-ից մամուլին մանրամասնել էր, թե ինչպես էր իր ընկերությունը հասել նրան, որ Վարդանյանին սեփականազրկելու այս՝ անհամեմատ ավելի էժան տարբերակն էր ընտրվել: Նա նաև մարմանասն տեղեկություններ էր հաղորդել այն մասին, թե որ դատավորին ինչ պայմանավորվածությունների դիմաց որքան է վճարվել այս «ծրագիրը» կատարելու համար»,- գրել է փաստաբանը:
 
Նշենք, որ խոսքը կառուցապատող «Վիզկոն» ընկերության մասին է, որի հիմնադիր Պավել Անդերսանը, Հայաստանից հեռանալով և հաստատվելով ԱՄՆ-ում, հետագայում մանրամասներ էր պատմել, թե որ պաշտոնյան իրենից որքան կաշառք է պահանջել: «Վիզկոն» ընկերության տնօրենն էլ Սիմոն Աղազարյանն էր, ով հետագայում ազատազրկման էր դատապարտվել: Հիշեցնենք՝ Սիմոն Աղազարյանն ու մեկ այլ կառուցապատող` Գագիկ Պապոյանը Արամի 72-80 շենքերում մեկ բնակարանը վաճառել էին մի քանի անձանց:
 
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ, Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանը Lragir.am-ի հետ զրույցում Յուրի Վարդանյանի գործի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց: Նշենք, որ Վարդանյանը Բուզանդի 13 հասցեում 1385 քառակուսի մետր տարածքով բնակարան է ունեցել:
 
Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ այդ տարածքը 2004 թավականին կառավարության 909-Ն որոշմամբ առանց մրցույթի հատկացվել էր «Ավատ-Տուր» տուրիստական գործակալությանը: Հետագայում կառավարության որոշումը Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ փոփոխվել էր, և «Ավատ-Տուր»-ի փոխարեն գրվել էր «Վիզկոն» ՍՊԸ:
 
Կառավարության վերանշյալ որոշումը հետևյալ կերպ է ձևակերպված «Երևան քաղաքի Գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով առանց մրցույթի հողամասեր տրամադրելու մասին»: Կառավարության այս որոշման հիմնավորումն այն էր, որ առանց մրցույթի հողամասեր տրամադրելու հարցում հաշվի են առել այն ժամանակավա քաղաքապետ Երվանդ Զախարյանի միջնորդությունը:
 
Որոշման մեջ նշվում է. «Թույլատրել Երևանի քաղաքապետին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագրեր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով»: Եվ վերոնշյալ ժամկետով առանց մրցույթի պայմանագրեր էին կնքվել «Էլիտ Փրոջեքթ Շին», «Գլենդել Հիլզ», «Գրիար», «Վիզկոն», «ԳԱՊ բնակշին» ընկերությունների և նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի հետ՝ Գլխավոր պողոտայում կառուցապատման նպատակով հողեր հատկացնելու համար:
 
Ձևակերպումն այնպես է եղել, որ Յուրի Վարդանյանի տարածքում գործունեություն ծավալած «Ավատ-Տուր»-ը հետագայում իբր հրաժարվել է տարածքից՝ նշելով, որ ուզում է տարածքը տալ «Վիզկոն» ընկերությանը: «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնը հետագայում հայտարարել էր, որ այդ տարածքն իրեն տվել էր Երվանդ Զախարյանը՝ 550 հազար դոլար կաշառքի դիմաց:
 
«Պավել Անդերսոնը խոստովանել էր, որ դատավորներին կաշառք էր տալիս՝ երկրորդ ատյանի դատավորներին, իր խոսքով, յուրաքաչյուրին 2000-ական դոլար: Գործը հասնում է Արման Մկրտումյանին: Մկրտումյանը 200 հազար դոլար փող է ուզել Պավել Անդերսոնից, որպեսզի նրա օգտին վճիռ կայացնի և Յուրի Վարդանյանի սեփականությունը ճանաչի առոչինչ: Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը կանչել էր Պավել Անդերսոնին, ասել, որ տեղյակ են, որ նա դատավորներին փող է տալիս: Ասել էր՝ հիմա գործը ընկել է Մկրտումյանի մոտ, դու ինչո՞ւ ես տանում ու նրան 200 հազար դոլար փող տալիս: Դու 100 հազար դոլար գումար փոխանցիր Հայաստան համահայկական հիմնադրամին, և Մկրտումյանը կկայացնի այն վճիռը, որը քեզ պետք է: Եվ Պավել Անդերսոնը այդ 100 հազար դոլարը փոխանցել էր Հայաստան համահայկական հիմնադրամին: Այդ բոլոր վճարումների փաստերը Պավել Անդերսոնն ունի, կարծեմ ներկայացրել է ԱՄՆ-ում հայկական հյուպատոսությանը»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:
 
2013 թվականին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել, որով արձանագրել էր, որ Բյուզանդի տարածքում ձախողված կառուցապատման հետևանքով մարդիկ տուժել են: Տարածքը տրվել էր այլ կառուցապատողի, 2017 թվականին արդեն տարածքում շենքի կառուցման աշխատանքներն ավարտվել են:
 
«Այս ամենում ուշագրավ է այն, որ կառավարության որոշմամբ առանց մրցույթի պետական կարիքի անվան տակ տարածք են հատկացրել: Բավական չէ մրցույթ չեն հայտարարել, նաև կասկածելի կազմակերպությունների են ընտրել տարածքի կառուցապատման համար: Իսկ եթե մրցույթ չկա, ուրմեն կա կոռուպցիա: Դրա վառ ապացույցն  այն էր, որ նախ կառավարության որոշմամբ տարածքը տրվել էր Ավանտ Տուրին, բայց կառավարության որոշման թանաքը չչորացած՝ Երվանդ Զախարյանը փոխել է այն»,- ասում է Սեդրակ Բաղդասարյանը:
 
ՄԻԵԴ-ում, նրա խոսքով, քննված գործը վերաբերել է Յուրի Վարդանյանի չգրանցված սեփականությանը: Սա փաստում է նաև փաստաբանի գրառումը, ըստ որի, հողամասի դիմաց փոխհատուցում չէր տրվել այն պատճառաբությամբ, թե այդ հողամասն իր սեփականությունը չէր: Եվ, ըստ Սեդրակ Բաղդասարյանի, սա միակ դեպքը չէ: Գլխավոր և Հյուսիսային պողոտաների գրեթե բոլոր նախկին բնակիչների հողերի գումարները յուրացրել են: Ըստ նրա՝ քաղաքապետարանը շատ լավ գիտեր, որ 2003 թվականին Հյուսիսային պողոտայի տարածքում հողի մեկ քմ արժեքը 500 դոլարից ոչ պակաս գնով պետք է վաճառվեր:
 
«Սակայն շատերին մի կոպեկ էլ չեն տվել, իսկ մնացածին տվել են 120, 150 դոլարի սահմաներում: Մնացած փողը յուրացրել են: Քանի որ Յուրի Վարդանյանի տարածքը մեծ էր, չէին ուզում այն տալ կառուցապատողին, բայց կառուցապատողից այդ փողը վերցրել ու էլի յուրացրել են»,- ասաց նա:
 
Արման Մկրտումյանը, ըստ Սեդրակ Բաղդասարյանի, կաշառք է ուզել այդ տարածքի համար, քանի որ այն ժամանակ առաջին ատյանի դատարանը հօգուտ տարածքի տիրոջ՝ Յուրի Վարդանյանի էր կայացրել վճիռը: Առաջին ատյանի դատարանի այն ժամանակավա դատավոր Էդիկ Ավետիսյանը նրա հողի սեփականության գրանցման վճիռ էր կայացրել: Սակայն գործը հասել է Վճռաբեկ դատարան, և Արման Մկրտումյանի միջամտությամբ բեկանվել է:
 
«Եվ այսօր պարզվում է՝ պետական կարիքների անվան տակ կաշառք վերցնելու հետևանքով պետությանը հասցվել է ահռելի վնաս՝ 1,6 մլն դոլար: Եվ այդ գումարը վճարելու են ՀՀ հարկատուները: Բազմաթիվ նման դեպքեր կան, և սրա ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն ու Դավիթ Հարությունյանն են: Նրանք շատ լավ գիտակցում էին, թե ինչ են անում: Դավիթ Հարությունյանը շատ լավ գիտեր, որ այս հայցերը ՄԻԵԴ-ում բավարարվելու են: Դավիթ Հարությունյանը ժամանակին մեզ ասել էր, դրա տեսագրությունը կա, ասաց՝ ես խնդիր չունեմ, դիմեք Եվրոպական դատարան, բայց լավ իմացեք, ձեր հակառակորդը ես եմ լինելու և ձեզ խորհուրդ եմ տալիս լավ փաստաբան վերցնեք: Ասաց՝ եթե ՄԻԵԴ-ը կասի, որ ես սխավել եմ, ես իմ սխալը կուղղեմ: Այսինքն՝ ինքը շատ լավ գիտեր ինչ էր անում»,- ասաց Սեդրակ Բաղդասարյանը:
 
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը